Կիևում երկարացրել են Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի աշխատանքը

«Կիեւյան պատկերասրահ» ազգային թանգարանը երկարացրել է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հանճարը եւ ծովը: Ավանդույթներ, որոնումներ, հայտնագործություններ» ցուցահանդեսի աշխատանքը: Մեծ հետաքրքրություն առաջացրած ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 19-ը։

Ինչպես AnalitikaUA.net-ին տված մեկնաբանության մեջ նշել է թանգարանի տնօրեն Յուրի Վակուլենկոն, այդ որոշումն ընդունվել է այն բանի կապակցությամբ, որ ցուցահանդեսը մեծ պահանջարկ է վայելում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերին մեկնարկած ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 31-ը, սակայն ավելի ուշ թանգարանի ղեկավարությունը որոշեց ցուցադրությունը երկարացնել մինչեւ նոյեմբերի 19-ը:

Ցուցադրանքում ներկայացված են 18-20-րդ դարերի գեղանկարչության եւ գրաֆիկայի 60-ից ավելի ստեղծագործություններ թանգարանի հավաքածուից, որոնք միավորված են ծովի թեմատիկայով: Նաեւ նախատեսված է Այվազովսկու այն կտավների լուսանկարների ցուցադրությունը, որոնք թանգարանը կորցրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, կան նաեւ Շերեմետեւների թանգարանի ցուցանմուշներ՝ արխիվային նյութեր, լուսանկարներ, 19-րդ դարի ռազմանավերում եղած տարբեր առարկաներ եւ Այվազովսկու ժամանակակից ծովային սպաների իրեր: Ցուցադրանքը նաեւ ներառում է մեկ տասնյակից ավելի գեղանկարչական ու գրաֆիկական գործեր, որոնք ներկայացնում են նկարչի ստեղծագործության տարբեր շրջանները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցուցահանդեսի կազմակերպումը ողջունել է Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը: «Պրոֆեսիոնալների նախաձեռնությունների շնորհիվ նշանավոր հայրենակիցների ստեղծագործությունը շարունակում է ուրախացնել արվեստասերներին»,- նշել է Շատվորյանը AnalitikaUA.net-ին տված մեկնաբանության մեջ: Ինչպես հրատարակությանը պատմել է ցուցահանդեսի բացմանը մասնակցած հայտնի դաշնակահարուհի, «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական հարթակի մասնակից Օլգա Վարդանյանը, սրահները լեփ-լեցուն էին: «Ցուցահանդեսը խորապես հետաքրքրել է այցելուներին:

Հովհաննես Այվազովսկու անրկնելի ոճն ու վարպետությունը անջնջելի տպավորություն են թողնում եւ վերադառնալու ցանկություն առաջացնում՝ վերստին խորասուզվելու հանճարի ստեղծած աշխարհում»: Ավելի վաղ Ուկրփոստը նամականիշ է թողարկել Հովհաննես Այվազովսկու հոբելյանի առթիվ: Հուլիսին Ուկրաինայի ազգային բանկը շրջանառության մեջ է դրել «Իվան Այվազովսկի» հուշադրամը: Մետաղադրամը թողարկվել է «Ուկրաինայի նշանավոր անհատները» շարքում եւ շրջանառության մեջ է դրվել 35 հազար օրինակով:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով