«Փաշինյանը և Միրզոյանը բացահայտ ստում են». Էդուարդ Շարմազանով. 168.am

Օրեր առաջ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում լուր էր հրապարակվել, համաձայն որի` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջերս հանդիպել են: 168.am-ի հետ զրույցում տվյալ տեղեկությունը հերքեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը.

«Այդ տեղեկատվությունը բացարձակ անհեթեթություն է և հիմարություն: Ինչպես նաև անհեթեթություն և սուտ են վարչապետ Փաշինյանի օրերառաջ արած այն պնդումները, թե նախկին իշխանությունները 20 տարի շարունակ ցանկացել են նրա հետ գործարքների գնալ: Պաշտոնապես հայտարարում եմ՝ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ նախկին իշխանությունները երբևէ Նիկոլ Փաշինյանի հետ գործարքների գնալու ո՛չ ցանկություն են ունեցել, ո՛չ նպատակ ու ո՛չ էլ երբևէ գնացել են գործարքների: Փաշինյանի այդ պնդումները բացարձակ սուտ են, նա ուղղակի ստում է: Բացահայտ սուտ է թե՛ մամուլի այդ հրապարակումը, թե՛ Փաշինյանի պնդումը»:

Հիշյալ կայքի հետ զրույցում Է. Շարմազանովը մեկնաբանել է նաև այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն անձամբ զանգահարել է տարբեր պատգամավորների, ճնշում գործադրել, որպեսզի գնան նիստի և մասնակցեն նաև Ընտրական նոր օրենսգրքի փոփոխությունների քննարկմանը և քվեարկությանը: Լրագրողների հարցին ի պատասխան Ա. Միրզոյանը չէր հերքել, որ զանգահարել է պատգամավորնեին և փորձել ճշտել նրանց դիրքորոշումները. «Ես մի քանի պատգամավորի զանգել եմ, նախ՝ որպիսությունը հարցնելու, հետո՝ նրանց դիրքորոշումը հասկանալու համար»,-ասել է Միրզոյանը.

«Միրզոյանն ասել է, որ եղել են զանգեր, և նշել է, որ ցանկացել է նրանց դիրքորոշումը հասկանալ: Այդ կարծիք ճշտելը ոչ այլ ինչ է, քան ճնշում պատգամավորների վրա: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այո՛, եղել են Միրզոյանի և իշխանության առանձին այլ ներկայացուցիչների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից թե՛ հրապարակային ճնշումներ, թե՛ զանգերի տեսքով… Եթե ճնշում ասելով իրենք հասկանում են, որ փայտը պետք է առնեն ու սկսեն ծեծել Հանրապետական պատգամավորներին, խոսքը դրա մասին չէ: Ցանկացած զանգ ընդդիմադիր պատգամավորի՝ ոչ այլ ինչ կարող է դիտվել, քան ճնշում: Սուտ են այն պնդումները իշխանության կողմից, թե նրանք զանգերով չեն փորձել ճնշում գործադրել պատգամավորների վրա: Կրկնում եմ, ճնշում գործադրելը՝ ատրճանակը ճակատին դնելն ու խփելը չէ»:

ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ եթե կարիք լինի՝ իրենց ունեցած փաստերը կներկայացնեն միջազգային կազմակերպություններին ու միջազգային մամուլին.
«Երբ կարիքը լինի, մենք ամեն ինչ էլ կներկայացնենք: Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ այս 6 ամիսների ընթացքում բազմաթիվ անգամներ նախկին իշխանությունների ներկայացուցիչները ենթարկվել են ճնշումների՝ և՛ շանտաժի, և՛ սպառնալիքների: Վարչապետի ցանկացած հրապարակային ելույթ նայեք, մեծ մասը ճնշումներ են, շանտաժ և սպառնալիքներ են»,- եզրափակեց Շարմազանովը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով