«Մինսկի խմբի համանախագահների այցերը զսպիչ գործոն են լայնածավալ գործողությունների համար». Քաղաքագետ

«Դժվար է նախատեսել հնարավոր զարգացումները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան կատարելիք այցի մասին:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) փետրվարի 8-9-ը կլինեն Հայաստանում: Մինսկի խմբի եռանախագահները կլինեն նաև Արցախի Հանրապետությունում՝ հանդիպելով տեղի իշխանությունների հետ: Նախքան Հայաստան այցելելը համանախագահներն այցելելու են Ադրբեջան:

Է. Վարդանյանը նշեց, որ նման յուրաքանչյուր այցը նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է հասկանալ կողմերի տրամադրությունները. «Հասկանալի է, որ խոսք է գնալու այն հարցերի վերաբերյալ, որոնք խնդրահարույց են, միանշանակ չեն ընդունվում կողմերի կողմից, բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խումբը կփորձի հասկանալ՝ տեղաշարժ կա՞ այդ առումով կողմերի մոտ, թե՞ ոչ»:

Ըստ քաղաքագետի՝ նման հանդիպումների կարևորությունը նրանում է, որ այդ բանակցային գործընթացը շարունակում է գոյություն ունենալ. «Այսինքն՝ կողմերը պատրաստակամություն են հայտնում շարունակել բանակցությունները, այլ ոչ թե՝ պատերազմել: Կարևորությունն այդ այցերի և բանակցային գործընթաց կոչվածի հենց սա Է: Բոլորն էլ հասկանում են, որ տարիներ շարունակ խոսվում է գրեթե նույն բաների մասին, և այստեղ էական փոփոխություններ տեղի չեն ունենում: Այսինքն՝ այստեղ բոլորն էլ հասկանում են, որ սա այնպիսի խնդիր է, որ արագ չի կարող լուծվել, այլապես ինչ-որ այլ գործողություններ կարվեին: Հատկապես միջազգային հանրությունն ավելի շատ է շահագրգռված, որ ստատուս-քվոն փոխվի, բայց հարցն այն է, որ միջազգային հանրությունը հասկանում է, որ սա այնպիսի խնդիր չէ, որ հնարավոր կլինի սպասել արագ, ռադիկալ փոփոխությունների»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ միջազգային հանրությունը կարծես թե ցույց է տալիս, որ ինքը վերահսկում է իրավիճակը, որ ինքն աշխատում է կողմերի հետ, և, որ կողմերը կարծես թե ասում են, որ՝ «կլուծենք այս հարցը երբևէ և այս պահի դրությամբ մենք չենք պատերազմում».

«Թեև Ադրբեջանը պարբերաբար ասում է, որ, եթե բանկցությունների միջոցով լուծում չլինի, ինքը պատրաստ է ռազմական օպերացիայի միջոցով այս հարցը լուծել, բայց այդ դեպքում ինչո՞ւ չի լուծում: Այսինքն՝ Ադրբեջանը նույնպես համաձայնում է այս իրավիճակի հետ, որ արագ լուծում հնարավոր չէ, այդ բանակցային գործընթացի փաստացի մասնակից է՝ անկախ նրանից, թե նա ինչ վարք է դրսևորում, ժամանակ առ ժամանակ դիվերսիոն գործողություններ է իրականացնում, խախտում է հրադադարը, բայց փաստ է, որ լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում»:

Է. Վարդանյանը գտնում է՝ միջազգային հանրությունը փորձում է ամեն ինչ անել, որ սրացումներ չլինեն. «Այլ բան է, որ փաստացի կողմերն ընդունել են այն իրողությունը, որ ժամանակ առ ժամանակ լոկալ, փոքրածավալ բախումներ են տեղի ունենալու, և սա փաստացի այս ամբողջ պրոցեսի, կոնֆլիկտի բաղկացուցիչ մասն է, և այդ ազգ-բանակ կոնցեպտը որ ընդունվել է՝ հենց այս տրամաբանության շրջանակներում է»:

Քաղաքագետի կարծիքով՝ համանախագահների այդ այցերը, հանդիպումների կազմակերպումները հիմնականում արվում են լայնածավալ գործողություններին փոխարինելու համար. «Կա Մինսկի խումբ, նշանակում է՝ հավանականությունը լայնածավալ գործողությունների շատ փոքր է, այսինքն՝ դա նրան փոխարինող է, զսպիչ հանգամանք է, բայց, ինչպես տեսնում ենք, դա դեռևս չի զսպում այդ փոքրամասշտաբ ռազմական բախումները, որոնց արդյունքում լինում են զոհեր և վիրավորներ: Ես կարծում եմ՝ միջազգային հանրությունը՝ ի դեմ Մինսկի խմբի, նաև ջանքեր է գործադրում, որ դա էլ չլինի, կամ հնարավորինս քիչ լինի: Մինսկի խումբը դատական ատյան չէ:

Այս գործընթացն ունի մեկ թույլ կողմ, դա այն է, որ այստեղ չկա արբիտր, և նույնիսկ Մինսկի խմբի դիտորդական առաքելությունն իրավունք չունի՝ դատավորի նման ասի՝ խախտեց այս կողմը, և պետք է որոշակի սանկցիա կիրառվի: Սա թույլ կողմ  է, ու Ադրբեջանն օգտվելու է առիթից՝ ասելով, որ պրովոկատորը Հայաստանն է: Այստեղ հայկական կողմն անընդհատ պետք է խոսի շփման գծի մասին և փորձի այնպես անել, որ նոր մեխանիզմներ ներդրվեն՝ ավելի էֆեկտիվ մոնիտորինգ անելու և զսպելու այդ ռազմական բախումները»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով