Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդրի լուծում չէ.Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ  ԳՄ  անդամ   Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան   իր   էջում   գրում  է
Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդրի լուծում չէ։
Վերջին շրջանում հաճախ եմ լսում «գնալու եմ երկրից» արտահայտությունը,որը կապված է խայտառակ կապիտուլյացիայի, Արցախի հայաթափման,թուրքական օրակարգով գործելու կապիտուլյանտների որոշման եւ ինչու չէ ընդդիմադիրներիս ոչ արդյունավետ գործելու հետ։
Չմեղադրելով նման կարծիք ունեցողներին՝այնուամենայնիվ համամիտ չեմ նրանց հետ։
Հայաստանն Արարչի կողմից մեզ տրված հայրենիքն է եւ մեր նպատակը որպես ազգ՝ ապրել ու արարելն է մեր հայրենիքում՝պաշտպանելով ու շենացնելով այն։
Պարտություններից հետո արտագաղթի ճամփան բռնելը նոր երեւույթ չէ ,այն եղել է միջնադարում եւ անշուշտ թուլացրել է մեր ազգային դիմադրողականությունը։
Մենք թուլացանք որպես ազգ,երբ 1021թ. Արծրունիները Վասպուրականի թագավորությունը հանձնեցին Բյուզանդիային ,իսկ Սենեքերիմ Արծրունին 14 հազար մարդկանց հետ գաղթեց Սեբաստիա։
Թուլացանք,երբ Անին հանձնեցինք և սփռվեցինք աշխարհով մեկ՝ Կիլիկիայից մինչեւ Կիեւյան Ռուսիա եւ Լեհաստան։
Դարեր անց մեզնից ոմանք փորձում են հերթական անգամ բախտ որոնել «օտար ամայի ճամփեքին»։
Այսօր էլ Արցախն են հանձնել թուրքին,հիմա ի՞նչ,պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը։
Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդիրներ լուծելու լավագույն ճանապարհ չէ։
Ավելին.փախուստ է խնդրից։
Իսկ խնդրի լուծումը հետեւյալն է.մնալ ,ապրել ,պայքարել Հայրենիքում։
Ապրել ու պայքարել հանուն Հայաստանի եւ Արցախի։
Թուրքերի ուզածն էլ դա է,որ հայը հիասթափվի ու լքի իր հայրենիքը։
Հեշտ է լինելու՞։
Իհարկե ՝ ոչ։
Բայց այլ ճանապարհ չկա։
Պետք է ապրել պետության գահավիժումը կանգնեցնելու ,հայրենիքը թուրքերին չհանձնելու եւ պետականության «փշրանքները» պահպանելու համար։

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով