Հուսանք, կովերի կաթնատվությունը կախված չէ արտահերթ ընտրություններից. Սպարտակ Սեյրանյան

Երբ խորհրդարանում եւ առանձին հանդիպումներում պայմանավորվում էինք մեկ տարվա ընթացքում ընտրությունների մասին, մենք հասկանում էինք, որ այդ ընթացքում ցանկացած ժամկետ տեղավորվում է այդ պայմանավորվածության մեջ:

Այսօր այդ մասին խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը` հավելելով, որ ՀՅԴ-ի համար խնդիրը ոչ թե դեկտեմբերին կամ մայիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է, այլ` ի՞նչ քայլերից հետո են այդ ընտրություններն անցկացվում:

ՀՅԴ-ում, հիշեցնենք, կարծում են, որպեսզի արտահերթ ընտրությունները ոչ թե հավելյալ հարցեր առաջացնեն, այլ փակեն եղածները`հանգուցալուծելով ներքաղաքական կյանքը բովանդակային եւ քաղաքական հարթություններում, պետք է ԸՕ-ի փոփոխություններ կատարվեն, ոստիկանության ենթակայությունը պետք է փոփոխվի`բերելով կառավարության ենթակայության տակ, քանի որ առաջիկա ընտրություններում ոստիկանությունը լուրջ դերակատարում է ունենալու: Եվ որ արտահերթ ընտրությունները չլինեն զուտ ֆորմալ առումով օրենքի տառին համապատասխան, այլ բոլոր քաղաքական ուժերի համար մեկնարկային պայմանների ապահովմամբ, որ արտահերթ ընտրությունները լինեն ազատ մրցակցային պայմաններում:

«Եթե բոլոր քաղաքական ուժերը բանակցությունների`ոչ թե ճնշումների եւ վերջնագրերի արդյունքում կորոշեն, որ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերին, ուրեմն, թող ընտրությունները կայանան դեկտեմբերին: Մենք նորից հավատարիմ ենք մնում մեր դիրքորոշմանը`վարչապետի թեկնածու չենք առաջադրի ե որեւէ կերպ չենք խոչընդոտի, որ արտահերթ ընտրությունները հրատապ կամ վարչապետի խոսքերը կրկնեմ`ափալ-թափալ, լինեն դեկտեմբերին: Մենք երբեւէ չենք խանգարի քաղաքական կոնսենսուսի կայացմանը»,- ասաց Սպարտակ Սեյրանյանը: Կառավարության կայքէջում արդեն տեղադրված է ԸՕ-ի տարբերակը: Բայց եթե ասենք ԸՕ-ն չփոփոխվի, ոստիկանության ենթակայության հարցը չկարգավորվի, միայն երկխոսության եւ ընդհանուր հայտարարով խորհրդարանական բոլոր ուժերը կորոշեն գնալ արտահերթ ընտրությունների, ՀՅԴ-ն դարձյալ դեմ չի լինի: Բոլոր այն դիտարկումներին, թե ժողովուրդն է արտահերթ ընտրություններ ցանկանում, Սպարտակ Սեյրանյանը հակադարձում է`ինքը ժողովրդի կամքը չափելու մեկ գործիք գիտե`հանրաքվեն: Եթե հանրաքվե չկա, ինքը հակված չէ ժողովրդի որեւէ տոկոսի ցանկությունը դիտարկել իբրեւ ողջ ժողովրդի ցանկություն, բայց բոլորի դիրքորոշումներն էլ հարգում է: «Բոլոր այն փաստարկները, որ բերվում են, թե մարդիկ գիշերները չեն կարողանում քնել, որովհետեւ արտահերթ ընտրություններ չեն եղել, որ մարդիկ պարկերով փողերով սպասում են, թե երբ պիտի արտահերթ ընտրությունները լինեն, որ գան եւ բերեն ներդրումներ անեն կամ ինչպես սփյուռքի նախարարն է ասում`սփյուռքահայերը տները փնտրել-գտել են, տերերի հետ էլ պայմանավորվել են, բայց բնակարաններ չեն գնում, քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն կայացել, հուսամ, չեն շարունակի այս տրամաբանությունը`ասելով, որ կովերի կաթնատվությունը, ձյան քանակը, ամռան շոգերը նույնպես կախված են խորհրդարանական ընտրությունների հրատապ կայացումից:

Աղբյուր՝ Aravot.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով