Արցախցիների բռնի տեղահանությունից հետո կառավարությունը հայտարարեց օժանդակության տարբեր ծրագրերի մասին, սակայն դրանք ոչ ամբողջությամբ են հասանելի.Աբրահամյան

ՀՀ  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը  գրում  է
Արցախցիների բռնի տեղահանությունից հետո կառավարությունը հայտարարեց օժանդակության տարբեր ծրագրերի մասին, սակայն դրանք ոչ ամբողջությամբ են հասանելի:
Ամենատարբեր պատճառներով արցախցիների որոշ խմբեր չեն կարողանում օգտվել այդ ծրագրերից, իսկ անձնագրերի հետ կապված խնդիրները լուծելու համար բարդ արկածների միջով պետք է անցնես:
Իհարկե, նաև պետք է նշել, որ մինչև արցախցիների բռնի տեղահանություն էլ այս մասով անընդհատ խնդիրներ կար` բուն անձնագրերից մինչև հերթերի խնդիր, բայց Արցախի հանձնումից ու մեր հայրենակիցների ՀՀ մուտք գործելուց հետո, դրանք ծանր փորձություն են դարձել բոլորի համար:
Արցախցիների ամենամեծ խնդիրներից մեկն էլ` աշխատանքի խնդիրն է: Մարդիկ չեն ցանկանում շարունակ պետության հույսին մնալ և պետք է հնարավորություն ստանան աշխատելու:
Խնդիրներից մեկը` քաղաքացիության հետ կապված հարցն է, որը նույնիսկ դիմելուց հետո երկար ժամանակ է տևում, սա վերաբերվում է պետական սեկտորին, իսկ Արցախում պետական համակարգում` ուժային համակարգից մինչև ոլորտային գերատեսչություններ, մեծ թվով մարդիկ են աշխատել, ովքեր ունեն գիտելիք և հնարավորություն այստեղ դրսևորվելու համար:
Կան, իհարկե, օբյեկտիվ առումով, դժվար կամ երկար կարգավորման հարցեր, սակայն շատ խնդիրներ էլ կարելի է կարճ ժամանակում լուծել, սակայն դրա համար իշխանությանը քաղաքական կամք է պետք, որը չկա:
Այսօր առկա մեծ թվով խնդիրներն են, որ շատ արցախցիների դրդել կամ դրդում են հեռանալ նաև Հայաստանից, ինչը բոլոր հնարավոր միջոցներով պետք է կանխել, իսկ դրա համար մարդկանց անհրաժեշտ է աշխատանք և կյանքի ու ապրուստի գոնե նվազագույն պայմաններ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով