ՆՈՐ ՈՒԺԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՆԳԱՄ ՀԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հոկտեմբերի 29-ի ԱԺ արտահերթ նիստում կրկին կքննարկվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, սակայն մեծ է հավանականությունը, որ այն այս անգամ էլ չի ընդունվի։ Ավելին՝ կան տեղեկություններ, որ գուցե ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում նախագիծը չհաստատվի՝ որոշ պատգամավորներ «հիվանդ» լինեն կամ երկրից բացակայեն, իսկ ՀՀԿ-ականները մտադիր են նախորդ անգամվա պես բոյկոտել նիստը։ Եթե Նիկոլ Փաշինյանին չհաջողվի մոբիլիզացնել հեղափոխականներին ու իրենց կողմն անցած ՀՀԿ-ականներին, ապա կստացվի, որ դեկտեմբերյան արտահերթ ընտրությունները կկայանան գործող Ընտրական օրենսգրքով, որի ռեյտինգային մոդելը, փորձագետների գնահատմամբ, հնարավորություն կտա ՀՀԿ-ին եւ ընդհանրապես ֆինանսական ռեսուրսների տիրապետող այլ ուժերի անցնել խորհրդարան կամ ավելի հաջող արդյունքներ գրանցել։ Իսկ ի՞նչ պայմաններ կստեղծվեն մյուս ուժերի համար, հատկապես նորերի, որոնց համար ռեյտինգային ցուցակներ կազմելը լուրջ խնդիր է։

Հիշեցնենք, որ ռեյտինգային ցուցակներում յուրաքանչյուր կուսակցությունից 13 ընտրական օկրուգներում նվազագույնը 5-ական թեկնածու պետք է առաջադրվի, յուրաքանչյուր 10 հազար ընտրողի հաշվով՝ 1 թեկնածու։ Սա ավելին է, քան մեծամասնականը, այն գրեթե շանս չի թողնում ընդդիմադիր կուսակցություններին, որոնք տեղերում բավարար թվով թեկնածուներ չունեն։ 2017-ին ռեյտինգային ցուցակների շնորհիվ երեւաց բոլորի «կշիռը»։ Մանավանդ, Հանրապետականի օգտին աշխատեցին բոլորը՝ ե՛ւ պատգամավոր դառնալ ցանկացողները, ե՛ւ գործադիրում գտնվողները, ե՛ւ բիզնեսմենները, որ հետագայում ապրելու-շնչելու հնարավորություն ունենան։ Անգամ շարքային վարչության պետերը, փոխնախարարները, թաղապետերը ստիպված էին առաջադրվել եւ ձայներ բերել «հարազատ» կուսակցությանը։

Հետեւաբար, այս տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի թիմը խնդիրներ չի ունենա՝ թեկնածուներն իրենք կգան եւ ամեն ինչ կանեն իշխանական ուժի ցուցակում հայտնվելու եւ նրան ծառայություններ մատուցելու համար։ Բայց մեծ եւ իշխանական կուսակցություններից զատ, մյուսները դեմ են ռեյտինգայինին։ ՀՅԴ-ում, օրինակ, ընդդիմացան այս մոդելին, հիմա առավել եւս կողմնակից չեն։ «Ժառանգության» վարչության փոխնախագահ Սուսաննա Մուրադյանը վերահաստատում է իրենց ուժի մոտեցումը․ «Ռեյտինգային ընտրակարգը ՀՀԿ-ի համար ստեղծված ընտրակարգ է, որովհետեւ այն կուսակցությունները, մասնավորապես՝ ՀՀԿ-ն, որը ռեսուրսներ ունի, փորձելու է ամեն ինչ անել, որ թաղային հեղինակությունների, օդիոզների տանի խորհրդարան»։ Նրա խոսքով՝ գործող ԸՕ-ով ընտրությունների գնալը իրենց նման կուսակցությունների գործը բարդացնելու է․ «Որովհետեւ, այսպես թե այնպես, խորհրդարանում «ՔՊ»-ն է մեծամասնություն ձեւավորելու, իսկ այս մոդելի գործարկման պարագայում կա վտանգ, որ մնացած տեղերը կզբաղեցնեն նախկին իշխանության ներկայացուցիչները»։ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը ԲՀԿ-ի մասով վերապահում ունի, ասում է, թե ԲՀԿ-ն չի օգտվի այդ ընտրակարգի հնարավորություններից, իսկ թե ինչու՝ չի բացատրում։

«Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը, մինչդեռ, համոզված է, որ քաղաքական նոր իրողության պայմաններում այդ ընտրակարգն էական դերակատարում չի ունենա․ «Իրավիճակը շատ տարբեր է եւ, բնականաբար, չի կարող այն ազդեցությունն ունենալ, ինչ նախկինում, բայցեւայնպես, այս մոդելը հնարավորություն է տալիս օդիոզ դեմքերին ինչ-որ չափով սողոսկել խորհրդարան, ինչ չափով՝ կերեւա առաջիկայում»։ Ավետիսյանը խոստովանում է՝ ցանկալի էր բացառապես համամասնական ընտրակարգով մասնակցել, բայց, ինչպես բոլորը, իրենք նույնպես պատրաստ են մասնակցել նաեւ գործող ԸՕ-ով․ «Իհարկե, մեզ համար անսպասելի չի լինի, մենք հետեւում ենք քաղաքական գործընթացներին եւ զարգացումներին»։

Նորաստեղծ «Այլընտրանք» կուսակցության ղեկավար Էդգար Առաքելյանի կարծիքով՝ նախկին իշխանությունների վերարտադրությունն ապահոված ռեյտինգային ընտրակարգից անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգին անհրաժեշտություն է։ «Ակնհայտ է, որ ռեյտինգային ընտրակարգը նախորդ համակարգի մնացուկները պահպանելու վերջին ճիգերն է, որին իրենց քողարկված աջակցությունն են ցուցաբերում այդ համակարգի մաս հանդիսացած որոշ ուժեր եւ անհատներ, ու բացառված չէ, որ առաջիկա արտահերթում նույնպես ականատես լինենք Ընտրական օրենսգրքի քվեարկության հերթական տապալմանը: Ռեյտինգային համակարգը խնդրահարույց է հատկապես նորաստեղծ քաղաքական ուժերի համար՝ հաշվի առնելով նաեւ այն, որ տարածքային ցուցակները պետք է ներառեն առնվազն 5 թեկնածու, իսկ եթե դրան ավելացնում ենք ընտրագրավի բավականին բարձր շեմն ու արտահերթ ռեժիմով ընտրությունների անցկացումը, ապա այս իրավիճակը նորաստեղծ քաղաքական ուժերի համար ընտրություններին մասնակցելու լուրջ խոչընդոտներ է ստեղծում»։

Նախկին ԲՀԿ-ական, ներկայումս Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանն էլ ասում է, որ քննարկվող ընտրակարգն ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմ։ «Փոքր կուսակցությունների համար, որոնք ճանաչված չեն, գուցե ռեյտինգայինը դրական լինի, որովհետեւ հոգեբանորեն մարդիկ ընտրում են մարդկանց, ոչ թե կուսակցությանը։ Այնուամենայնիվ կարծում եմ՝ ճիշտը համամասնական ընտրակարգն է»,- ասում է նա։ Թեպետ իր ղեկավարած ուժը դեռ չի որոշել ընտրություններին մասնակցության իր նախընտրելի ֆորմատը, առավել հակված են դաշինքով մասնակցությանը, բայց կարծում է, որ առանձին գնալու դեպքում էլ ռեյտինգային թեկնածուների պակաս չեն զգա․ «Թեկնածուներն իրենք մեզ կգտնեն, քանի որ կարծում եմ՝ շատ մարդիկ ցանկանում են մտնել ԱԺ»։

 

 

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Աղբյուր` Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով