Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը՝ որպես դեսպան, չէր օգտագործում իր անձնական կապերը ներդրումներ բերելու համար

Իշխող քաղաքական ուժի վերնախավն ակնկալում է, որ ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանը ներդրումներ կապահովի Հայաստանի տնտեսության համար։ Արմեն Սարգսյանը բերելով «Կոկա Կոլայի» և HSBC բանկի օրինակները՝ ասել է, թե հպարտանում է, որ կարողացել է այդ ծանր աշխատանքն անել և այդ ընկերություններին բերել Հայաստան, նաև հայտարարել է, որ ամեն ինչ անելու է Հայաստան ներդրումներ ներգրավելու նպատակով:

Մինչդեռ ՀՀ նոր Սահմանադրությամբ՝ ՀՀ նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ներքին քաղաքականության մեջ նրա յուրաքանչյուր քայլ պայմանավորված է վարչապետի առաջարկությամբ, իսկ արտաքին քաղաքականության մեջ, կրկին, կա՛մ վարչապետի, կա՛մ կառավարության առաջարկությամբ, կնքում է միջազգային պայմանագրեր, նշանակում և հետ է կանչում դիվանագիտական ներկայացուցիչներին, և այլն։ Եվ Սահմանադրության մեջ հնարապետության նախագահին վերաբերող գլխում ոչ մի բառ չկա ներդրումներ ներգրավելու մասին։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ներդրումների ներգրավման հարցը ոչ թե ի պաշտոնե գործունեություն է, այլ Արմեն Սարգսյանի անձնական կարողությունների հարցն է, մասնավորապես՝ հիմնականում բիզնես շրջանակների հետ նրա հարաբերությունների և շփումների։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իր այդ խոսքը ես մեկնաբանում եմ՝ որպես իր անձնական կապերի և միջանձնական բանակցային հմտությունների ներդրում` ներդրումներ բերելու համար: Եվ, իհարկե, ամենամեծ հարցը, որ ծագում է` որպես դեսպան՝ ինչո՞ւ չէր օգտագործում դա: Իհարկե, մի կողմից՝ կարող է բիզնեսը գործին չէր ցանկանում խառնել, բայց տվյալ դեպքում, կարծես, նույնն է լինում, և նախագահի գործի բնույթը ներդրում բերելը չէ: Մի կողմից էլ՝ գուցե այն, որ այժմ նա այլ պաշտոն է ունենալու՝ որպես վստահություն, ավելի համոզիչ կարող է լինել իր խոսքն արդեն իր այլ գործընկերների մոտ, նա որպես երաշխավոր հանդես գա, և երկուսի համադրությունը, միգուցե, վստահորեն չեմ կարող ասել, որոշակի անձնական ներդրումներ բերի»,- ասաց Ա.Խուրշուդյանը:

Փորձագետի համոզմամբ` բնականաբար, խոսքը ոչ թե Հայաստանը գրավիչ դարձնելու միջոցով այդ ներդրումները ներգրավելու մասին է, այլ զուտ անձնական կապերի:

Անդրադառնալով «Կոկա Կոլայի» և HSBC բանկի օրինակներին` Ա.Խուրշուդյանը նշեց, որ այդ ներդրումներն ըստ էության ևս մեկ հայ գործարարի` Վաչե Մանուկյանի միջոցով են տեղի ունեցել.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Եթե նա օրինակ է բերում դա, որ կարող է այլ մարդիկ, թեկուզ հայեր, որ Հայաստան չէին ուզում գալ, իր խաթեր կգան, նույնն էլ այն ժամանակ էր: Այն ժամանակ էլ ներդրումային միջավայրը շատ վատն էր Հայաստանում, և միայն անձնական վստահության վրա պետք է մարդ գար Հայաստան: Բայց ուղղակի ես այն ժամանակ չեմ մասնակցել բանակցություններին և չեմ կարող գնահատել, թե իր դերն այն ժամանակ ինչքան է եղել, գուցե ընդամենը մի հեռախոսազանգ է եղել, մնացածն արդեն տեղական ինքնակառավարման մարմինների իշխանություններն են արել: Հիմնականում ներդրումները մեկ հոգով չեն պայմանավորվում, դա բազմաթիվ բանակցություններ են, և կախված է նրանից, թե այդ շղթայի մեջ փոխադարձ հասկացողությունը մինչև վերջ կգնա՞, թե՞ ոչ: Շատ հնարավոր է, որ սկիզբն ինքն է դրել»:

Հարցին՝ եթե Արմեն Սարգսյանին հաջողվի ներդրումներ բերել Հայաստան, դա որպես լծակ՝ ինչպե՞ս կազդի կառավարման համակարգի այլ ոլորտներում նրա ազդեցության վրա, Ա.Խուրշուդյանը պատասխանեց.

«Դա մշտական խնդիր է, որ ցանկացած վարչապետ կամ նախագահ ունենում է, որ նույնիսկ, եթե իր մակարդակում դրսի գործարարների հետ պայմանավորվածություն լինում է, ավտոմատ չի նշանակում, որ ներքևի մակարդակում ամեն ինչ հալած յուղի պես հեշտ կլինի:

Որովհետև, եթե ներդրողը գալիս է, բանավոր պայմանավորվածությունը շատ հեղհեղուկ հիմք է, դրանից հետո նա գալիս-մտնում է Հայաստանի օրենսդրական, հարկային դաշտ, շփվում է Հայաստանի տարբեր մարմինների հետ` համապատասխան լիցենզիաներ և այլն, այսինքն` միշտ չէ, որ ամբողջ պետական բյուրոկրատիան նույն արդյունավետությամբ կաշխատի, ինչ անձնական հարաբերություններով պայմանավորվածությունը: Եվ դեպքեր կան, որ պայմանավորվածությունը եկել է և հետո դուրս է եկել, մարդիկ գնացել են, որովհետև պայմաններն իրենց չեն բավարարել: Մենք դեռ չունենք, ցավոք, այն լիարժեքությունը պետական համակարգի, որ վերևից ներքև հանձնարարականները կատարվեն: Որակական այդ խնդիրն ամեն դեպքում պետք է լուծվի` և՛ հանձնաժողովների, և՛ նախարարությունների, բոլոր-բոլոր մակարդակներում: Եթե այդ խնդիրը չունենայինք, անձնական կապերի կարիք չէր լինի»:

Ա.Խուրշուդյանն ընդգծեց, որ բարձր արտադրողական, երկարաժամկետ ներդրումները հիմնականում ասոցիացվում են կրթության բարձր որակի հետ, իսկ այսօր Հայաստանում կրթության առումով խայտառակ վիճակ է. «Ցանկացած ներդրող, որպեսզի այլ որակի ներդրում անի, ինքը գալու է և փախնի Հայաստանից: Եվ դա լրջագույն խնդիրներից մեկն է: Հաճույքով կգան, հանք կհանեն և կգնան: Այդ որակի ներդրումներն ընդամենը բյուջեին կարճաժամկետ եկամուտ են ապահովում, բայց մարդկանց բարեկեցությունը Հայաստանում չեն մեծացնում: Այսինքն` «ներդրումների որակ» ասելով՝ մենք հիմնականում ուզում ենք արտադրողական ներդրումներ, իսկ դրանք կապված են գիտելիքի հետ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով