Ամեն նոր չէ, որ առաջադեմ է, ամեն առաջադեմ չէ, որ օգտակար է. Էդ. Շարմազանով

Սիրելի հայրենակիցներ, վերջին ամիսների ընթացքում բազմիցս ներկայացրել եմ ներքաղաքական և արտաքին քաղաքական իրադրության վերաբերյալ իմ մոտեցումները, սակայն այսօր ձեռնպահ կմնամ նոր իշխանությունների թերություններն ու սխալները մատնանշելու գայթակղությունից և կներկայացնեմ իմ տեսակետը ոչ պակաս կարևոր հարցերի վերաբերյալ:

Խոսքն ազգային և քրիստոնեական արժեքների կարևորության, ինչպես նաև այդ արժեքների նկատմամբ համակարգված հակաքարոզչություն կազմակերպելու մասին է: Գաղտնիք չէ, որ ես ազգային-պահպանողական քաղաքական հայացքների տեր եմ, որը նաև մերժում է հեղափոխությունները:

Պահպանողականի համար բացարձակ արժեք են Աստված, Հայրենիք, ազգ, եկեղեցի: Շատերը սխալմամբ պահպանողականությունը փորձում են ներկայացնել հնի քարոզչություն, բայց իրականում այն ոչ թե հնի, այլ հավիտենականի արժևորում է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կուզեմ ասել` ամեն նոր չէ, որ առաջադեմ է, ամեն առաջադեմ չէ, որ օգտակար է:

Վերջին ամիսները լի էին մտահոգիչ իրադարձություններով` ներխուժում Մայր աթոռի վեհարան, հարձակումներ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա, նույնասեռականության բացահայտ քարոզ և նմանատիպ երևույթներ:

Որոշ մտահոգիչ հարցերին օրենսդրական կարգավորում տալու համար շուտով գործընկերներիս հետ հանդես կգանք մի շարք օրենսդրական նախաձեռնություններով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գործը հասել է նրան, որ որոշ ծայրահեղ գործիչներ  հարցականի տակ են դնում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման արդյունավետությունը դպրոցում: Անհանգստացնող է, որ նոր կառավարությունն այս կարևոր հարցի վերաբերյալ իր հստակ ու վերջնական կարծիքը չի ներկայացրել, ավելին՝ կառավարության ծրագրի ընդունման ժամանակ ԱԺ-ում այս կարևոր հարցի վերաբերյալ ուղիղ հարցադրում եմ արել Փաշինյանին,սակայն վերջինս գերադասեց չպատասխանել:

Անտեղյակներին ցանկանում եմ իրազեկել, որ պետականության բացակայության պայմաններում մեր եկեղեցին է իր վրա վերցրել հայ ազգի կրթության և պաշտպանության գործը: Թե՛ Ավարայրում և թե՛ Սարդարապատում մեր կաթողիկոսները կոչ արեցին ազգային համախմբման:

Ի տարբերություն արևմուտքի, մեր եկեղեցին ոչ միայն չի ճնշել գիտության և կրթության զարգացումը, այլ խրախուսել է այն: Վառ ապացույց են Անիի,Սսի,Գլաձորի, Տաթևի, Հաղպատի և Սանահինի համալսարանները:

Կրթությունը պե՞տք է ունենա ազգային նկարագիր, թե՞ ոչ: Համոզված եմ` այո:

Ինչպես կասեր Գարեգին Նժդեհը.

«Հայրենապաշտական հասարակությունը պետք է լինի մեր փրկության խարիսխը, հայ դպրոցը պետք է վերածվի հայրենագիտության տաճարի, որտեղ Հայրենիքի մասին չպետք է խոսվի ճիշտ այնպես, ինչպես Սահարայի անապատի մասին»:

Հետևաբար դպրոցներում ազգային և հոգևոր արժեքների դասավանդման արդյունքում կարելի է կրթել գաղափարապաշտ երիտասարդություն, իսկ այդ ամենին անհնար է հասնել առանց «Հայոց եկեղեցու պատմության» առարկայի դասավանդման:

Էդուարդ Շարմազանով

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով