Ինչպես Պուտինը հայտնվեց Հայաստանի խաղահրապարակներից մեկում. «Ազգ»

Վանաձորում կանգնեցրել են Պուտինի արձանը, սովորական չէ, ստվարաթղթից: Բայց այնքան տպավորիչ, որ անգամ BBC-ն հոդված է գրել` «Ինչպես Պուտինը հայտնվեց Հայաստանի խաղահրապարակներից մեկում» վերնագրով:

Ուրեմն ասեմ, թե ինչպես հայտնվեց: 1990-ականներին Տիգրան Ստեփանյանը, որը հիմա Վանաձորի մանկական խաղահրապարակի սեփականատերն է (ըստ ասեկոսեների, Վանաձորի մանկական խաղահրապարակը բացի սեփականատերից ունի նաեւ գործադիր տնօրեն, տնօրինության խորհուրդ, բաժնետերեր, առանձին վարչություններ` իրենց պետերով, ու երկու քարտուղարուհի եւ մեկ հավաքարար` մեկ օգնականով), ապրում եւ աշխատում էր Մոսկվայում: Օրերից մի օր, երբ հավանաբար աշխատավարձ է ստացած լինում, նա որոշում է մի քիչ զբոսնել քաղաքում եւ գնում է հանրահայտ Արբատ փողոցը:

Հենց այնտեղ էլ տեսնում է Գորբաչովին, իրական չէ, արձանը, սովորական չէ` ստվարաթղթից: Հետաքրքրասեր Տիգրանը մոտենում է ԽՍՀՄ նախագահին ու ցանկություն հայտնում լուսանկարվել հետը: Գորբաչովի սեփականատերն էլ նրան ասում է, որ կարելի է, բայց 25 ռուբլով:

Տիգրանն էլ հանում է գրպանից 25 ռուբլին ու նկարվում Գորբաչովի հետ: Հետո Տիգրանը մտածում է ոչ թե 25 ռուբլին իզուր վատնելու մասին, այլ նման մի բիզնես Հայաստանում դնելու շուրջ: Մի քանի տարի էլ Մոսկվայում մնալուց, կարգին փող աշխատելուց հետո Տիգրանը վերադառնում է հայրենիք ու ձեռք է բերում Վանաձորի մանկական խաղահրապարակը (գուցե կառուցում է, հայտնի չէ):

Հետո նա հիշում է Գորբաչովին, բայց քանի որ ԽՍՀՄ նախագահն այլեւս նորաձեւ ու եկամտաբեր չէ, որոշում է, որ իր սեփական խաղահրապարակում պետք է լինի ստվարաթղթե Պուտինը: Որոշում է եւ անում:

Բայց քանի որ Տիգրան Ստեփանյանը մեծ քաղաքականության մեջ կոմպլիմենտարիզմի կողմնակիցն է, Պուտինի կողքին տեղադրում է նաեւ ԱՄՆ նախկին նախագահ (այն ժամանակ գործող) Բարաք Օբամային, կրկին` ստվարաթղթից:

 «Ազգ» թերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով