«Գալուստ Սահակյանը հանրությանը ներկայացրեց այն ճշմարտությունը, որին տեղյակ ենք, որի մասին չէին խոսում». Վահագն Խաչատրյան

«Անսպասելի ոչինչ չի եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի այն հայտարարության մասին, թե ՀՀԿ-ում բոլորը կողմնորոշված են և 2018-ին ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին՝ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Գ. Սահակյանն անկանխատեսելի որևէ բան չի հայտարարել. «Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ այդպես էլ պետք է լիներ: Այն, որ Կարեն Կարապետյանը քաղաքական թիմ չունի, առաջին անգամ է հրապարակավ ներկայացվում: Հիմա Գալուստ Սահակյանը հանրությանը ներկայացրեց այն ճշմարտությունը, որին տեղյակ ենք, որի մասին չէին խոսում, բայց բոլորն էլ հասկանում էին, որ նոր կառավարման համակարգի դեպքում ԱԺ-ում եղած քաղաքական մեծամասնությունն է հարցերը լուծելու և պատասխանատուն լինելու:

Այդ պատճառով այդտեղ կա կուսակցության առաջնորդի խնդիր, որը Սերժ Սարգսյանն է: Շատ բնական է, որ այդպես պետք է լիներ: ՀՀ-ի հարցերը լուծվում են Մելիք-Ադամյան փողոցում, դա Խորհրդային Միության կառուցվածքն է»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին՝ ստացվում է՝ վարչապետ Կարեն Կարապետյանին, կոպիտ ասած, «քցե՞ց» ՀՀԿ-ն, Վ. Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Չէ: Կույր պետք է լինել՝ չտեսնելու այն իրավիճակը, որ կար 2016 թվականի օգոստոսին, երբ եկավ Կարեն Կարապետյանը: Իր դերը հիմնականում եղել է նախընտրական քարոզչության մեջ նորություն մտցնելը, մարդկանց ուշադրությունը շեղելը: Այդ ժամանակ մարդկանց որոշակի շրջանակների մոտ ինչ-որ հույս կար, որ նոր մարդ է եկել, նոր մոտեցումներ կունենա, և այլն, բայց շատ տեսանելի էր, որ դա արվում էր 2017 թվականին այդ ընտրակեղծարարությունը ծածկելու համար, որը հաջողությամբ իրականացվեց»:

ԱԺ «Ելք» խմբակցությունը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը նախագահի թեկնածու է առաջադրելու «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանին:

168.am-ի հարցին՝ եթե ընդդիմությունը վարչապետի միասնական թեկնածու ներկայացնի, դա որևէ նշանակություն կարո՞ղ է ունենալ, թե՞ կկրի ձևական բնույթ, Վ. Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Իմ ասածից ենթադրություններ արեք ու այսօրվա Ազգային ժողովի ներկայացվածությունը նայեք, երկրի ապագա նախագահի ընտրության համակարգը կամ գործող կարգը նայեք: Դրանք որևէ հնարավորություն չեն տալիս: Ես շատ ցավում եմ դրա համար, շատ կցանկանայի, որ այդ հնարավորությունն ունենայինք: Ցանկացած զարգացում, առաջին հերթին, նշանակում է՝ այլընտրանք, եթե մենք չունենք այլընտրանք, ուրեմն՝ զարգացում չի լինի, մենք հիմա այլընտրանք չունենք»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով