Քաղաքաշինության և Կադաստրի կոմիտեները կհամագործակցեն քաղաքաշինության ոլորտի թվայնացման ուղղությամբ

 

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կադաստրի կոմիտեի գործընկերների հետ՝ քննարկելու քաղաքաշինության ոլորտի թվայնացմանը վերաբերող հարցեր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին՝ թվայնացման օրակարգին աջակցելու պատրաստակամության համար։ Նա շեշտել է, որ ոլորտում թվային գործիքների ներդրումն այսօր Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր առաջնահերթությունն է, և հաշվի առնելով Կադաստրի կոմիտեի հաջողված փորձը՝ հնարավոր կլինի գործընկերության սկզբունքով ծրագրերն իրագործել։

Սուրեն Թովմասյանը կարևորել է երկու կառույցների տեխնիկական և իրավաբանական թիմերի համաժամանակյա աշխատանքը՝ պետական կառույցների հետ քաղաքացիների շփումն էլեկտրոնային հարթակ տեղափոխելիս համարժեք օրենսդրական դաշտ ապահովելու համար։

Հանդիպմանը քննարկվել են քաղաքաշինական կադաստրի ձևավորմանը, առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը, շինարարական թույլտվությունների պարզեցված ընթացակարգին վերաբերող հարցեր։ Դիտարկվել են Քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակվող օրենսդրական նախագծերը և դրանց վերաբերյալ գործընկեր կառույցի առաջարկները։ Անդրադարձ է եղել նաև շինարարական թույլտվությունների E-permits.am հարթակի և Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգերի տվյալների փոխկապակցմանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գործընկերները պայմանավորվել են պարբերաբար հանդիպել և աշխատանքային կարգով քննարկել ծրագրերի իրականացման ընթացքը։ Յուրաքանչյուր կառույցից առանձնացվել են պատասխանատուներ և աշխատանքները համակարգողներ։

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով