ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Թորոսյանը արժեզրկում է բժշկական ոլորտը. ուղղակի ապտակ բժշկի մասնագիտությանը

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հերթական ուշագրավ որոշումն է կայացրել, որի անունը դրել է «շրջադարձային, կարծրատիպեր կոտրող ռեֆորմ»: Իսկ ո՞րն է այն: Նա ոչ աշխատանքային՝ կիրակի օրով ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, թե «Այլևս չի լինելու դեռեւս խորհրդային տարիներից պահպանված, առողջապահության նախարարի կողմից նշանակվող «Գլխավոր մասնագետների ինստիտուտը»։ Բժիշկ մասնագետի որակավորումը չպետք է որոշվի նախարարի հրամանով, այլ հակառակը՝

նրա կրթությամբ, աշխատանքային փորձով… եւ այլն»: Նկատենք, որ այս նախադասությամբ նախարարը հակասում է ինքն իրեն. հայտարարում է, թե չի ընդունում նախարարի կողմից նշանակվող բժիշկների «ինստիտուտը», բայց ինքն է անում նույն նշանակումները՝ պարզապես գլխավոր մասնագետ որակումը փոխարինելով «խորհրդատու» ձեւակերպմամբ: Նրա մեկնաբանմամբ` «Նորանշանակ խորհրդատուները օգնելու են առողջապահության նախարարությանը ոլորտային քաղաքականության մշակման, ոլորտում տիրող իրավիճակի վերլուծության եւ տարբեր փորձաքննությունների իրականացման գործում»:

Նշենք, որ ինչպես մյուս բոլոր որոշումները, այս մեկն էլ նախարարը կայացրել է առանց մասնագիտական շրջանակների հետ խորհրդակցելու, իսկ բժշկությունը յուրօրինակ մասնագիտություն է, եւ խորհրդակցելը այստեղ, անկախ կարգավիճակից, երբեք ամոթ չէ: Իսկ բժիշկների համար «գլխավոր մասնագետը» պարզապես տիտղոս է, այլ ոչ վարձատրվող աշխատանք: Բայց անգամ տիտղոսազրկումը նախարար Թորոսյանը արել է մարդու իրավունքների ոտնահարման վառ դրսեւորումներով: Նա անվանի, վաստակ ունեցող 4 տասնյակից ավելի բժիշկներին ուղղակի արհամարհելով` գիշերով հայտարարել է, որ նրանք

հեռացված են: Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ պետք է նախ շնորհակալություն հայտներ վաստակաշատ բժիշկներին ցտեսություն ասելուց առաջ՝ նախապես տեղեկացնելով նրանց իր որոշման ու դրա պատճառների մասին: Նշենք, որ նախարարը տիտղոսից զրկել է այնպիսի անվանի բժիշկների, ինչպիսիք են ՀՀ վաստակավոր բժիշկ, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը, ԵՊԲՀ Ստոմոտոլոգիայի ֆակուլտետի դեկան, ստոմոտոլոգների ասոցացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Լազար Եսայանը, Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական

կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը, «Աստղիկ» ԲԿ-ի նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը եւ այլոք: Լուրեր կան, որ նա իր մտերիմներին է նշանակել խորհրդատուներ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել նորերը, նախարարությունից պատասխանեցին, թե «պրոֆեսիոնալիզմի»: Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի ապտակ է բժշկի մասնագիտությանը եւ արժեքների ոչնչացում:

Մանրամասները՝ Armlur -ի տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով