Համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.Հենակետ

Համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին  ներկայացնում  է Հենակետ  վերլուծական կենտրոնը:

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ հետևակի մարտական անձնակազմերը՝ վարելու և կրակային պատրաստության գործնական պարապմունքներ են անցկացրել, իսկ Նախիջևանի առանձին համակցված բանակում անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ։
Համազորային զորավարժարանում անցկացված միջոցառումներում հաջողությամբ կատարվել են մարտական մեքենաների վարման, ինչպես նաև պայմանական հակառակորդի թիրախների ոչնչացման ստուգողական աշխատանքներ։ Միջոցառումներ են ձեռնարկվել ադրբեջանական բանակի տանկային ստորաբաժանումներում մարտունակությունը ստուգելու ուղղությամբ։
Զաքիր Հասանովի հանձնարարությամբ Ադրբեջանի ՊՆ Անձնակազմի կառավարման գլխավոր վարչության գաղափարական աշխատանքի և բարոյահոգեբանական աջակցության վարչության մի խումբ սպաներ հանդիպել են Արցախից գրավված տարածքներում տեղակայված ստորաբաժանումներում ծառայող զինծառայողների հետ։
Իսրայելական «Haaretz» հրատարակությունը հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում լրատվամիջոցները եզրակացրել են, որ ավելի քան 90 թռիչք է իրականացվել Ադրբեջանի և Իսրայելի օդանավակայանի միջև, որը սովորաբար օգտագործվում է պայթուցիկ նյութերի արտահանման համար։
Լրատվամիջոցների հետաքննության արդյունքներով՝ պարզվել է, որ վերջին յոթ տարիների ընթացքում Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ իրականացվել է 92 չվերթ, որոնք իրականացրել է «Silk Way Airlines»-ը, որը ադրբեջանական մասնավոր բեռնափոխադրումների ավիաընկերություն է։ Նշվում է նաև, որ Իսրայելը Ադրբեջանին գաղտնի վաճառել է միլիարդավոր դոլարների զենք ու զինամթերք, որն էլ ի պատասխան նավթ է ուղարկել Իսրայել։
Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը Հայպալու կոչվող տարածքում կրակ է բացել Արցախի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հերթապահ ավտոմեքենայի վրա։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է Արցախում իրենց դիվերսիոն ներթափանցման հետևանքով մահացած երկու անձանց անունները։
Ադրբեջանական բանակը Global Firepower վարկանիշային աղյուսակում 145 երկրների շարքում զբաղեցնում է 57-րդ տեղը։ «Defense Turk» լրատվականը հայտնել է, թե «Ձմեռային զորավարժություններ-2023»-ում արդյունավետորեն օգտագործել են 81 մմ և 120 մմ ականանետների փոխակերպման էլեկտրոնային համակարգերը, որոնք արդիականացվել են թուրքկաան «ASELSAN» ընկերության կողմից և առաջին անգամ մատակարարվել 2022 թ․-ի հոկտեմբերին:
Հայ-ադրբեջանական հարաբերություններում ընթացող զարգացումների մասին
Ջեյհուն Բայրամովը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցում առցանց դիվանագիտությունը «անարդյունավետ» է որակել և Երևանին հրավիրել է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
Բաքվում շարունակել են շրջանառել «Արևմտյան Ադրբեջան վերադառնալու» գաղափարը։ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» կոչ է արել ԵԽԽՎ-ին «սկսել Հայաստանից վտարված ադրբեջանցիների՝ իրենց տներ վերադառնալու իրավունքի մոնիթորինգը»։
«Արևմտյան Ադրբեջանի» համայնքը նամակ է հղել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ կոչ անելով աջակցել իբր Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն պահանջել է «արևմտյան Ադրբեջանի հարցը» մտցնել Հայաստան-Ադրբեջան օրակարգ։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հանդիպել է Ալիևի հետ։ Ադրբեջանի նախագահը փորձել է Գրոսիին համոզել, որ Մեծամորի ԱԷԿ-ը «վտանգավոր է»:
Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը հայտարարել է, թե Ադրբեջանը պետք է վերջ դնի իր ագրեսիային։ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է աջակցել Բաքվի և Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը։
Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին
Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի հետ կապերի պատասխանատու։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե մարտի 1-ին Մամեդովը ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի շտաբում հանդիպել է Արցախի ներկայացուցիչների հետ։
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսադրող է անվանել Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպման մասին հաղորդագրությունը: ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև ուղիղ շփումները։
Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Անտոնիո Վիտորինոն այցելել է Բաքու, և հանդիպելով Ադրբեջանի նախագահի հետ՝ ընդգծել է ադրբեջանցիների «մեծ վերադարձի» առաջին պետական ծրագրի կարևորությունը Արցախից գրավված տարածքների համար և հայտարարել, որ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը կարող է աջակցել այդ գործընթացին։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ փետրվարի 28-ին Կովսականի (Զանգելան) Աղալը գյուղում մշտական բնակության է մեկնել ադրբեջանցիների մեկ այլ խումբ՝ բաղկացած 10 ընտանիքից (50 մարդ)։ Մինչ այժմ 66 ընտանիք (326 մարդ) է տեղափոխվել գյուղ։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե Շուշիում ադրբեջանցիները ջրամբար են կառուցում: Կենտրոնական ջրամբարը, որը բաղկացած է երկու մասից՝ յուրաքանչյուրը 1000 խմ, շահագործման կհանձնվի այս տարի:
Ադրբեջանի Հանրապետության ականազերծմանգործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը հայտնել է, թե Ակնայի (Աղդամի) շրջանի տարածքի 25 տոկոսը մաքրվել է ականներից ու չպայթած զինամթերքից։
Լաչինի միջանցքի փակման մասին
Լավրովը հայտարարել է, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրում չի նախատեսվում, բայց հավելել է, թե առկա կասկածները, թե արդյոք միջանցքն օգտագործվում է, ինչպես հարկն է, տեխնիկական միջոցներով փարատելու հնարավորություն գոյություն ունի։
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է, թե Ադրբեջանը պետք է հարգի Լաչինի միջանցքի հետ կապված ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը։ Նախարարը կրկնել է Լաչինի միջանցքով անարգել երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտությունը։
Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները մտահոգություն են հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ: «The Jewish Press» օրաթերթում Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի ակտիվիստների հետ Իսրայելի համերաշխության մասին հոդված է հրապարակվել:

Տարածաշրջանային ծրագրերի մասին

Ադրբեջանի վերականգնվող էներգետիկայի պետական գործակալության տնօրեն Ջավիդ Աբդուլլաևը հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» դեպի Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու մասին: Նա հավելել է, որ այլընտրանքային էներգիան Զանգեզուրի միջանցքով կտեղափոխվի Թուրքիա, իսկ այնտեղից՝ Եվրոպա:
ԱՄՆ կոնգրեսական Էլիոթ Էնգելը հայտնել է, թե Ադրբեջանը համաձայնել է Իսրայելին տրամադրել իր բազաները՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու համար։
Իրանական ԶԼՄ-ները շարունակել են ակտիվորեն քննարկել ադրբեջանական մամուլում իրականացվող հակաիրանական քարոզչությունը: «Ziaossalehin» կրոնական ուղղվածության կայքը դատապարտել է Ադրբեջանի վարքագիծը՝ անդրադառնալով նաև Բաքվում Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալություններին:
Այլ թեմաներ
Բաքվում Չմիանալու շարժման կոնտակտային խմբի գագաթաժողովի ելույթում Ալիևը իր խոսքի առյուծի բաժինը Ալիևը նվիրել է մեղադրանքներին և պահանջներին։ Նա նշել է, թե Ադրբեջանը Ֆրանսիայից պահանջում է ներողություն խնդրել գաղութային անցյալի համար։ Ալիևի ելույթը լայնորեն լուսաբանվել է թուրքական մամուլում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով