Վարձատրության չափը խթանում է կոռուպցիան. ինչ խնդիրներ կան «Սնանկության մասին» օրինագծում

2017 թվականի հոկտեմբերի 2-ից 18-ն Ազգային ժողովում քննարկվում էր «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը: Օրինագծի համաձայն` հստակեցվել են սնանկության կառավարչին ներկայացվող պահանջները, նվազեցվել է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության ազդեցությունը սնանկության կառավարիչների գործունեության վրա` նրանց գործունեության վերահսկողությունը վերապահելով ՀՀ արդարադատության նախարարությանը:

Բացի այդ, բացառվել է կառավարիչների կողմից որպես մուտքի վճար կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը 5 մլն դրամի վճարումը, իսկ անդամավճարների եւ անդամներից գանձվող ցանկացած այլ վճարման չափի սահմանումը պետք է համաձայնեցվի արդարադատության նախարարության հետ: «Սնանկության մասին» օրինագծում առկա խնդիրների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ դիտորդ խորհրդի նախագահ Արսեն Չիտչյանի հետ:

-Պարո՛ն Չիտչյան, օրինագծում նշված է սնանկության կառավարիչների անկողմնակալ, ազնիվ գործելու մասին, բայց իրականում քաղաքացիների դժգոհությունները անկողմնակալության մասով շարունակում է մնալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Երբ գույքը դնում են աճուրդի, քաղաքացին պետք է ասի` վա՛յ, ապրես, շատ մերսի: Սա այդ հարցը չի: Գույքը գնահատվում է լիցենզավորված մասնագետի կողմից, որը հաստատ չի կարող այլ կերպ գնահատել: Դրվում է հայտարարությունը կայքում, եւ ցանկացած մարդ կարող է դա գնել, եւ կառավարիչը կարող է անգամ չտեսնել: Այնպես որ, չի կարող կողմնակալություն լինել:

-Օրինագիծը ներկայիս տեսքով որքանո՞վ է Ձեզ բավարարում: Ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

-Բնական է, որ չի կարող բավարարել: Խնդիրներ շատ կան: Դրանցից մեկն այն է, որ խոշոր հարկ վճարող համարվող իրավաբանական անձի սնանկության գործով միայն աուդիտորական կազմակերպություններին ներգրավվելը խտրական մոտեցում է, քանի որ օրենքում հստակ ամրագրված է, որ սնանկության գործով կառավարիչն անհրաժեշտության դեպքում հրավիրում է մասնագետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելուց հետո նրանց 2/3-ի կողմից սնանկության գործով կառավարչին այլ անձով փոխարինելը սխալ է, քանի որ կառավարչին կախվածության մեջ է գցում պարտատիրոջից: Վերջինիս կողմից պարզապես կարգելվի կառավարչին ներկայացնելու առողջացման ծրագիր, քանի որ ցանկացած պարտատիրոջ ձեռնտու է գույքն անհապաղ իրացնել եւ ստանալ գումար:

Տվյալ դեպքում կառավարիչը կաշկանդված կլինի առարկություն ներկայացնել պարտատիրոջ պահանջի նկատմամբ, որով կոտնահարվեն պարտապանի շահերը: Կառավարչի վարձատրության չափի փոփոխություններն իրենց մեջ պարունակում են ոչ միայն կոռուպցիոն ռիսկեր, այլեւ խթանում են կոռուպցիան:

Նշվածը հիմնավորվում է նրանով, որ սնանկության գործով կառավարիչն արտաքուստ բարձր թվացող աշխատավարձից վճարում է հարկեր, կատարում բավականին մեծ վարչական ծախսեր, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալ աշխատավարձը ոչ թե ամսական է, այլ սնանկության գործընթացի ամբողջ ժամանակաշրջանի համար է: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ գույքը կարող է վաճառվել 6 ամսվա ընթացքում, ապա դա բացառվում է, քանի որ պարտապանի գույքը վաճառվում է միայն պարտապանի նկատմամբ լուծարային գործընթաց սկսելուց հետո: Դա, համաձայն օրենքի, պետք է սկսվի մոտ 3 ամիս հետո:

Պարտատերերին ծանուցելու, դատարան գույքի վաճառքի վերաբերյալ համապատասխան միջնորդություն ներկայացնելու համար անհրաժեշտ է առնվազն մեկուկես ամիս, իսկ մնացած մեկուկես ամսում հնարավոր չէ իրացնել գույքի վաճառք: Փոխարենը պետք է նախագծում ամրագրել այն դրույթը, որ սնանկության գործով կառավարիչը պարտավոր է յուրաքանչյուր կրկնաճուրդ անցկացնել կոնկրետ ժամանակահատվածում եւ գինը նվազեցնել կոնկրետ տոկոսով, որը չի կարգավորվում:

-Իսկ սնանկության հարցերով կառավարիչների մոտ մասնագիտական առումով խնդիր տեսնո՞ւմ եք:

-Սնանկության կառավարիչները լիցենզավորված մասնագետներ են` համապատասխան գիտելիքներով օժտված: Այնպես չի, որ անգրագետ է, եկել է… Բոլորն էլ գրագետ մարդիկ են:

-Հույս ունե՞ք, որ Ձեր կողմից ներկայացված առաջարկները կընդունվեն եւ օրինագծում փոփոխությունները տեղ կգտնեն:

-Դե, բնական է: Մենք գիտենք, որ օրենքն օրգանիզմ է, որն անընդհատ զարգանում է` օրվա պահանջին համապատասխան: Հույս ունեմ, որ փոփոխություններ տեղի կունենան:

 

 

armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով