Օրեր առաջ Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն ստորագրեցին, որում ասվում էր. «Պաշտպանում ենք 2018թ. դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:
Ստորագրողների ցանկում մի քանիսի անունները շատերի զարմանքն առաջացրեց։ «168 Ժամի» տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության որոշ գործարար պատգամավորների հետ «համոզելու» ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ են տարվել անձամբ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։
Ըստ նույն աղբյուրների՝ վերջինս ԱԱԾ ընդունելությունների տանը հանդիպել է գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Հակոբ Հակոբյանի («Կիլիկիա»), Արայիկ Գրիգորյանի (Ավշար), Հարություն Կարապողոսյանի (Սնղչի) հետ։
Բայց սա չէ ամենահետաքրքիրը, այլ այն, որ նշյալ վայրում այդ գործարար պատգամավորներին՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների նախաձեռնած հայտարարությանը միանալուն համոզողների թվում է եղել նաև ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ով օրերս, ի զարմանս շատերի, նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում։ Մեր տեղեկություններով՝ նրանց համոզողներից է եղել նա ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
168.am