Քաղաքականությունը որպես սյուժե, քաղաքական գործիչը՝ դերասան․ «սև հայելու» էֆեկտը.Թևանյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր   Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երբ իրար ձեռք բռնած տղան ու աղջիկը քայլում են ամեն մեկն իր հեռախոսի մեջ մտած ու իրար կողք կանգնած կրկին շփվում հեռախոսի միջոցով, հասկանում ես, որ հեռախոսը ավելին է, քան կապի միջոցը։
Աշխարհը դարձել է «հարթ»։ Լրագրող Թոմաս Ֆրիդմանն իր հայտնի «Հարթ աշխարհ» գրքում խոսում էր 10 գործոնի մասին, որոնք վերափոխեցին աշխարհը։ Գլխավոր գործոնն, իհարկե, տեխնոլոգիական հեղափոխությունն է, որի արդյունքում ջնջվում են պետության սահմանները, ինֆորմացիան տեղ է հասնում վայրկյանների ընթացքում։
Աշխարհը դարձել է մեծ գյուղ, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են կամ կարող են շատ արագ ճանաչել։
Ֆուտուրոլոգ Էլվին Թոֆլերը 1980–ին կանխատեսում էր, որ փոփոխությունների երրորդ ալիքը մարդկությանն ամբողջությամբ կմտցնի հետինդուստրիալ փուլ, որը կոչվում է ինֆորմացիոն քաղաքակրթություն։
Մենք հիմա շատ ավելի առաջ ենք գնացել։ Ինֆորմացիոնից անցում ենք կատարել դեպի «կլիպային» դարաշրջան ու ․․․ վերադարձել դեպի «քարանձավ» (շատ հաճախ մտքերն արտահայտում ենք ոչ թե տեքստի, բանավոր խոսքի, այլ սիմվոլների միջոցով՝ «լայք», «սմայլիկ», «սրտիկ» և այլն)։
«Կլիպային» դարաշրջանը և «հարթ» աշխարհն իրենց հետ բերում են քաղաքական տոտալիտարիզմի նոր ձևեր։
Տոտալիտարիզմի կեղտոտ դրսևորումն ամբոխավարությունն է՝ օխլոկրատիան։ Մեր օրերում ամբոխավարությունը շատ ավելի վատ ձևով է ներկայանում, քանզի ամբոխն իր մեջ ներառում է ոչ միայն ֆիզիկապես իրար կողք կանգնածներին, այլ նաև վիրտուալ հարթության մեջ հավաքվածներին, որոնց «սև հայելու» միջոցով կառավարում են և մոլորեցնում։
Եթե Ջորջ Օրուելն իր «1984»–ում տոտալիտարիզմի նոր տեսակ էր համարում այն, որ «Մեծ եղբայրը» ձգտում է հետևել բոլորի մասնավոր կյանքն իրենց կամքին հակառակ, ապա «հարթ» աշխարհում մարդիկ կամովին են դառնում «սև հայելու»՝ էկրանի գերի և ի ցույց դնում մասնավոր կյանքը։
Հեռուստացույցի, սմարթֆոնի, պլանշետի սև էկրանները բառիս բուն իմաստով են աշխարհը դարձնում հարթ՝ նպաստելով նաև մարդկանց ուղեղների «հարթեցմանը»։ Հերբերտ Մարկուզեի նկարագրած «միաչափ մարդը» դարձել է «հարթ մարդ»։
Թվում է, թե ինֆորմացիայի հայթայթման ահռելի հնարավորությունները մարդկանց պետք է ավելի ազատ դարձնեին, բայց տեղի է ունեցել ճիշտ հակառակը։ Ինֆորմացիոն հեղեղն անպաշտպան է դարձրել մարդկանց, օրինակ, քաղաքական պոպուլիզմից, դեմագոգներից, շառլատաններից, ստի ինդուստրիայի հարձակումներից։
«Սև հայելին» ազդել է հանրային կյանքի բոլոր ոլորտների, այդ թվում՝ քաղաքականության վրա։ Երևույթների «կլիպային» ընկալումը, տիկտոկային համահարթեցումը և «սև հայելին» փոխել են քաղաքական կյանքը։ Քաղաքական գործիչների, կուսակցությունների մրցակցությունը դարձել է տարատեսակ սյուժեների հերոսների պայքար։ Այդ սյուժեները ոչնչով չեն տարբերվում գեղարվեստական ֆիլմերի, սերիալների սյուժեներից։
Քաղաքական գործիչները վերածվել են դերասանների։ Նրանք միշտ են այդպիսին եղել, բայց չափի մեջ։ Հիմա դերասանությունը զգալիորեն առաջ է մղվել՝ հետևում թողնելով ծրագրերը, պրոֆեսիոնալ հատկանիշները, կառավարչական որակները։ Էությունը հետ է մնացել փաթեթավորումից։ «Սև հայելին» իր «սև» գործն արել է։ Դրա համար էլ «կապիկների մոլորակ» է ձևավորվել։
Հայաստանը «սև հայելու» զոհերից մեկը դարձավ 2018–ից հետո։ Քաղաքական ծաղրածուն իրական ու վիրտուալ ամբոխի վերածեց հասարակությանը և պատուհաս դարձավ մեր երկրի գլխին։ Միակ «մխիթարանքն» այն է, որ մենք մենակ չենք մեր այս դժբախտության մեջ։
Այս նոր քաղաքական իրականությունը և համաշխարհային թրենդերը դեռևս ակադեմիական մակարդակով լավ չեն ուսումնասիրված, ախտորոշումները համակարգված չեն, չկան ունիվերսալ դեղամիջոցներ։
Քաղաքագիտության դոկտոր և լրատվական դաշտի «բարիկադների» երկու կողմում էլ կռիվ տված Վիկտոր Սողոմոնյանն իր «Политика как сюжет» գրքում անդրադարձել է վերը նշված խնդիրներին՝ համեմատական վերլուծության ենթարկելով 12 պետությունների փորձը (Ուկրաինայից մինչև ԱՄՆ, Ֆրանսիայից մինչև Ինդոնեզիա, Հնդկաստանից մինչև Հունգարիա․ բոլոր տեղերում էլ դրսևորվել են քաղաքական կյանքի «կլիպացումը», դրամատիկ սյուժեն, սերիալային պարզունակությունը), տալով կիրառական առաջարկներ։
Գիրքը ժամանակակից աշխարհի քաղաքական տենդենցները համակարգված դիտարկելու փորձ է։ Այն մեկ շնչով է կարդացվում։ Լրագրողական աշխատանքի ու պաշտոնական լրատվություն «արտադրողի» փորձը, բանասիրական բազային կրթությունը և ակադեմիական քաղաքագիտական գիտելիքների համադրությունը հեղինակին հնարավորություն է տվել նյութը մատուցել «կլիպային» ոճով, ինչը ոչ մասնագետի համար էլ է մատչելի դարձնում առարկան ու ստիպում «սև հայելին» որոշ ժամանակով փոխարինել գրքի հարթ «էկրանով»։
Սողոմոնյանը դիտարկում է քաղաքականությունը որպես սյուժե և ներկայացնում «սև հայելու» հնարավորությունները, դրա բերած վտանգները, այն արդյունավետ կիրառելու տեխնոլոգիաները։ Նրա արած որոշ եզրահանգումների ու տված գնահատականների հետ արժե վիճել ու չհամաձայնել, բայց հենց դրա մեջ է գրքի արժեքը։ Արժե կարդալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

5 + 9 =