Սուտը, անբարոյականությունն ու տգիտությունը կերան մեզ ներսից. Լիլիթ Գալստյան

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՃԵՂՔԵԼ, ՃԵՂՔԵԼ, ՃԵՂՔԵԼ ԻՆՔՆՈւԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏԸ

Ճգնաժամերը մենակ չեն գալիս։ Քաղաքական լրջագույն ճգնաժամի, ես կասեի՝ համակողմանի գոյաբանական ճգնաժամի մեջ հայտնված մեր հասարակությունն ինքնության ծանր ճգնաժամ է ապրում։ Սա ակնհայտ է, սպառնալի, ոչ մի տեղ չտանող․․․

Ըստ էության, դժվար է համոզված պնդել․ ինքնության ճգնաժամը նախորդում է քաղաքականին, թե՝ հակառակը։ Թեև հակված եմ հաստատելու, որ այն, ինչ կատարվում է մեր հասարակության հետ՝ շարունակ խորացող արժեքային և բարոյական դեգրադացիան, քայքայումը, ազգային կազմաքանդումը, անսպասելի էր կամ՝ հանկարծահաս․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինքնությունն, իհարկե, ո՜չ քարացած երևույթ/ֆենոմեն/ է, և ոչ էլ՝ կենսաբանական։ Ժամանակը, ցանցային աշխարհի ալգոռիթմերը, աշխարհաքաղաքական միջավայրը, ազդեցության գործակալական ցանցերը, ազգի բարոյահոգեբանական ստատուսը թողնում են իրենց անխուսափելի ազդեցությունը։

Մենք կաթիլ-կաթիլ հայտնվեցինք այս սողացող պատերազմի տակ, թույլ և խոցելի էին մեր ինստիտուցիոնալ համակարգերը․․․երբ ինչ-որ խառնամբող հարձակվեց Վեհափառի վրա՝ կուլ տվեցինք, երբ դպրոցից հոգևորականին դուրս դրեցին՝ լռեցինք, երբ արցախցի-հայաստանցի դիսկուրս բացվեց՝ հանդուրժեցինք, երբ հայոց լեզուն ամեն վայրկյան ոտնատակ արվեց՝ անտարբեր անցանք, երբ ուսուցչին նվաստացրին, ծաղրի առարկա դարձրին՝ թաքուն հրճվեցինք, երբ կրթական համակարգը քաղաքականացրին՝ մատների արանքով նայեցինք, երբ ազգային միտքը պիտակավորվեց, չարախնդացինք, երբ մեր պատմական ցավն ու հիշողությունը փորձեցին ուրանալ, մենք ազգովի չընդվզեցինք, երբ հաղթանակած բանակը ոտնակոխ արեցին՝ կամք չունեցանք թացն ու չորը զատել, երբ Հայրենիքի մի կտորին ամայի ու անպետք հողատարածք անվանեցին՝ հանդուրժեցինք, պետությունից վերցնելը, ստանալը, նաև գողանալն ավելի տարածական մտածողություն է, քան տալը / բացառիկներին, ազնիվներին ու նվիրյալներին խոնարհում, կան՝ բայց քիչ/․․․

Օվերտոնը բացվել էր․․․ ու մենք ոչ ներքին, որ էլ արտաքինին թշնամուն դիմադրելու որ կամք, ոչ կորով, ոչ էլ՝ համոզում ու ցանկություն ունեինք։ Սուտը, անբարոյականությունն ու տգիտությունը կերան մեզ ներսից։ Այս խորացող քաոսացումը ձեռնտու է բոլորին, բացի մեզանից՝ հայ ժողովրդից։ /Պատմությունը դաս չի դառնում մեզ համար, ու, ցավոք, այն կրկնվելու հատկություն ունի/։

Ու հիմա, հավաքական հայությունն իր անցյալն ավելի է ատում /առանց մեղքի և պատասխանատվության զգացողության/, քան գնահատում է ներկան ու արժևորում ապագան՝ չտեսնելով իր մեղքի ու պատասխանատվության բաժինը։

Մեզ նման փոքր ազգերի համար հավաքական ինքնության հենարանային, բազային արժեքները թթվածնի գինն ունեն։ Չի կարող հաղթել, առաջ գնալ, զարգանալ և մրցակցային լինել այն ազգը, որն ուրանում է իր անցյալը, ռացիոնալ դատողության դաշտին գերադասում է կույր և ոչնչացնող ատելությունը, նաև պատասխանատվություն չի զգում ապագայի հանդեպ։ /Նորից կրկնեմ՝ այս իրականությունը մեկ օրում չունեցանք․ պատճառների մասին շատ ենք խոսել/։

Ես ավտորիտար ռեժիմների կողմնակից չեմ։ Ոչ էլ կարծում եմ, թե Բութանի պես կարող ենք երկիրը փակել, երջանկության նախարարություն հիմնել ու տապակվել մեր յուղի մեջ։

Բայց համոզված եմ անվերապահորեն, որ մեր ազգային պետական շահը պահանջում է սահմանել մեր հավաքական ինքնության /single identity/ կարմիր գծերը․ անգամ, եթե դրանք դոգմատիկ կամ ավտորիտար կարող ենք հնչել, բայց համոզված եմ, որ այսպես է հնարավոր ամրացնել մեր ողնաշարն ու դիմադրել, կայանալ, չտարալուծվել, չվերջանալ․․․

Եվ, այնուամենայնիվ, սա դատավճիռ չէ․․․

ԿՐԹՈւԹՅՈւՆ և ՄՇԱԿՈւՅԹ․ սրանք են այն միակ գործիքները, որոնցով հնարավոր է հաղթել ինքնության/մեր գոյության/ հավաքական ճգնաժամը։

Եվ սա պահանջում է իշխանություն, որը գիտակցում է կրթության և մշակույթի քաղաքական, ազգակերտ դերակատությունը։

Իսկ ավելի ճիշտ՝ մեր ինքնության ճգնաժամը հաղթահարելու և ազգային պետություն կառուցելու հանձնառություն ունի։

Հ․Գ․

Օրերս ժամանակակից արվեստի մի հրաշալի հավաքածու տեսա՝ Հ․ Իգիթյանի հիմնած թանգարանի ֆոնդերից, որ ցուցադրվում է ԱԳՆ նախկին տարածքներում։ Բարձր արվեստի այդ հրավառությունից շունչս կտրվում էր, ու ողջ ընթացքում մի միտք չէր լքում ինձ՝ ուր էինք, ուր հասանք․․․

Եվ, այնուամենայնիվ, անգամ այդ հավաքածուն ինձ ուժ է տալիս, մենք անսպառ ներուժ ունենք, տաղանդավոր ենք, արարող․․․ կարող ենք ճեղքել անելի այս պատը․․․ճեղքել․․․ճեղքել․․․ճեղքել․․

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

five × four =