Անկախ մարմինների քաղաքականացման դիֆուզիան. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջերս կառավարության նիստում մի երևույթ տեղի ունեցավ, որն աննախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի պրակտիկայում։ Խնդիրն այն է, որ նիստի ժամանակ գլխավոր դատախազը, խոսելով Ազատ գյուղի դեպքերի և հարուցված քրեական գործի մասին, հայտարարեց, թե վարչապետին պարբերաբար զեկուցել է և հիմա էլ զեկուցում է։ Իրականում Սահմանադրության և օրենքների համաձայն, գլխավոր դատախազը չի կարող զեկուցել վարչապետին։

Այլ կերպ ասած՝ ո՛չ ՀՀ Սահմանադրության 8-րդ գլխում, որը վերաբերում է դատախազությանը և քննչական մարմիններին, ո՛չ էլ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում գլխավոր դատախազին նման գործառույթ վերապահված չէ, ավելին՝ նա նույնիսկ կառավարության անդամ չի հանդիսանում։ Գլխավոր դատախազն ընտրվում է Ազգային ժողովի կողմից, հաշվետու է խորհրդարանին և յուրաքանչյուր տարի նա խորհրդարանին հաղորդում է ներկայացնում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Գլխավոր դատախազի կողմից նույնիսկ խորհրդարանին զեկուցելու լիազորություն վերապահված չէ։ Գլխավոր դատախազը ոչ միայն պարտավոր չէ, այլև իրավունք չունի վարչապետին զեկուցել այս կամ այն քրեական գործի ընթացքի և ձեռնարկվող միջոցառումների մասին։

Բացի այդ, դատախազի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է և առաջացնում օրենքով սահմանված պատասխանատվություն: Ամենաշատը գլխավոր դատախազը կարող է միայն թույլատրելիի սահմաններում ինչ-որ իրադարձությունների մասին որոշակի տեղեկություններ հաղորդել երկրի վարչապետին: Բայց «զեկուցելը», առավել ևս այնպիսի մանրամասներով, որ, «նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին ուղղակի չեմ բարձրաձայնի», այսինքն՝ հրապարակային բարձրաձայնման ենթակա չեն, արդեն իսկ վկայում է լուրջ համակարգային խնդրի առկայության մասին։ Տարբեր փորձագետներ բազմիցս ընդգծել են, որ քաղաքական թիմի անդամը չպետք է դառնա անկախ մարմնի ղեկավար։ Իսկ հիմա ունենք այնպիսի մի իրավիճակ, երբ գլխավոր դատախազ է քաղաքական թիմի անդամը։ Շատերի կարծիքով, նորանշանակ գլխավոր դատախազի՝ Փաշինյանին զեկուցելու պատճառներից մեկն այն է, որ նա դեռևս իրեն զգում է որպես վարչապետի օգնական, որը պետք է պարբերաբար զեկուցի աշխատանքների մասին, իսկ վարչապետն էլ դրանց հիման վրա հանձնարարություններ տա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հնարավոր է՝ նա գլխավոր դատախազ նշանակվել է հենց այդ կարգավիճակով: Այստեղ գալիս ենք մեկ այլ եզրահանգման. եթե կա զեկուցում, ապա դա ենթադրում է, որ կա նաև հանձնարարություն: Այսինքն, դատախազությանը վարչապետի կողմից ուղիղ հանձնարարության առկայության դեպքում ակնկալել արդար քննություն պարզապես միամտություն է: Սակայն այս թեման միայն դատախազությամբ չի սահմանափակվում և ավելի գլոբալ բնույթ ունի։ Օրինակ՝ ներկա պահին ԿԸՀ նախագահը քաղաքական թիմի անդամ է: Այո, ֆորմալ առումով նա դուրս է եկել կուսակցությունից, սակայն դա ոչինչ չի փոխում՝ հաշվի առնելով նրա կենսագրությունը, կապերն ու անմնացորդ նվիրումը Փաշինյանին: Կարելի՞ է ենթադրել, որ նա ևս զեկուցելու և հանձնարարություններ է ստանալու Փաշինյանից: Իհարկե: Ավելին, դա ոչ միայն ենթադրելի է, այլև հակառակի մասին հուսալը պարզապես հիմարություն կլինի:

Մյուս կողմից՝ գործ ունենք ԲԴԽ-ի հետ, որը կոչված է երաշխավորելու դատարանների և դատավորների անկախությունը, իսկ դատական իշխանության անկախությունը իշխանության թևերի տարանջատվածության ու հակակշիռների ապահովման կարևոր բաղադրիչ է, սակայն ԲԴԽ նախագահը նույնպես իշխող քաղաքական թիմի կարկառուն ներկայացուցիչ է։ Ունենք նաև Մարտի 1-ի գործով կամ այլ աղմկահարույց քրեական գործերով շահագրգիռ ՍԴ անդամներ՝ առնվազն 2 դատավոր։ Այս ամենը մեկ անգամ ևս վկայում է, որ Փաշինյանի համար օրենքի գերակայությունը և ժողովրդավարական մեխանիզմները զրո արժեք ունեն, իր համար կարևորը բացառապես իր աթոռն է, ամբողջական անձնիշխանության հաստատումը, ինչի ճանապարհին բոլոր ոլորտներն ու անկախ մարմինները քաղաքականացվում են և կախվածության մեջ հայտնվում իրենից։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով