Արման Մկրտումյանի տուն ներխուժած անձանցից մեկը ոստիկան է. նրան բերման են ենթարկել

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է օգոստոսի 28-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում զինված ավազակային հարձակումը կատարելու մեջ կասկածվող 2 անձանց ինքնությունը։ Ստացված տվյալները իրացնելով, օգոստոսի 31-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել

նույն գյուղի բնակիչ 1985 թվականին ծնված Մայիս Մկրտչյանին, որը ծառայում էր ՀՀ ոստիկանությունում, կոչումով՝ ավագ։ Հետագա միջոցառումներով իրավապահները Մարմարաշեն գյուղի հարակից դաշտում հայտնաբերել են «Կալաշնիկով» ինքնաձիգ և «Մակարով» ատրճանակ, որոնք, նախնական տվյալներով, հանցագործության գործիքներն են։

Մյուս անձին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ ոստիկանները շարունակում են ձեռնարկել ծավալուն միջոցառումներ։ Այսօր հայտնաբերվել և ոստիկանություն բերման են ենթարկվել այլ անձինք ևս, որոնց դեպքի հետ առնչությունը պարզվում է։

Հիշեցնենք որ, օգոստոսի 28-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22-ի սահմաններում դիմակավորված և զինված երեք հոգի ներխուժել են Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցում գտնվող առանձնատներից մեկը։ 30-ամյա տանտերը հոր հետ դիմադրություն է ցույց տվել․ գազային ատրճանակով կրակել է հարձակվողներից մեկի ուղղությամբ, որը զինված էր ինքնաձիգով։ Հայր և որդի նրան վնասազերծել են։ Ընթացքում հարձակվողներից երկուսը անկանոն կրակոցներ են արձակել ու փախել։

armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով