«Դիվանագիտության մեջ ընդունված է, որ գնացող դեսպաններն են հաճախ առավել կտրուկ արտահայտվում». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարությունը և արձագանքները բացահայտեցին մի քանի կարևորագույն մարտահրավերներ:

1. Դեսպանի պաշտոնավարման վերջին օրերին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հայտնած տեսակետը, աներկբա է, որ մասնավոր կարծիք չէր: Դիվանագիտության մեջ ընդունված է, որ գնացող դեսպաններն են հաճախ առավել կտրուկ արտահայտվում առկա խնդիրների վերաբերյալ, փաստացի բացահայտելով տվյալ երկրի իրական մտադրությունները:

2. Այդ հայտարարությունն ընդգծեց, որ կարգավորման գործընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրների շրջանակներում ձեռք բերված երեք հիմնարար մոտեցումները ոչ թե ինքնըստինքյան են տրվել, այլ հայկական կողմի դիվանագիտական ջանքերի արդյունք են եղել:

3. Հարցին անդրադառնալու հիմնական բեռը մնաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, ով իրեն հյուրահատուկ ոճով փորձեց ցրել խնդիրը, վերագրելով այդ միտքը «գնացող դեսպանին»: Սա տակտիկապես հասկանալի հնարք է, բայց իրականության մեջ միայն բազմապատկում է հայ հասարակության անհանգստությունները:

4. Ղարաբաղյան կարգավորման գործընթացքում նոր իշխանությունները չեն կարող անվերջ մնալ նոր մոտեցումների դիվանագիտական արտահայտման ամորֆ փնտրտուքի մեջ: Պատահական չէ, որ անգամ իշխանափոխությունից հետո ԼՂ հիմնախնդրին վերաբերող բանաձևերում նոր իշխանությունները նորից ստիպված են ապավինել մեր օրոք արած մշակումներին, օրինակը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Կոնֆլիկտների մասին ընդունված բանաձևն է:

5. Դեսպանի հայտարարությունը բացահայտեց նաև պետության քաղաքական դիմադրողականության անկումը, երբ մեկ ուժի տոտալ մենիշխանության պարագայում թուլացած են պատեհ պահին պետական շահերի պաշտպանության բեռն իրենց վրա վերցնելու պատրաստ ուժերի ռեսուրսները: Սա ևս մեկ անգամ ընդգծում է քաղաքական բազմակարծություն ունենալու կարևորությունն ապագա խորհրդարանում, ուժեղ արմատական ընդդիմությամբ, որը հարկ եղած դեպքում իր վրա կարող է վերցնել տարաբնույթ աշխարհաքաղաքական խաղերին հակազդելու ծանրությունը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով