ՈՒՇՔԻ ԵԿԵՔ, ԵՐԿԻՐ ԵՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ. «Հրապարակ»

Իմ կողմից շատ հարգված, բարեկամության ամուր թելերով իմ ընտանիքի հետ կապված համալսարանական ամբիոնի վարիչ դասընկերս փոքրիկ բանավեճի ժամանակ հարցնում է` դու կողմ չե՞ս, որ մարտի 1-ը բացահայտվի: Չկա, երևի, այնպիսի հայ, որ չուզենա բացահայտված տեսնել այդ գործը, որ չուզենա լսել իսկական մեղավորների անունները: Բայց այն, ինչ այսօր կատարվում է մարտի 1-ն իբր բացահայտելու ուղղությամբ, թույլ է տալիս մտածելու միայն, որ ամեն ինչ արվում է այդ գործն ուռա աղմուկներով պարտակելու համար, որպեսզի վերջում զեկուցեն` տեսա՞ք, խոստացել էինք, կատարեցինք:

Պետք է ընդունել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքը, թե նա 2008թ. մարտի 1-2-ին տապալել է սահմանադրական կարգը, հետևանք է առնվազն կանխակալ մոտեցման: Ինչքան էլ ՀԱԿ-ն ու Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունեն ներկայացված մեղադրանքը, դրանում ակնհայտ երևում են հալածանքի տարրերն ու քաղաքական հետապնդումի երանգները, որոնք միով բանիվ մեկ բան են միայն նշանակում` այն, որ Հայաստանում անառողջ գործընթացներ են սկսվում: Իսկ ամենազարմանալին էլ այն է, որ այդ գործընթացները ճանապարհ են գցում ոչ թե կողմնակի, անաչառ մարդիկ, այլ օրվա իշխանությունը և ՀՀ առաջին նախագահը, որոնք 10 տարի շարունակ մարտի 1-ի ոչ թե բացահայտման կողմնակիցը, այլ շահառուն եղան և այն ծառայեցրեցին որպես սեփական քարոզչության հիմք:

Մարտի 1-ի հետաքննության, ուսումնասիրության, մեղավորների հայտնաբերման գործընթացներ մինչ այս էլ եղել են, սակայն նոր իշխանությունը, ինչպես տեսնում ենք, այսօր փորձում է այդ հարցը լուծել մեկ հարվածով` «մեղավորը նա է և վերջ» կացնային սկզբունքով: Սա, անշուշտ մոտեցում չէ` ոչ իրավական և ոչ էլ նույնիսկ քաղաքական առումով: Ըստ էության հաշվեհարդարի յուրօրինակ ավանդույթի սկիզբ է դրվում, ինչը մեզ լավ տեղ չի տանելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռոբերտ Քոչարյանի առջև ժամանակին պահանջ էր դրվել քաղաքական գնահատական տալ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին: Ընդհանուր համաձայնությամբ դա չարվեց, որովհետև խոսքը ՀՀ առաջին նախագահի մասին էր և դրանով կարող էր սկիզբ դրվել նախորդներին սևացնելու, նրանց հետ հաշվեհարդար տեսնելու տխուր ավանդույթին:

Կշեռքի վրա դրեք մարտի 1-ի ընդհարումը, որի բուն մեղավորն ենք բոլորս և Լևոն Տեր-Պետրոսյանի հանցագործությունները, որոնց արդյունքում մի ողջ ժողովուրդ զրկվեց իր սեփականությունից, տարիներ շարունակ դատապարտվեց ապրելու ցրտի ու մթի մեջ, որի անմիջական հրամանով ու մասնակցությամբ արգելվեց առանձին քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Այս համեմատության մեջ Լևոն Տեր-Պետրոսյանը հաստատ չի շահում, իսկ եթե հետապնդեին, նա մինչ օրս նստած կլիներ բանտում:

Այսօր, սակայն, նա և իր հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը, որոնց մեղքը մարտի 1-ի գործով դեռ իսկապես պետք է ուսումնասիրվի, ամեն ինչ անում են` «մեղավորին» րոպե առաջ որոշելու և կալանավորելու համար: Սա ոչ միայն համոզիչ չէ, այլև մարդկային առումով է անհասկանալի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա անհասկանալի է մի ճղճիմ գործընթացի ֆոնին, որին «հեղափոխություն» մեծադղորդ անվանումն են տվել, բայց որը ծառայեցվում է պետության միջազգային հեղինակության ոչնչացմանը, ազգային արժեքների մերժմանն ու դուրսմղմանը, արցախյան հերոսամարտի, Հայ առաքելական եկեղեցու և հայ ավանդական ընտանիքի նսեմացմանը, ազգային բանակի թուլացմանը և, առհասարակ, աշխարհի առաջ մեր կապիտուլացմանը:

Տեր-Պետրոսյանի թեզն է` լավագույն պաշտպանությունը անպաշտպան լինելն է: Ահա, թե ուր են տանում Հայաստանը մերօրյա «հեղափոխական» իշխանությունները: Այսքանից հետո, բնական է, որ պետք է հետապնդվեն Արցախյան հերոսամարտի մեծագույն դերակատարները, իսկ ապրիլյան պատերազմի հերոսի հասցեին պետք է ասեին, թե նա չի էլ իմացել` ինչ է կատարվում իր շուրջը:

Ակնհայտ չէ՞, որ Նիկոլ Փաշինյանն ինչ էլ անի, չի կարողանալու Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիների Հայաստանին հասնել տնտեսական տեմպերով: Դա նոնսենս է այս իշխանությունների համար, որոնք 2-3 ամսում արդեն հասցրել են այնպես անել, որ ոչ մի խելացի մարդ չի համարձակվում որևէ խոսք ասել: Չկա այդ խոսքն ընկալող ժողովուրդ, այլ կա միայն նիկոլամանիայով տառապող մի հիվանդ մասսա, որի թմրադեղի դոզան պետք է ամեն օր ավելացնել, այլապես նա ոտնատակ կտա բոլորին` Նիկոլին էլ հետը:

Նման հասարակությամբ հասնել զարգացմա՞ն: Ինչի՞ մասին է խոսքը: Ու դեռ ինչքա՞ն կարող են ձգել, դեռ ինչքան կարող են այլասերել ու ապականել հասարակությանը, նրան կերակրել անհիմն ու անիմաստ խոստումներով: Քոչարյանը երիցս ճիշտ է` սա պետության հիմքերի տակ դրված ական է, որ այսօր, վաղը պայթելու է և պայթելու է հաստատ:

Մեր որոշ քաղաքագետներ երեկվա դեպքերի հետ կապված ակտիվացել են «Ֆեյսբուքում» և գրում են, թե Քոչարյանին կալանավորելով` բարձրացնում ենք մեր երկրի միջազգային հեղինակությունը: Բա ինչպե՞ս չասես` ձուն գա քաղաքագետ գլխիդ:

Քանի՞ ազգ ու ժողովուրդ գիտես, որ իր առաջնորդին դավաճանել, գլուխը կերել է ու այժմ երջանիկ և հեղինակավոր ազգերի շարքում է: Մի՞թե, որպեսզի Նիկոլ Փաշինյանին Թրամփն արժանացնի իր ընդունելությանը, պետք է Քոչարյանը բանտում լինի, մյուս նախագահի եղբոր որդին հետախուզման, նախկին Պնախարարը` փախուստի մեջ: Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանին դրսում լուրջ չեն ընդունում, որովհետև նրա քաղաքական հայրերից մեկը, որ կրթահամալիրի տնօրեն է, շորտիկո՞վ է ընդունում պետության ներկայացուցիչ համարվող նախարարին: Մտածելու բան կա այստեղ:

Փաշինյանն ասում է, որ ինքը ՀՔԾ-ի գործերին չի միջամտում և դատարաններն էլ Հայաստանում անկախ են: Տեսնենք: Ահավասիկ ես հրապարակավ հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետական հանցագործ է, որովհետև, ՀՀ սահմանադրական կարգը տապալելուց և ոչ լեգիտիմ ճանապարհով վարչապետի պաշտոնը ձեռք գցելուց հետո, ժողովրդի անունից քանդել է պետական և հասարակական կարևոր ինստիտուտները, գերատեսչությունները լցրել տառացիորեն դեբիլ, հայերեն գրել-կարդալ չիմացող, աղանդավոր և այլասերված մասսայով և ամեն ինչ անում է Հայաստանը կործանելու համար:

Նիկոլ Փաշինյանին այդ գործում օգնում են արտաքին ուժերը` մասնավորապես «արաբական գարունները» ֆինանսավորած փողային կենտրոնները, ինչպես նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ 20 տարի անց էլ չի հաղթահարել ներքին ռևանշիզմը: Հարգելի նորանկախ ՀՔԾ, սա ընդունեք, խնդրեմ, որպես հաղորդում հանցագործության մասին: Այլևս անհնար է ըմբոշխնել այս թատերական շոուն, ուշքի պետք է գալ, Երկիր ենք կորցնում…

 

Էդիկ Անդրեասյան

Աղբյուր ՝ Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով