Բժիշկը պատմում է, թե ինչպես է ենթարկվել բռնության

Ազգային ժողովի Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է խիստ պատիժ սահմանել՝ բժիշկների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու համար:

Նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգրքում ավելացնել դրույթ, համաձայն որի՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Նույն արարքը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով:

Բժիշկ-արյունաբան Տարոն Սարիբեկյանը, որը մասնագիտական պարտականություններն իրականացնելու ժամանակ ենթարկվել է բռնության, կողմ է նախագծին։

«Կարծում եմ՝ այս նախագիծը կստիպի մեր ժողովրդին ավելի սթափ ու ավելի զուսպ լինել։ Գոնե այսպես կարելի է ժողովրդին ինչ-որ չափով հասցնել բժշկի մասնագիտության կարևորության գիտակցմանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա։

Տ. Սարիբեկյանը պատմեց, թե ինչպես է ենթարկվել բռնության. «Շտապօգնության հերթական կանչն էի սպասարկում, մեր վաղեմի «հիվանդներից» մեկն այդ օրը կանչ էր գրանցում արդեն հինգերորդ անգամ։ Երբ նրա տուն մտանք, հասկացա, որ գտնվում է ոչ սթափ վիճակում։ Դիմացը շարված էին գարեջրի մոտ 12 դատարկ շշեր։ Հարցրի գանգատները, ասաց, որ ոչ մի գանգատ չունի, ու մենք պետք է ուրախացնենք իրեն, քանի որ իրեն այդպես ասել է իր վաղեմի բժիշկը։

Մոտեցա զարկերակային ճնշումը չափելու, իսկ ինքն ընդհանրապես տրամադրված չէր դրան։ Թույլ չտվեց չափել, ասացի, որ շատ են կանչերը, ու, որ շատ ժամանակ չունենք։ Բորբոքվեց, սկսեց գոռգոռալ, որ մենք պարտավոր ենք մնալ այնքան, ինչքան որ ինքը կցանկանա։ Բուժքրոջը խնդրեցի հանգստացնող ներարկել և դուրս գալ՝ շարունակել մեր աշխատանքը։ Ավելի բորբոքվեց, խոհանոց վազեց` այդ ընթացքում հայհոյանքներ տալով, դռնից երևաց՝ մեծ խոհանոցային դանակը ձեռքին։ Արագ փակվեցի կողքի սենյակում ու փորձեցի օգնություն խնդրել։ Փառք Աստծո, ամեն ինչ վատ ավարտ չունեցավ։ Հետագայում նա բաժնում պնդում էր, որ ձեռքին բացիչ է եղել»։

Բժշկի խոսքով՝ այս գործը շատ կասկածելի հանգամանքներում կարճվեց. «Ասացին, որ բավարար ապացույցներ չկան։ Փաստորեն, անբասիր ու սրտացավ աշխատող բժշկի ու բուժքրոջ ցուցմունքները բավարար չէին՝ քննիչներին համոզելու համար»։

Նա ընդգծեց՝ հասարակության բացասական վերաբերմունքը բժիշկների հանդեպ պայմանավորված է նաև պրոպագանդայով. «Նույնիսկ հայկական սերիալներում բժշկի կերպարը նսեմացված է.  ցույց են տալիս կադրեր, թե ինչպես է ինչ-որ մեկը բռնում բժշկի օձիքից ու սպառնում, որ կսպանի, եթե ինչ-որ բան իր սրտով չլինի։ Ցավոք, մեր հասարակության մեջ շատ են նմանատիպ նյութերով սնվողները, հեշտությամբ սերտում են վատ երևույթները»։

Հետևաբար, Տ. Սարիբեկյանը չի կարծում, որ միայն օրենքի ընդունումով բժիշկները վաղը կունենան ապահով ու անվտանգ աշխատանք. «Պետք է լուսավորչական աշխատանք տանել բնակչության շրջանում, կրթել ժողովրդին։ Ինչ վերաբերում է բժիշկներին, ապա այստեղ էլ մեծ փոփոխություններ կատարելու կարիք կա։ Պետք է ստեղծել որակ ապահովող կրեդիտացիայի համակարգ, բժշկական գործունեությամբ զբաղվելու թույլտվությունը աջ ու ձախ չշռայլել, վերջիվերջո, մարդկային կյանքի հետ գործ ունենք։ Կիսագրագետ ու թերուս «մասնագետների» պատճառով տուժում են նաև իրենց գործը բարեխղճորեն կատարող բժիշկները։

Պետք է խստացնել ուսման գործընթացը, միջակություններն այս ոլորտում ուղղակի չպետք է լինեն։ Բժշկական սխալներ անում են բոլորը, բայց դրան էլ կան աստիճաններ։ Պատժելիության մասին օրենքն էլ կա, բայց պետք է առավել ուշադրություն սևեռել որակյալ կադրեր պատրաստելու վրա։ Իդեալական կլիներ՝ ստեղծել բժիշկների որակի սանդղակ, ըստ որի՝ բժշկի կատարած աշխատանքն ու իր սովորածը, ձեռք բերված հավելյալ կրեդիտները հնարավորություն կտան տարբերվել իրենց վրա չաշխատող մասնագետներից։ Օրինակ՝ լինեն 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կարգի բժիշկներ, և դա տեսանելի լինի ժողովրդի համար։ Այդ դեպքում իրենք հնարավորություն կունենան ընտրել իրենց բուժօգնության որակը»։

 

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով