Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած «ոսկե երիտասարդների ռազբորկայից». քննչական բաժինը պարզել է դեպքի հանգամանքները, հայտնաբերվել է գազային ատրճանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ Տիգրան Թամամյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ՝ սեպտեմբերի 25-ին Երևանում՝ Մամիկոնյանց փողոցի թիվ 60 հասցեի դիմաց, տեղի ունեցած խուլիգանության և հնչած կրակոցների փաստով հարուցված քրեական գործի շրջանակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիրի քննչական բաժնի, Ոստիկանության Արաբկիրի բաժնի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ինչպես նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկահապահակային ծառայության գնդի 2-րդ գումարտակի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների շնորհիվ պարզվել է վիճաբանության մասնակից որոշ անձանց ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 56/2 շենքի բնակիչներ՝ 19-ամյա Գագիկ Աղաջանյանը, նույն հասցեի բնակիչ՝ 22-ամյա Էդուարդ Աղաջանյանը, Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ՝ 25-ամյա Վլադիմիր Գալստյանը, նույն հասցեի բնակիչ՝ 24-ամյա Էդուարդ Գալստյանը, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ՝ 25-ամյա Վահան Գևորգյանը։ Պարզվել է, որ նշված անձինք դեռևս չպարզված ևս մի քանի հոգու հետ նույն օրը նշված փողոցում հաշվեհարդար տեսնելու նպատակով հանդիպել են Է. և Գ. Աղաջանյաններին, ովքեր, Գ. Շամշյանի տեղեկություններով, եղբայրներ են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանդիպման ժամանակ նշված անձինք դեռևս չպարզված ընկերների հետ հարձակվել են Վ. Գևորգյանի, Վ. և Է. Գալստյանների վրա և կռվի ժամանակ վերջիններս դեպքի վայրում են թողել «Պրիորա» մակնիշի 30 GG 002 համարանիշի, «Նիսսան Տիդա» մակնիշի 35 LG 023 համարանիշի, «Նիսսան Տիդա» մակնիշի 35 DM 296 համարանիշի, «Հյունդաի Սոնատա» մակնիշի 02 QQ 200 համարանիշի, «Տոյոտա Կոռոլա» մակնիշի 02 VA 101 համարանիշի, «Հոնդա» մակնիշի 35 DM 973 համարանիշի ավտոմեքենաները և դիմել են փախուստի, ընթացքում էլ գազային ատրճանակից հնչել է 3 կրակոց։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քննիչների և ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Արաբկիրի քննչական բաժին է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բնակիչ՝ 19-ամյա Գուրգեն Մնացականյանը և խոստովանել է, որ կրակոցներն ինքն է արձակել՝ ոչ թե որևէ մեկին վիրավորելու կամ սպանելու նպատակով, այլ վախեցնելու։

Նա կրակել է օդ և քննիչներին է ներկայացրել իրեն պատկանող «Զորակի-ՄՈԴ 914» տիպի գազային 9 մմ տրամաչափի ատրճանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 25-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մամիկոնյանց 60 հասցեում՝ «Ասպար Արմս» Որսորդական զենքեր և պարագաներ ընկերության դիմաց, կրակոցներ են հնչել: Ժամանել էին Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:

Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Տիգրան Թամամյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ՀՀ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ովքեր դեպքի վայրի զննություն էին կատարել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին դեռևս անհայտ ատրճանակից կրակված պարկուճներ, ինչպես նաև «Պրիորա» մակնիշի 30 GG 002 համարանիշի, «Նիսսան Տիդա» մակնիշի 35 LG 023 համարանիշի, «Նիսսան Տիդա» մակնիշի 35 DM 296 համարանիշի, «Հյունդաի Սոնատա» մակնիշի 02 QQ 200 համարանիշի, «Տոյոտա Կոռոլա» մակնիշի 02 VA 101 համարանիշի, «Հոնդա» մակնիշի 35 DM 973 համարանիշի ավտոմեքենաներ, որոնց վրա կային ձեռքի և ոտքի հարվածի հետքեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները ՝ Գագիկ Շամշյանի

 

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով