«Մուսթաֆա Քեմալն այնպիսի մեծություն չէ, ինչպիսին կարծում եք». Թուրք պատմաբան

Թուրքիայում Աթաթուրքի և քեմալականների վերաբերյալ սկանդալային հայտարարություններով հայտնի պատմաբան Քադիր Մըսըրօղլուն դարձյալ հայտնվել է քեմալականների քննադատության թիրախում։

Վերջերս քեմալական շարժման մասին խոսելիս՝ «Երանի հույները հաղթեին» արտահայտությամբ կրքեր բորբոքած Մըսըրօղլուն հերթական հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ Մուսթաֆա Քեմալը Աթաթուրքն այպիսի մեծություն չէ, ինչպիսին կարծում են։

«Աթաթուրքի թշնամի» պիտակավորված պատմաբանը խոստովանել է, որ ամենևին հեշտ չի եղել իր համար Աթաթուրքին քննադատելը, քանի որ միշտ ստիպված է եղել ինչ-որ բանով հատուցել այդ թշնամության դիմաց։

«Երբ աշակերտ էի, չեմ հիշում ինչ ասացի (խմբ. Աթաթուրքի հասցեին), բայց մեկ շաբաթով ինձ վտարեցին դպրոցից։ Լիցեյում նկարը պատռեցի, երեք օրով վտարեցին։ Համալսարանում նրան հակառակ մի բան ասացի, դրանից հետո ինձ մատնացույց էին անում՝ որպես Աթաթուրքի թշնամի։ Բայց ես գիտակցված եմ գնացել այդ քայլին. գիտեի, որ ասածներիս համար ինչ-որ գին պետք է վճարեմ»,-ասել է Մըսըրօղլուն։

Պատմաբանն ընդգծել է նաև, որ այս պահին իր դեմ 18 դատական հայց կա ներկայացված։ Բողոքողներից առաջինը Թուրքիայի կոմունիստական կուսակցությունն է, երկրորդը՝ Ժողովրդական կուսակցությունը։ Մըսըրօղլուն նշել է, որ հպարտանում է այդ բողոքներով։

Հիշեցնենք, որ թուրք պատմաբանի թերևս ամենազավեշտալի սկանդալային հայտարարություններից մեկը վերաբերում էր աշխարհահռչակ անգլիացի գրող Շեքսպիրին։ Ըստ Մըսըրօղլուի՝ Շեքսպիրն իրականում մահմեդական է եղել: «Շեքսպիրն անգլիացի չէր: Անգլիայում ոչ Շեքսպիրից առաջ, ո՛չ էլ հետո այդ անվամբ որևէ մարդ չի եղել: Շեքսպիրի իրական անունը Շեյխ Փիր է: Նա ծպտյալ մամեդական էր»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով