Սպառված Ձևաչափ. «Առավոտ»

Երկրի առաջին դեմքի եւ մտավորականների (մշակույթի, արվեստի գործիչների) հանդիպումները մշտապես ընթացել են միեւնույն սցենարով: 1993 թվականի աշնանը ես ներկա էի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մտավորականների հանդիպմանը, որի մասին «Երկիր» թերթը հաջորդ օրը գրել էր հոդված՝ «Նախագահ – մտավորականներ՝ 0:0» վերնագրով:

Այդ պահից առ այսօր առանձնապես ոչ մի բան չի փոխվել: (Թե ինչ էր դրանից առաջ՝ չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ «կենտկոմներում» մտավորականները նույն բաներն են խոսել): Նման հանդիպումների երեք հիմնական «թեմաներն» են՝ 1/ քծնանքը, 2/ սեփական նախագծերի համար փող ուզելը, 3/ ուրիշների վրա գործ տալը՝ «ինչու եք թույլ տալիս այս խայտառակությունը» հանդիմանական տոնայնությամբ:

Չանդրադառնալով առաջին երկու «ուղղություններին»` ուզում եմ երկու խոսք ասել «նաչալստվային» դիմելու եւ նրա միջոցով մշակութային խնդիրները լուծելու զուտ խորհրդային սովորությանը: Մշակույթը չպիտի «ղեկավարվի» պետության կողմից, ոչ մի նախագահ, վարչապետ կամ նախարար չպիտի որեւէ բան թույլ տան կամ արգելեն: Կարծում եմ, որ նրանք պիտի զգույշ արտահայտեն իրենց անձնական կարծիքը, որովհետեւ մեր նման երկրում դա կարող է դիտվել որպես հրահանգ. Ֆրանսիայում կամ Գերմանիայում բարձրաստիճան պաշտոնյայի գնահատականը այս կամ ներկայացմանը, կտավին եւ հաղորդաշարին որեւէ «կազմակերպչական» հետեւանք չի ունենա, մեզանում առայժմ կարող է:

Մեր մշակութային գործիչների մտածողությունը շատ նման է խորհրդային հրաշալի կատակերգության՝ «Կառնավալային գիշերը» ֆիլմի գլխավոր հերոս Օգուրցովի մոտեցումներին, որը կարծում էր, թե մշակույթին պետք է «ուղղություն տալ» բյուրոկրատական ցուցումներով՝ եթե դա զավեշտալի էր 1956 թվականին, ապա 2018-ին դա նույնիսկ ծիծաղելի չէ:

Տասնյակ տարիներ այդ մարդկանց մշակութային մտահոգությունը սահմանափակվում է՝ «ախ, այդ ցածրաճաշակ սերիալները» կամ  «ախ, այդ ռաբիզները» բացականչություններով: Մինչդեռ արվեստի իսկական մշակը մտածում է ոչ  թե վատը քննադատելու, այլ իր ուժերի սահմաններում լավը ստեղծելու մասին:

Երբեք չեմ լսել, որ Տիգրան Մանսուրյանը բողոքի սերիալներից կամ ռաբիսներից ընդհանրապես, եւ, առավել եւս տրտնջա դրանց վերաբերյալ երկրի ղեկավարներին: Մի խոսքով, հանդիպման այս ձեւաչափն առանձնապես իմաստալից չէ: Թե որն է ճիշտ ձեւաչափը՝ ես չգիտեմ:

Պարզ է մի բան՝ պետք է մոտ 20 տարով իջեցնել հանդիպման մասնակից «մշակութային գործիչների» տարիքային ցենզը: Թե չէ ստացվում է, որ «գործիչների» մեծ մասը 50 անց մարդիկ են: Լավ է, գոնե նախարարն է երիտասարդ:

Հոդվածը ՝ Aravot.am կայքի

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով