Ս/թ մարտի 1-ին, ժամը 14:30-ին ՀՀ ԱԻ նախարարությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (հասցեն՝ Կենտրոն վարչական շրջան, Տերյան 105) կանցկացնի «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Հարգելի քաղաքացիներ, հայտնում ենք, որ ուսումնավարժության ընթացքում՝ մարտի 1-ին, ժամը 14:30-ի սահմաններում գործարկվելու է ազդարարման շչակը և ուսումնական նպատակներով հնչեցվելու է տագնապի ազդանշան: Խնդրում ենք պահպանել հանգստություն:
Մարտի 1-ին նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Այս տարի այն նշվում է «Քաղաքացիական պաշտպանությունը և ազգային կառույցները հանուն աղետների առավել արդյունավետ կառավարման կարգախոսի ներքո:
Հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակներն են.
• ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս.
• կատարելագործել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:
Մտահղացման համաձայն՝ հակառակորդը խախտել է հրադադարը և տարբեր տրամաչափի զենքերից սկսել է գնդակոծել ՀՀ սահմանամերձ համայնքները: Տեղեկություն կա, որ հակառակորդը սահմանին կուտակում է հրթիռային համակարգեր: Ռմբակոծվել է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 5-րդ մասնաշենքը։ Ռմբակոծության հետևանքով մասնաշենքը զգալիորեն վնասվել է, առաջացել են հրդեհի օջախներ և փլուզումներ, շարքից դուրս է եկել կոմունալ-էներգետիկ համակարգը, առկա է քիմիական աղտոտվածության վտանգ և կան տուժածներ: