«Ժողովուրդ». «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ»-Ի բաժնետերերն ու թալանողին թաքցնողները

Загрузка...

«Ժողովուրդը» գրում է. «Արդեն երեք օր է անցել, սակայն դեռ հայտնի չէ, թե ով է «Կոնվերս բանկի»՝ Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող մասնաճյուղից մոտ 200 հազար ԱՄՆ դոլար հափշտակողը:

«Ժողովուրդ» օրաթերթը «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ից տեղեկացավ, որ բանկի կառավարիչը, որից նախօրեին անհայտ անձը սպառնալիքով գումար էր հափշտակել, աշխատանքի չի գնում: Ավելին՝ նա երեկվա դրությամբ փոխարինող ուներ: Բանկից հրաժարվեցին նշել, թե որտեղ է նախկին կառավարիչը:

«Ժողովուրդ»-ը բանկի կառավարչին փոխարինող ներկայացած անձից հետաքրքրվեց` արդյո՞ք բանկը թալանած անձը, ով ըստ տեղեկությունների` «VIP» հաճախորդ է եղել, նախապես պայմանավորված է եղել կառավարչի հետ: Հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Այդպիսի տեղեկություն, պայմանավորվածություն չի եղել: Նա մեր «VIP» հաճախորդը չի եղել, քննություն է ընթանում, այլ հարցերի չենք կարող պատասխանել:

Հիմա բանկին ժամանակավոր կառավարիչ է նշանակվել»: Իսկ մեր այն դիտարկմանը՝ ինչո՞ւ են կառավարչին հեռացրել աշխատանքից, մեր զրուցակիցն արդարացավ` նշելով. «Որեւէ մեկին աշխատանքից չենք հեռացրել, այլ հարցեր մի՛ տվեք»: Ապա լրացուցիչ տեղեկություն ստանալու համար հորդորեց դիմել իրավապահ համակարգին: Իսկ իրավապահ համակարգը դեռ լռում է:

Մինչդեռ տեղի ունեցածն իրականում առեղծված է, քանի որ ենթադրյալ հանցագործը բանկ էր մտել առանց դիմակի, գնացել է գործարք անելու եւ գրավոր սպառնացել է, թե կպայթեցնի: Այսինքն՝ փաստ է, որ նա ամենեւին էլ անհայտ չէ համենայնդեպս բանկի կառավարչի եւ իրավապահների համար:

Անհասկանալի է, թե ինչու է հափշտակողի ինքնությունը գաղտնի պահվում: Զարմանալի չէ, որ իրավապահ համակարգը դեպքից երկու օր անց դեռեւս զգուշավոր է մոտենում բանկի շուրջ ծավալված աղմկալի դեպքին եւ չի գաղտնազերծում «թալանողին»: Քանի որ բանկի սեփականատերերը այդքան էլ «փոքր մարդիկ չեն»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...