«Մենք մաքուր ձեռքերով մոտեցանք այս ընտրություններին». ՍԻՄ նախագահի ուղերձը արտահերթ ընտրությունների կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ

«Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցությունը 30 տարի է, ինչ ամենաակտիվ կերպով գործում է Հայաստանի քաղաքական դաշտում,  հստակ հետեւելով իր սկզբունքներին ու պայքարելով հանուն  մեր Հայրենիքի ու Ազգի: ՍԻՄ-ը կանգնած է Հայաստանի անկախության ակունքներում, ունեցել է հսկայական ներդրում Արցախի վերամիավորման հարցում: Մշտապես պայքարել է ու պայքարում է ազգային արժեհամակարգի պահպանման , Հայաստանի իրական ինքնիշխանության, անվտանգության , ինչպես նաեւ երկրում արդարության, քաղաքացիների իրավունքների պաշտպանման համար: Արտաքին քաղաքական ուղղություններում ՍԻՄ-ը մշտապես  հանդես է եկել Ռուսաստանի հետ ամենասերտ դաշինքի օգտին:

Այսօր, երբ մեր աչքի առաջ մեր երկիր են թափանցում ամենազզվելի ու կեղտոտ, հակաքրիստոնեական բարքերը, երբ հարված է հասցվում  մեր ազգային արժեհամակարգին, երբ փորձում են քայքայել Հայ Առաքելական եկեղեցու եւ Հայ Ընտանիքի  դարերով ձեւավորված ինստիտուտները, երբ  դավեր են նյութվում  Հայաստանի անքակտելի մաս հանդիսացող Արցախի նկատմամբ, երբ մեր համաքաղաքացիների  իրավունքները  շարունկավում են ոտնահարվել, երբ հարուստները շարունակում են հարստանալ, իսկ աղքատները էլ ավելի աղքատանալ, երբ օլիգարխները  կրկին մնում են երկրում իրավիճակ թելադրող, իսկ իրենց քրտինքով ապրող ազնիվ ու պարկեշտ քաղաքացիները նորից ստիպված են արտագաղթել, ՍԻՄ-ը չի լռելու եւ մեր պարտքն ենք համարում բարձրացնել մեր ձայնը  հանուն Հայաստանի, Հայ Ընտանիքի, մեր Հավատքի, հանուն Քաղաքացու:

Արտահերթ ընտրությունների նշանակման հապճեպությունը ու տիրող հակաժողովրդավարական մթնոլորտը թույլ չտվեցին մեզ այնպես նախապատրաստվել ԱԺ ընտրություններին, որպեսզի ձեւավորեինք բավարար ռեսուրսներ ինքնուրույն մասնակցելու այս ընտրապայքարին, ինչպես մեզանից ակնկալում էին մեր բազմաթիվ կողմնակիցները: Մի շարք կուսակցություններ, որոնք մեզ մոտ էին իրենց գաղափարախոսական դրույթներով եւ կարող էին ստեղծել մեզ հետ դաշինք հրաժարվեցին  պայքարից: Սակայն քաղաքականությունը  հնարավորությունների արվեստ է եւ այս տեսանկյունից միակ ճիշտ ճանապարհը  ՍԻՄ կուսակցության համար այս ընտրապայքարում իր գաղափարախոսությունը ներկայացնելու համար  Հանրապետական կուսակցության շուրջ ձեւավորված ազգային պահպանողական դաշնության մեջ մտնելն էր, որտեղ են նաեւ մեզ գաղափարախոսությանբ մոտ  «Ազգային Միաբանություն» եւ «Ռեֆորմիստների» կուսակցությունները: Այսօր Հանրապետական կուսակցության ցուցակի շրջանակում  մեր չորս կուսակցությունները ձեւավորեցին ազգային պահպանողականության  գաղափարական բեւեռ: Բոլոր այլ կուսակցությունները, որոնք հայտ են ներկայացրել մասնակցելու այս ընտրապայքարին, ներկայացնում են այլ գաղափարախոսություններ, որոնց մի մասի հետ մենք համաձայն չենք, իսկ մյուս մասն էլ համարում ենք խիստ վտանգավոր մեր պետության ու ազգի ապագայի համար:

Սիրելի հայրենակիցներ, Դուք գիտեք, որ մեր կուսակցությունը երբեք չի շեղվել իր գաղափարախոսությունից: Ամեն օր պայքարել է մեր ազգի եւ հայրենիքի ապագայի համար, մեր քաղաքացիների իրավունքների համար: Մենք երբեք  չենք վախեցել ասել ճշմարտությունը եւ ունենք անբիծ կենսագրություն: Մենք ապրում ենք այնպես, ինչպես մեր ժողովրդի մեծ մասը, ծանոթ եք  Հայաստանի շարքային քաղաքացու առօրյա դժվարություններին եւ ապագայի նկտամամբ ունեցած մտավախություններին, ինչպես նաեւ երազանքներին եւ իղձերին: Մենք մաքուր ձեռքերով մոտեցանք այս արտահերթ ընտրություններին, երբեք խառնված չլինելով հակաազգային խաղերի մեջ, չունենալով մեր շարքերում կոռումպացված ու թալանչի չինովնիկներ, ժողովրդի հաշվին իրենց հարստությունը դիզած օլիգարխներ: Մենք կլինենք անկոտրուն եւ սկզբունքային ընդդիմություն, ինչի կարիքը ունի ապագա խորհրդարանը:

 

ՍԻՄ-ը ՀՀԿ ցուցակի մեջ ներկայացված է պատգամավորի 5 թեկնածուներով եւ բոլոր այն քաղաքացիները, ովքեր անհրաժեշտ են համարում, որ ՍԻՄ կուսակցությունը շարունակի իր գործունեությունը ապագա Ազգային ժողովում  կարող են մեզ ձայն տալ ՀՀԿ ռեյտինգային ցուցակներում ընդգրկաված 5 պատգամավորության թեկնածուների անունների դիմաց համապատասխան նշում կատարելով, վստահ լինելով, որ աջակցում են քաղաքական փորձառություն , անբիծ պատմություն, ազգային գաղափարախոսություն, հասարակ քաղաքացու շահերը պաշտպանող  եւ Ռուսաստանի հետ  բարեկամությունը ամրապնդող մի քաղաքական ուժի` «Սահմանադրական Իրավունք Միությանը», որը երբեք չի նագանջի իր սկզբունքներից:

Կեցցե Հայ Ազգը, Հայոց Միացյալ Պետությունը, Հայ Եկեղեցին, Հայ Ընտանիքը, Հայաստանի Աշխատավոր Ժողովուրդը:

Բոլորիս բարի երթ:

Հայկ Բաբուխանյան

Հ.Գ.

ՍԻՄ թեկնածուները առաջադրված են հետեւյալ ընտրատարածքներում.

Հայկ Բաբուխանյան     —   2.  Արաբկիր, Դավիթաշեն, Աջափնյակ

Գեղամ Մարգարյան     —    4.  Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մառաշ, Նուբարաշեն

Ժիրայր Մկրտչյան        —    7.  Արագածոտն

Արտակ Գրիգորյան       —   10. Կոտայք

Ներսես Ներսիսյան        —   11. Շիրակ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով