«Այլակարծության չընդունման երևույթը բնորոշ է միայն Հայաստանին». ZEIT-Stiftung հիմնադրամի գործադիր տնօրեն

«Պրոֆեսիոնալ լրագրողը փորձում է ցանկացած իրավիճակում նպաստել իրադրության դրական փոփոխությանը, ուստի այսօր լրագրողների դերը խոսքի ազատության տարածման ու ամրապնդման, ժողովրդավարության կայացման գործում շատ մեծ է»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ZEIT-Stiftung հիմնադրամի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Մայքլ Գորինգը։

Խոսելով Հայաստանում և միջազգային մեդիայի առջև ծառացած խնդիրների և խոսքի ազատության մասին, Մ. Գորինգը փաստեց, որ Հայաստանի մասով դժվար է կոնկրետ որեևէ բան ասել։

«Այս տարվա մայիս ամսին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նկատեցինք, որ այստեղ պոտենցիալ կա դրական փոփոխությունների առումով։ Շատ ուրախ ենք այս ամենի համար, հատկապես, որ նման անցում տեղի է ունենում առանց զոհերի։ Մեզ մոտ հետաքրքրություն են առաջացրել հենց այս փոփոխությունները, այդ պատճառով էլ որոշեցինք «Ազատ լրատվամիջոց-2018» մրցանակաբաշխություն անցկացնել Երևանում»,- ասաց Մայքլ Գորինգը։

Ըստ նրա, միջազգային լրատվամիջոցներն այսօր ևս ունեն բազմաթիվ խնդիրներ, քանի որ տարբեր երկրներում, տարբեր մակարդակով ճնշումները մեդիադաշտի վրա շարունակում են մնալ՝ որպես մտահոգվելու առարկա։

«Այդուհանդերձ, գնալով արդարության և ճշմարտության ճանապարհով, շատերին հաջողվում է ազատվել ճնշումներից։ Մեր կողմից տրվող «Ազատ լրատվամիջոց» մրցանակով մենք ցանկանում ենք ցույց տալ, որ լրատվամիջոցներն այդ ճանապարհին միայնակ չեն, և նրանց աշխատանքը գնահատվում և խրախուսվում է»,- շեշտեց Մայքլ Գորինգը։

Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո այլակարծության չընդունման միտումներին, մեր զրուցակիցը նկատեց, որ այս երևույթը բնորոշ է միայն Հայաստանին։

«Հուսանք, այս ամենը ժամանակավոր է, այդ պատճառով էլ հաջողություններ եմ մաղթում ՀՀ նորընտիր վարչապետին իր գործունեության մեջ»,- եզրափակեց Մ. Գորինգը։

 

Աղբյուր՝ 168.am

Զվարթ Խաչատրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով