Հիմա սա «թողեք աշխատենք»-ի՞, թե՞ «հետո կսովորենք»-ի շարքից է. Արփինե Հովհաննիսյանը՝ Վենետիկի հանձնաժողովում ՀՀ Ընտրական օրենսգրքի քննարկումների մասին

Ընտրական օրենսգրքի շուրջ խորհրդարանում ընթացքող քննարկումները կարելի էր փայլուն անվանել, եթե դրանք տեղի չունենային ընտրությունների անցկացումից 42 օր առաջ, այսօր խորհրդարանում ասաց ԱԺ փոխնախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

«Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս չկա, և դա այն պարզ պատճառով, որ ոչ թե մենք չենք ուզում այս կամ այն համակարգը, կամ այս կամ այն օրենսգիրքը, այլ կրկնում եմ՝ 42 օր առաջ ընտրական օրենսգիրք չեն փոխում», – ասաց ԱԺ փոխնախագահը։

Նա անդրադարձավ Վենետիկի հանձնաժողովում ընթացած քննարկումներին՝ ընդգծելով, որ հանձնաժողովը ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ որևէ բանաձև չի ընդունել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Երբ կառավարության բարձրաստիճան պաշտոնյան, որը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի նիստին ասում է հետևյալը, մեջբերում եմ՝ «Պարոն Բուքիքյոն մեկ առ մեկ թվարկեց առաջարկվող փոփոխությունները՝ առաջին տասնյակը հիմնական փոփոխությունների, ու նշեց, որ դրանք բոլորը հիմնականում դրական են և նաև ասեց, որ, իհարկե, դրական լինելով հանդերձ՝ Վենետիկի հանձնաժողովը կարևորում է ընտրական գործընթացների ստաբիլությունը և կայունությունն, այդ թվում՝ շատ ավելի մեծ ժամկետով վաղօրոք հստակեցված ընտրական օրենսդրությունը, բայց նաև ասաց, որ հասկանում ենք Հայաստանում ստեղծված առանձնահատուկ իրավիճակը և, եթե կա քաղաքական համաձայնություն, ապա՝ խնդիր չեմ տեսնում։ Որից հետո հարցրեց հանձնաժողովի անդամները համակարծիք են արդյոք առաջարկներին, որևէ առարկություն կա՞, առարկություն չհնչեց, բանաձևը համարվեց հաստատված»։ Հարգելի′ գործընկերներ, հիմա սա «թողեք աշխատենք»-ի՞, թե՞ «հետո կսովորենք»-ի շարքից է։ Վենետիկի հանձնաժողովը բանաձև չի հաստատել, խնդրում եմ մտնել կայքը և նայել, հանձնաժողովում Հայաստանի հարցի վերաբերյալ ընդամենը եղել է կարծիքների փոխանակություն։ Դժվար չէ՝ ընթերցեք», – ասաց Արփինե Հովհաննիսյանն՝ ավելացնելով.

«Ի դեպ, էս ափալ-թափալ ընտրությունների առաջին բացասական հետևանքը ընդամենը մեկ շաբաթ հետո կլսեք։ Հետո չասեք՝ չէին զգուշացրել»։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ «Հանրապետական» խմբակցությունը պատրաստ է եղել ԸՕ շուրջ կոնսենսուսի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հնարավոր եղել է նաև ընտրակարգի շուրջ կոնսենսուս, եթե Կառավարությունը պատրաստ լիներ քննարկել, այս ընտրակարգն ինչ-որ տարրերով համալրելը կամ գոնե այս ընտրակարգը ժամանակավոր համարելն, իսկ ռեյտինգայինը մյուս ընտրություններին կիրառելու հարցը», – ասաց Արփինե Հովհաննիսյանն ու որպես հետգրություն նշեց, որ ցանկանում է անդրադառնալ քաղաքական սկզբունքայնություն հասկացությանը:

«Քաղաքական սկզբունքայնությունը ենթադրում է հարմարավետության ու խիզախության միջև ընտրություն կատարել հօգուտ քաղաքական խիզախության։ Քաղաքական սկզբունքայնությունը ենթադրում է արագի ու, այսպես ասենք, հեշտի միջև ընտրություն կատարել հօգուտ ճշմարիտի։ Որքանով են այս կամ այն ուժերը դրսևորել քաղաքական սկզբունքայնություն՝ կդատեն իրենք ու պատմությունը։ Քաղաքական հեռատեսությունը ենթադրում է տեսնել մակերեսից այնկողմ, իսկ մակերեսից այնկողմ մարտահրավերներն են, որոնց առերեսվելու ենք։ Մակերեսից այնկողմ Հայաստանի Հանրապետությունն է, ՀՀ քաղաքացին, ոչ թե սպիտակներն ու սևերը, այլ՝ մենք բոլորս։
Ի դեպ, քաղաքական որպիսությունը հարցրածների և այդ որպսիությանը դրական պատասխանածների քվեարկությունը քաղաքական կոնսենսուս չէ», – իր ելույթն ավարտեց Արփինե Հովհաննիսյանը։

magnis.news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով