Փաշինյանը պետք է զանգահարեր Պուտինին կամ Մեդվեդևին. Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ Փանիկի միջադեպի մասին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը պարտավոր է սերտ համագործակցել ՀՀ Պաշտպանության նախարարության և այն տեղանքի բնակչության հետ, որի հարևանությամբ անցնելու է վարժանքը կամ զորավարժությունը»,- մեզ հետ զրույցում այս մասին ասաց 1992–1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով օրերս Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականների հետ կապված միջադեպին:

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց նախապես զգուշացնելու՝ ուսումնական վարժանք են իրականացրել Փանիկ գյուղում։ Համայնքի փողոցներում պայթյուններ, կրակոցներ են հնչել։ Գյուղացիները խուճապի են մատնվել,

քանի որ զորավարժանքի մասին տեղեկացված չեն եղել։ Անդրադառնալով միջադեպին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ տեղի ունեցածը սադրանք է՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և Հայաստանի ինքնիշխանության։ «Կարծում եմ, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն, պատասխանատվության ենթարկվեն»,- ասել էր վարչապետը։

Նորատ Տեր-Գրիգորյանցը նշեց, որ ռուսական 102-րդ ռազմական բազայի պայմանագրով նախատեսվում է, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը, նախարարը, Գլխավոր շտաբի պետը կոորդինացնում են, ղեկավարում այդ աշխատանքը, համագործակցում ռազմական բազայի հրամանատարության հետ, և, եթե այնտեղ զորավարժություններ են սկսվում, ապա ՀՀ Պաշտպանության նախարարը տեղյակ է, նույնիսկ պարտավոր է մասնակցել:

«Ռազմաբազայի հրամանատարությունը պետք է այնպես անի, որ այնտեղ մեկ ընտանիքի նման ապրեն, վստահեն իրենց: Եթե հրամանատարությունը չի տեղեկացրել տեղի բնակչությանը, չի համագործակցել, ապա հրամանատարը պետք է ՌԴ ՊՆ-ի կողմից պատասխանատվության կանչվի, քանի որ դրանով վիրավորել է տեղի բնակչությանը, մեծ սխալ է գործել, դա կոպիտ սխալ է, այնինչ պետք է հարգի բնակչությանը»,- նման կարծիք հայտնեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Նա նաև պարզաբանեց, որ վարժանքները բնակելի տարածքներում, գյուղերում չեն անցկացվում, պոլիգոնները կարող են անցնել բնակելի տարածքներով կամ դրանց կողքով:

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների գնահատականներին, ապա, գեներալի համոզմամբ, ՀՀ վարչապետը մինչ նման մեկնաբանությունները պետք է զանգահարեր ՌԴ նախագահին կամ վարչապետին, կամ ՀՀ Պաշտպանության նախարարը պետք է կապ հաստատեր իր ռուս գործընկերոջ հետ՝ իրավիճակը քննարկելու համար, եթե կարիք կա՝ հորդորեր չխախտել պայմանագրի դրույթները»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով