Բենզինի գինը կարող է հասնել 550 դրամի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Հայաստանում բենզինը հերթական անգամ թանկացավ 10 դրամով: Թվում է՝ մեծ բան չի, ընդամենը 10 դրամ: Ճիշտ այդքան՝ 2,5 տոկոսով նոյեմբերին բենզինը թանկացել է Ռուսաստանում: Ռուսաստանում АИ 92 բենզինի միջին գինը մոտ 300 դրամ է: Հայաստանում վառելիքի շուկան ԵՏՄ մտնելուց հետո ամբողջովին կապված է Ռուսաստանի հետ, եւ Հայաստանը վառելիք ներկրում է բացառապես Ռուսաստանից: Բայց կարեւորը ոչ թե այս թանկացումն է, այլ միտումը: Առաջիկայում վառելիքի շուկայում ցնցումները կարող են զգալի լինել, եւ դա կապված է Ռուսաստանում ընթացող պրոցեսների հետ:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ ամբողջ ռուսական մամուլը գրեց, որ 2018թ. մարտին այդ երկրում տեղի ունենալիք նախագահական ընտրություններից հետո բենզինի եւ դիզվառելիքի գները կարող են կտրուկ աճել: Ըստ ռուս փորձագետների՝ վառելիքի գները զսպվում են ադմինիստրատիվ մեթոդներով, քանի որ գների կտրուկ թանկացումը կարող է առաջացնել ավտոմեքենաների տերերի եւ ամբողջ հասարակության դժգոհությունը, ինչը բացասաբար կանդրադառնա նախագահի իշխանության թեկնածուի՝ Վլադիմիր Պուտինի վարկանիշի վրա: Իսկ որ Պուտինը հաստատ ընտրվելու է նախագահի պաշտոնում, արդեն հայտարարվել է պաշտոնական մակարդակով. ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը նոյեմբերի 24-ին հայտարարել էր, որ մայիսին նախագահ Պուտինը կհանդիպի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ:

Ռուսաստանում բենզինի գնի թանկացման համար մի քանի նախադրյալներ են նշում: Առաջինը կարտելային համաձայնություններն են, երբ նավթավերամշակման խոշոր ձեռնարկությունները միմյանց հետ գները բարձրացնելու համաձայնության են գալիս՝ ավելի մեծ շահույթ ստանալու համար: Կարեւոր պատճառ է նաեւ բենզինի դեֆիցիտը: Ռուսաստանում չեն կառուցվում նոր նավթամշակման գործարաններ, իսկ վառելիքի սպառումը մեծանում է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջերս պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարելու համար կանգնեցվել է մոսկովյան ՆՎԳ-ն, ինչը եւս էապես ազդել է դեֆիցիտի առաջացման վրա: Արտադրողները հասկանում են, որ կարելի է օգտվել պահանջարկի եւ առաջարկի տարբերությունից, ու բարձրացնել գները: Բացի այդ, բարձր գինը կարող է զսպել պահանջարկի ավելացումը: Ռուսաստանում վառելիքի թանկացումը նաեւ հայրենասիրական բացատրություն ունի. այդ գումարներն ուղղվելու են Կալինինգրադում եւ Ղրիմում ճանապարհների կառուցմանը եւ այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը:

Եթե իսկապես Ռուսաստանում բենզինի եւ դիզվառելիքի գների 30-տոկոսանոց թանկացում տեղի ունենա, ապա դա նույն կերպ կտեղափոխվի Հայաստան: Հայաստանում բենզինի գները կարող են ռեկորդ սահմանել՝ հասնելով մինչեւ 550 դրամի մեկ լիտրի դիմաց: Բենզինի գնի վրա կանդրադառնա նաեւ նոր տարվանից բարձրացվող ակցիզային հարկը: Ի դեպ, Ռուսաստանում եւս ակցիզային հարկը հաջորդ տարվանից բարձրանալու է, բայց անհամեմատ ավելի քիչ, քան Հայաստանում, ընդամենը 4 դրամ 1 լիտրի հաշվով:

Գների բարձրացումը վերաբերում է դիզվառելիքին: Սա իսկապես մեծ անակնկալ կլինի հայ սպառողների համար: Գարնան սկզբին դիզվառելիքի կտրուկ թանկացումը կազդի գյուղատնտեսության վրա: Ռուսաստանում պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական նպատակների համար օգտագործվող դիզվառելիքը, եւ ռուս ֆերմերներն այնքան էլ չեն տուժում գների բարձրացումից: Հայաստանում, որտեղ մի քանի տարի նմանատիպ ծրագիր էին իրականացնում, եկող տարվանից որոշել են այլեւս գումար չծախսել գյուղացիությանը օգնելու համար>:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով