Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Բաբայանը վա բա՞նկ են գնում .«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է

Արցախում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, որոշ տեղեկություններով, խուճապ են առաջացրել ՀՀ իշխանությունների  շրջանում։ Նրանք արցախյան իրենց կամակատարների միջոցով փորձում են կառավարել պրոցեսները, մասնավորապես` խժդժություններ հրահրել եւ կանխել Արցախում սահուն իշխանափոխությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ անցած շաբաթվա վերջին Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց նախագահի պաշտոնից՝ թերեւս այդպիսով փորձելով թուլացնել ստեղծված ճգնաժամն ու հանրային բողոքի ալիքը։ Հարությունյանի իրավահաջորդը, ըստ Արցախից ստացվող լուրերի, Սամվել Շահրամանյանն է, ում կարելի է կոնսենսուսային թեկնածու համարել` Արցախում քաղաքական դերակատարները կողմ են, որ հենց նա փոխարինի Հարությունյանին, ով հրաժարականից մեկ օր առաջ Շահրամանյանին Արցախի պետնախարար նշանակեց՝ ազատելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Մենք գրել էինք, որ Արցախի պետական համակարգում Շահրամանյանը նոր մարդ չէ, Բակո Սահակյանի նախագահության շրջանում զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը, Արցախում ընդունելի գործիչ է։ Անգամ ընդդիմությունը դեմ չէ նրա թեկնածությանը: Կատարված օրենսդրական փոփոխությունը թույլ է տալիս, որ ռազմական դրության ժամանակ երկրի նախագահի թափուր պաշտոնը համալրի խորհրդարանը։ Սեպտեմբերի 9-ին նշանակված է ԱԺ նիստ, որի ընթացքում էլ նախագահ կընտրեն։ Մեր աղբյուրներն ասում են, որ ԱՀ խորհրդարանական ուժերը, բացառությամբ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության 9 պատգամավորների, կընտրեն Շահրամանյանին, ով, ըստ ամենայնի, կառաջադրվի նախկին նախագահի հիմնադրած «Ազատ հայրենիք» կուսակցության խորհրդարանական խմբակցության կողմից։

Վերադառնալով ՀՀ իշխանությունների տագնապներին. գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը համարում է գլխացավանք եւ ամեն ինչ անում է արցախյան բեռից ազատվելու համար: Նա անգամ շտապեց ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրա կազմում՝ նաեւ Արցախը, միայն թե խաղաղ ապրի ու վայելի իր իշխանությունը։ Պատերազմից հետո երեք տարի վարվող քաղաքականությունը քիչ-քիչ մոտեցրեց մեզ այդ հանգրվանին։ Հիմա էլ իշխանական քարոզչամեքենան Աղդամի ճանապարհով առեւտուր անելու Ադրբեջանի պահանջի կատարումն է համարում Արցախի ու արցախցիների գոյության նախապայման։ Սակայն Արայիկ Հարությունյանի հրաժարականը ոչ միայն Արցախում է իրավիճակ փոխել, արցախցիները հույս ունեն, որ նոր նախագահը չի տրվի ՀՀ իշխանությունների ճնշումներին եւ Արցախը չի տանի Ադրբեջանի հետ ինտեգրման ճանապարհով: Դրանով իսկ ՀՀ իշխանությունների խաղաքարտերը խառնվել են, եւ մեծ հարցականի տակ է` դրանք ավարտին կհասնե՞ն, թե՞ ոչ։
Թերեւս այս անհանգստությամբ է պայմանավորված, որ Հարությունյանի հրաժարականից րոպեներ անց ՔՊ-ական ակտիվը եւ սորոսական հատվածը ընդհատակից դուրս եկան: Իսկ մինչ այդ նրանք Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ «ո՛չ դմում էին, ո՛չ գմմում»: Հրաժարականից հետո սկսեցին աղաղակել իրենց սիրած թեմայի՝ «նախկինների վերադարձի» մասին, թե իբր Արայիկ Հարությունյանի հրաժարականը   «ռեւանշիստների հաղթանակն է», եւ հրաժարականը պարտադրել են Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Սերժ Սարգսյանի ու Ռուբեն Վարդանյանի թիմերից։ Իշխանական քարոզչամեքենան էլ ֆեյք էջերով սկսեց առաջ մղել շիզոֆրենիկ թեզեր, թե իբր Շահրամանյանի նշանակումն Արցախի պետականության դեմ ուղղված քայլ է եւ հանգեցնելու է Արցախի վերջնական կորստին։

Երեկ մենք Արցախից տեղեկացանք, որ Փաշինյանը եւ իր արցախյան սատելիտները որոշել են վա բանկ գնալ՝ Սամվել Բաբայանն ու սորոսական շրջանակներն ամեն ինչ անելու են Շահրամանյանի ընտրությունը խափանելու, իսկ ավելի կոնկրետ՝ Արցախում ցնցումներ հրահրելու համար։ Նրանք ակտիվ հանդիպումներ են ունենում իրենց համակիրների հետ եւ մտադիր են նախագահի ընտրության նախօրեին՝ սեպտեմբերի 8-ին, Ստեփանակերտում բողոքի ակցիաներ իրականացնել։ Ընդ որում, մեր աղբյուրի խոսքով՝  եթե մի քանի օր առաջ խոսվում էր, թե Փաշինյանը փորձելու է իր թեկնածուին նախագահ դարձնել, եւ շրջանառվում էր նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանի անունը, ապա հիմա չեն բացառում, որ Բաբայանի ֆրակցիան թեկնածու չառաջադրի, չմասնակցի ընտրությանը, պարզապես փորձեն քաոս առաջացնել՝ Ադրբեջանին «լեգիտիմ» իրավունք տալով զորք մտցնել Ստեփանակերտ եւ ապակայունացնել իրավիճակը։ Հիշեցնենք, որ ինքը` Սամվել Բաբայանը, առաջադրվելու իրավունք չունի․ Արցախում բնակության ցենզին չի բավարարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի վերջո, Ադրբեջանը, հենվելով Փաշինյանի` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հայտարարության վրա, կարող է թույլ չտալ, որ իր տարածքում անկարգություններ լինեն, եւ զորք մտցնել Արցախ։ Երեկ Սամվել Բաբայանն արդեն հայտարարեց․ «Ամսի 8-ին Արցախի հանրությունը պետք է ցույց տա, որ երեք հոգի նկուղում չեն կարող որոշում կայացնել»։ Իսկ երեքը Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ Արայիկ Հարությունյանն են։ «Շատ լուրջ պատասխանատվության առաջ են, պետք է հազար անգամ մտածեն, մի անգամ կտրեն… որովհետեւ մենք չգիտենք՝ վաղն ինչ է լինելու, որովհետեւ եթե Արցախում երեք հոգի նկուղում նստում եք, որոշում կայացնում, որ ինչ-որ մեկը դառնա նախագահ, ու բերում պառլամենտում ասում՝ այ, էս մարդուն պետք է ընտրեք, խնդիրն էդ անձը չի, խնդիրը նա է՝ այդ երեւույթը, որը Երեւանից թելադրվում է։ Արցախում ստեղծում ենք մի խմբակ, որը պայքարում է Հայաստանի իշխանությունը փոխելու համար։ Հայաստանի իշխանությունը թող դե փոխվի՝ դուրս գան ազգով, ժողովուրդով, էդ իշխանությունը փոխեն, Ղարաբաղն ինչի՞ եք դնում հարվածի տակ»,- ասել է Բաբայանը։

Արայիկ Հարությունյանը երեկ նույնպես ուղերձով հանդես եկավ՝ շեշտելով նախագահի ընտրության կարեւորությունը, եւ նեղ խմբերին հորդորեց՝ ցնցումների չտանել Արցախը. «Ո՛չ ես, ո՛չ էլ մեկ այլ կողմնակի անձ իրավունք չունենք միջամտելու այդ գործընթացին: Հորդորում եմ բոլոր քաղաքական ու հանրային գործիչներին՝ զսպվածություն ցուցաբերել եւ առաջնորդվել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ եւ ժողովրդավարական բարձր քաղաքական մշակույթով: Սա մեր պետական ու քաղաքական համակարգերի կարեւորագույն քննությունն է, որը պետք է անցնենք պատվով ու անցնցում: Եթե որեւէ անձ կամ խումբ փորձի ցնցումներ հրահրել, դա կլինի լրջագույն հարված Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին ու ապագային»: Եվ հորդորեց չսրել իրավիճակը․ «Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունից վերջին օրերին հնչող տարաբնույթ հայտարարություններին, որոնք արվում են այս կամ այն հնարավոր թեկնածուի օգտին կամ դեմ, ապա այդ անձանց պարզապես խնդրում եմ չխառնվել ու չխաթարել Արցախի ներքին կյանքի փխրուն կայունությունը, այն էլ՝ նման ծանրագույն ժամանակահատվածում»:

ԱԺ «Արդարություն» կուսակցության ղեկավար Հակոբ Հակոբյանը չի բացառում, որ Արցախում քաոտիկ իրավիճակ կարող է առաջանալ։ «Այս պահին չկա նման իրավիճակ, բայց եթե քաղաքական որոշ խմբեր, գործիչներ ցանկություն ունենան սրել իրավիճակը, չեմ բացառում, որ նման իրավիճակ կառաջանա»,- ասում է նա` այդ խմբերին հորդորելով խոհեմություն դրսեւորել: «Հուսով եմ, որ չեն գնա նման քայլի, հիմա պետք է վեր կանգնել նեղ անձնական եւ քաղաքական շահերից, եւ կարծում եմ՝ Արցախում գործող բոլոր ուժերը կունենան այդ խոհեմությունը եւ Արցախը չեն տանի լրացուցիչ ցնցումների կամ խժդժությունների»։ Հակոբյանը շեշտեց, որ նման գործողությունների հետեւանքների մասին բոլորն էլ լավ գիտեն: Խոսելով Սամվել Բաբայանի հայտարարության մասին՝ Հակոբյանը միայն ասաց, թե ցանկացած ոք իր քաղաքական ուղեգիծը գծելիս այսօր պետք է մեկ գլխավոր բան հաշվի առնի՝ արդյոք Արցախին պե՞տք են ցնցումներ․ «2020 թ. դեկտեմբերից ընդդիմությունը, այդ թվում՝ մեր քաղաքական ուժը, բազմաթիվ քաղաքական գործընթացներից զերծ ենք մնացել միայն ու միայն այն պատճառով, որպեսզի լրացուցիչ լարվածություն չառաջանա, ես կարծում եմ, որ մեր քաղաքական գործիչներն այսօր էլ կունենան բացարձակ խոհեմություն՝ այդ ամենից զերծ պահելու Արցախը»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով