ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է սուրճի ստվերային շրջանառության ապօրինի սխեմա

 

Մաքսային ծառայության աշխատակիցներն օրերս  հսկողության են ենթարկել Բագրատաշենի մաքսային կետ-բաժին ժամանած երկու ընկերության բեռներ տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցը: Ուղեկցող փաստաթղթերի համաձայն` Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն պետք է տեղափոխվեին  մի քանի ապրանքներ, այդ թվում` սուրճ, հանքային ջուր և այլն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Մաքսային հսկողության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված ընկերությունները բեռն ուղեկցող փաստաթղթերում սուրճի քաշը նշել են  ավելի շատ, քան փաստացի առկա է եղել բեռնատարում, իսկ այլ` ավելի էժան արժեք ունեցող ապրանքների քաշը, ցույց են տվել փաստացի բեռնատարում առկա քաշից ավելի քիչ։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ էության,  բեռնատարում առկա ապրանքների ընդհանուր քաշը պահպանելով` ընկերությունները փաստացի չտեղափոխվող, սակայն ավելի թանկ արժեք ունեցող ապրանքը` սուրճը, փորձել են ձևակերպել իբրև ՀՀ-ից արտահանվող ապրանք:

 

Արդյունքում, նկարագրված սխեմայի  միջոցով փորձ է արվել արտահանել ընդհանուր շուրջ 17 տոննա փաստացի բեռնատարում չգտնվող սուրճ, որը մաքսային մարմինների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխարգելվել է:

Պետական եկամուտների կոմիտեի նախնական գնահատմամբ նշված ապօրինի սխեմայի նպատակն է եղել՝ ընկերությունների ապրանքային մնացորդները ստվերային եղանակով ՀՀ տարածքում իրացնելը` քողարկելով դրանք ԵԱՏՄ երկրներ արտահանման փաստաթղթավորմամբ` միաժամանակ հետ ստանալով ձեռքբերման ԱԱՀ-ի գումարները և հետևաբար թաքցնելով նաև ՀՀ տարածքում սուրճի վաճառքից առաջացող ԱԱՀ-ն:

 

Ներկայումս Կոմիտեի կողմից իրականացվում են բազմակողմանի միջոցառումներ` դեպքերի ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

ՊԵԿ-ը  հորդորում է զերծ մնալ տարատեսակ սխեմաների կիրառումից, քանի որ նման ոչ օրինապահ վարքագիծ դրսևորող բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվելու է հարկային և մաքսային վարչարարության ամենախիստ գործիքակազմը:

 

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով