ՀՀԿ-ն պատրաստվում է ակտիվ գործողությունների. «Հրապարակ »

«Հրապարակ» օրաթերթը գրում է.Սերժ Սարգսյանի կուսակից, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հայտարարությունն ԱԺ ամբիոնից, մի քանի օր է՝ խաթարել է իշխող ուժի անդորրը։ Իրական եւ ֆեյք օգտատերերը նախօրեից գրոհում են ՀՀԿ-ի ու հատկապես պատգամավորի ուղղությամբ, ՔՊ-ական պատգամավորներն էլ հաշիվ են պահանջում գործընկերոջից։

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը խորհրդարանում նա լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց. «Երեւանը փոխվելու է մեր՝ բոլորի, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, եւ եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաեւ արյամբ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ապա խորհրդարանի ավանդական հայտարարությունների ժամին ՀՀԿ-ական Մամիջանյանը խորհրդավոր ակնարկներ արեց՝ ինչ-ինչ գործողությունների եւ հնարավոր իշխանափոխության մասին․ «Ասածիս իմաստն այն է, որ եթե Նիկոլ Փաշինյանը որոշի կրակ բացել հայրենասերների վրա, ինչում, կարծում եմ, ոչ մեկը չի կասկածում, ապա հայրենասերների մեջ դրանից վախեցող չկա»: Հավելեց նաեւ․ «Կասկած անգամ չունեմ, որ Փաշինյանը կտա կրակի հրաման, բայց ես նաեւ կասկած ունեմ՝ այդ հրամանը կատարող կլինի՞, թե՞ ոչ, ես գիտեմ, որ չի լինի»։ Այնուհետեւ Հայկ Մամիջանյանը հարց ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանին, ով խորհրդարանի ամբիոնից ակնարկելով ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանի ճեպազրույցից կարդացած հատվածը՝ հարց ուղղեց, թե ում արյամբ է փոխվելու, ինչին ի պատասխան՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասաց՝ թեկուզ իր արյամբ։ «Ես բունկեր չունեմ, արտերկրում բնակարան չունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ արտերկրում ապրելու, այնպես որ, դրա քննարկումն ավելորդ է։ Հիմա՝ ձեր մասին․ ասածների շուրջ դուք դեռ մտածելու ժամանակ ունեք, ես շատ անգամներ եմ դա կրկնել, մեկ անգամ էլ կրկնեմ՝ Նիկոլ Փաշինյանը Նոյը չէ, տապան չունի։ Չեմ կարծում, որ այստեղ նստածներիցդ բոլորդ եք պատրաստ դառնալ անկախ ՀՀ-ի վերջին գումարման ԱԺ պատգամավոր, մտածեք` դեռ ժամանակ կա։ Բայց շուտով, երբ կանչը հնչի, կլինի արդեն գործողությունների ժամանակը»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։

Ընդդիմադիր պատգամավորներին սոցցանցերում գրոհելուց բացի, երեկ խորհրդարանի ամբիոնից հնչեց նաեւ ՔՊ «ծանր հրետանու» խոսքը․ «Էստեղ ո՛չ ձեր կանչերից վախեցող կա, ո՛չ ձեր արյունռուշտ կոչերից վախեցող կա, ո՛չ էլ, առհասարակ, ձեզնից վախեցող կա»,- ընդդիմադիր պատգամավորին արձագանքեց «շշպռողների դասակի հրամանատար» Վահագն Ալեքսանյանը։ «Ու եթե ձեզ թվում է, որ ձեր քաղաքական ուժի նախագահին հաջողվել է մարտի 1-ին իշխանության գալ` արյուն թափելով, ու դա ձեզ հաջողվելու է երկրորդ անգամ, ապա ձեզ շատ մեծ հիասթափություն է սպասվում։ Հետո էլ, պարոն Մամիջանյան, այստեղից հայտարարում եք, թե երբ կանչը հնչի, կգա գործելու ժամանակը։ Պարոն Մամիջանյան, ես կխնդրեմ՝ էդքան պաթոսով չարտահայտվել եւ վայբերի SMS-ներին կանչ չանվանել, որովհետեւ բոլորս էլ գիտենք, թե ձեր կանչ կոչվածը ինչի հետ եք, ինչ SMS-ների հետ եք, որ, ամենայն հավանականությամբ, վայբերով եք ստանում, եւ ես վստահ եմ, որ մեր հայրենակիցների բացարձակ մեծամասնությունը գիտի, թե աշխարհագրական որ կետից եք ստանում այդ կանչերը: Այս ելույթը կարող եք թարգմանել ու վայբերով հետ ուղարկել»,- հայտարարեց Ալեքսանյանը։

Իշխանականների անհանգստությունը թերեւս պայմանավորված է նրանով, որ տեղեկություններ կան, թե ՀՀԿ-ում արդեն մի քանի ամիս է՝ պատրաստվում են․ քաղաքական բողոքի ակցիաներ են պլանավորում, գործողություններ, որոնց մասին ակնարկում էր Մամիջանյանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՀԿ-ականները հետեւելու են Երեւանի ավագանու ընտրություններին, եւ գործողությունների հարմար պահն էլ կախված է լինելու Երեւանի ընտրությունների արդյունքներից: ՀՀԿ-ում վստահ են, որ ՔՊ-ն 50+1 չի հավաքելու, իսկ ուժերի հարաբերակցությունն էլ լինելու է այնպիսին, որ որեւէ ուժ կոալիցիա չի կազմելու, ուստի Երեւանում քաղաքական ճգնաժամ է առաջանալու, ինչը գործողություններ գեներացնելու ճիշտ ժամանակը կլինի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի վերջո, ի՞նչ կանչի մասին է խոսքը, ինչը պետք է ազդակ դառնա, եւ արդյո՞ք գործողությունների են պատրաստվում՝ երեկ հարցրինք Հայկ Մամիջանյանին, սակայն նա պատասխանեց, որ ավելացնելու ոչինչ չունի, անգամ Ալեքսանյանին պատասխանելու ցանկություն չունի։

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը մեր հարցին՝ երբ եւ ինչից հետո են «ակտիվ գործողություններ» սպասվում, եւ արդյո՞ք հենց ՀՀԿ-ն է նախաձեռնում, պատասխանեց․ «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ կոնկրետ որոշում չունենք՝ օրվա, ամեն ինչի, ժամանակի հետ կապված, էն, որ լինելու են՝ այո, բայց կոնկրետություն չկա»։ Սամվել Նիկոյանի կարծիքով՝ նոր չեն հնչեցնելու «կանչը», դա քանիցս են հնչեցրել, բայց առայժմ ժամկետները հայտնի չեն, թե երբ է հաջորդ կանչը հնչելու․ «Օրը դեռ հայտնի չէ»։

Արդյո՞ք այդ «կանչը» հնչելու է արտաքին քաղաքական կենտրոններից մեկից, ենթադրաբար՝ ՌԴ-ից, որի մասին իշխանականներն ակնարկներ են անում։ «Գիտեք, իրենք ակտիվանում են այն դեպքում, երբ իրենց աթոռներին վտանգ է սպասվում, կամ կանխատեսում են, որ ինչ-որ բան կարող է լինել, ու իրենք զրկվեն կերակրատաշտակից, խառնվում են իրար, ակտիվանում են, բայց երբ խոսքը վերաբերում է հայրենիքին, մեր սահմաններին, ձայնները կտրած, լեզուները եսիմ որտեղ մտցրած՝ վեր են ընկնում իրենց տեղը»,- ասում է Նիկոյանը։

Նա հռետորական հարց է հնչեցնում․ «Ապրիլ-մայիս ամիսներին էլ էինք ակտիվացել, էլի արտաքին քաղաքական ազդակ կա՞ր, թե՞ բոլոր արտաքին քաղաքական կենտրոններն իրենց գլուխն էին շոյում, ասում էին, չէ՞, դավաճան չի ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին` Լ. Շ.)»: Դիտարկմանը, որ հիմա առավել, քան երբեւէ, նկատելի է ՀՀ իշխանությունների հակառուսական դեմարշները, ասաց. «Հասկանալի է, բայց եկեք անկեղծ լինենք` վերջին տարիներին, երբ մենք ինչ-որ բան կարողացել ենք անել, արտաքին ազդակի՞ ենք սպասել, ինչ էլ որ արել ենք, գտել ենք, որ այդ պահին նպատակահարմար է։ Ինչի մենք չգիտե՞նք, որ դրսում բոլորն էլ իրեն են պահում, որովհետեւ յուրաքանչյուրն ուզում է իր շահերի համար օգտագործել, եւ ինքն էլ օգտագործվում է ու դրանով դարձել է բոլորինը, բոլորն ասում են՝ թող ինքը մնա, ամեն ինչն էլ տանք, բայց՝ մեր քավորությամբ»։ Թե այս իրավիճակում ինչպես է հնարավոր իշխանափոխության հասնել, ՀՀԿ-ականը չցանկացավ պատասխանել, ասելով․ ամեն բան՝ իր ժամանակին։
ՀԳ․ Ի դեպ, Սերժ Սարգսյանի թիմակիցները` «Պատիվ ունեմ» խմբակցությունը, երեկ չմասնակցեց կառավարության հետ հարցուպատասխանին, ի տարբերություն իրենց գործընկերների՝ «Հայաստան» դաշինքի:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 14. 09․ 23 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով