Պետք է այնպես ապրել, որ հայ դասականի ասածի պես՝ քեզնից հետո լավ անուն թողնես. «Հրապարակ»

Загрузка...

 «Հրապարակ» թերթը գրում է. օրերս կյանքից հեռացավ հայ նախկին պաշտոնյաներից մեկը։ Ֆեյսբուքի որոշ օգտատերեր բոթն ընդունեցին ուրախացող սմայլիկներով։ Մարդիկ գտնվեցին, որ մահացածի ապրած կյանքն անիծող ու մահը որպես աչքալուսանք նշող ստատուսներ գրեցին։

Չուշացան նաեւ մեռնողի ետեւից չարախոսողներին «կարգի հրավիրող» մեկնաբանությունները։ Ոմանք եզրակացնում էին՝ եթե կենդանության օրոք չեք ասել, հիմա էլ լռեք։ Անշուշտ, սրա մեջ որոշ ճշմարտություն կա։ Բայց չեմ կարող համաձայնել նրանց հետ, ովքեր ասում են.

«Մեռածի ետեւից՝ կա՛մ լավը, կամ՝ ոչինչ»։ Չգիտեմ՝ ում մտքի փայլատակումն է սա, բայց հաստատ պետք է վերախմբագրվի։ Կարո՞ղ ենք արդյոք հետմահու լավով հիշել այն մարդուն կամ մարդկանց, որոնց պատճառով երկիրը դատարկվում, տնտեսությունն օր օրի քայքայվում է, չնայած պաշտոնական թվերն այլ բան են ասում, կամ նրանց, ովքեր ծանր հանցանք են գործել, դժբախտացրել այլ անձանց։ Կարո՞ղ ենք ներել 21-րդ դարում 80-ականների զենքով կռվող երիտասարդ տղաների կյանքը խաղադրույքի վերածած պաշտոնյաներին։

Կամ՝ գողերին, թալանչիներին, ընտրությունները կեղծողներին կարո՞ղ ենք ներել։ Չէ, իրերը պետք է կոչել իրենց անուններով։ Լավին լավ ասել, վատին՝ վատ։ Պետք է այնպես ապրել, որ հայ դասականի ասածի պես՝ քեզնից հետո լավ անուն թողնես։

Թե չէ՝ ի՞նչ է ստացվում. սպանում, կեղեքում ու թալանում են՝ հույս փայփայելով, որ անբարո կյանքից հետո փառքի լուսապսակով են հողին հանձնվելու, որ իրենց պատվին ներբողներ են ձոնվելու, եւ պատմություն է գրվելու, որտեղ դրական հերոսն իրենք են լինելու։

 «Հրապարակ» թերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...