«Ողնաշար հանդիսացող, արտարժույթ բերող ճյուղերը շատ սարսափելի վիճակում են». «Փաստ»

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Փաստ» օրաթերթը գրում է.«Հայ արտահանողների «Էքսպորտ Արմենիա» ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանն արտահանողների առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները երկու ժամանակահատվածի է բաժանում: Խոսքը տարեսկզբին ու արդեն այսօր առկա միտումներից բխող վնասների մասին է:

«Գարնան ամիսներին զգալի տուժում էին դեպի ՌԴ արտահանող կազմակերպությունները: Ինչպես հայտնի է, մեր պատրաստի արտադրանքի մոտ 70 տոկոսը Ռուսաստան է գնում: Եվ այս իմաստով մեր արտահանողները նշված ժամանակահատվածում մեկ-երկու ամիս խայտառակ տուժեցին, որովհետև իրենց վաճառած ապրանքի դիմաց ստացան ռուբլի և մոտավորապես կես գնով կարողացան փոխարկել դրամի: Նրանք այդ ընթացքում բավականին մեծ վնասներ կրեցին: Իսկ հիմա տուժում են դեպի այլ երկրներ դոլարով ու հատկապես եվրոյով արտահանում իրականացնողները: Եվրոյի դեպքում ընդհանրապես շատ ծանր իրավիճակ է: Առհասարակ, իրավիճակը շատ ծանր է, որովհետև արտահանումն ընդհանրապես բարձր շահութաբերության ոլորտ չէ: Արտահանման դեպքում գործ ունենք ցածր շահութաբերության, բայց մեծ քանակների հետ: Հատկապես հայկական արտադրանքի արտահանման մեջ մեծ մարժաներ չկան, քանի որ դրսում ճնշումը մեծ է, իսկ մրցակիցները շատ ուժեղ են: Ու մրցունակ մնալու համար հայկական արտադրանքը շատ փոքր շահութաբերությամբ է աշխատում: Հիմա վաճառված ապրանքի դիմաց 25 տոկոսով արժեզրկված եվրոյից 25 տոկոսով ավելի քիչ դրամ են ստանում ծախսերը հոգալու համար: Սա նշանակում է՝ կա՛մ շահույթ ընդհանրապես չունես, կա՛մ վնասով ես աշխատում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Էմիլ Ստեփանյանը՝ շեշտելով, թե այլ հարց է հասկանալը՝ արտահանողները որքա՞ն երկար կարող են վնասով աշխատել, որքան կարող են դիմանալ:

Նա շեշտեց, որ խնդիրը ոչ միայն դոլարի նկատմամբ առկա ճնշումն է, այլ նաև այն, որ հումքերը, նյութերը, բեռնափոխադրման ծառայություններն են թանկացել. «Բնականաբար, այս պայմաններում անմրցունակ ենք դառնում: Այո, որոշակի փոքրիկ թանկացումներ կարող ենք թույլ տալ թանկացման ընդհանուր միտումների համատեքստում, բայց պետք է հասկանանք, որ հայկական արտադրանքն ինքնին ցածր մարժայով է աշխատում: Մեր արտադրանքը բարձր մրցունակության դաշտում է ու, բնականաբար, եթե գինը 5 տոկոսից ավելի բարձրանա, գնորդն այլընտրանք է փնտրում: Շատերը այդ այլընտրանքը գտնում են ու ոչ հայկական ապրանքների տեսքով: Եվ եթե հումք ես մատակարարում ու գործընկերդ արտադրանքիդ շնորհիվ ինքնարժեք է ձևավորվում, այդ դեպքում գների բարձրացումն ավելի ցավալի են տանում»,-ասաց նա: Էմիլ Ստեփանյանն ընդգծեց նաև ծառայություններ արտահանողների խնդիրների մասին, որոնք վճարվում են արտարժույթով. «Խոսքը, օրինակ՝ ծրագրավորողների մասին է, որոնք հիմնականում արտաքին պատվերներով են աշխատում: Ու այսօր հատկապես եվրոյով աշխատողները 25 տոկոսով ավելի քիչ են վարձատրվում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ այս շրջանում, արտարժույթի փոխարժեքով պայմանավորված, վնաս են կրում հատկապես խմիչք արտադրող-արտահանող ընկերությունները. «Ինչ վերաբերում է արտահանումը դադարեցնելու երևույթին, ապա այն մի քանի տեսակի է լինում: Օրինակ՝ գինը բարձրացնում ես, ու այլևս չի վաճառվում, և փաստացի արտահանումը կանգնում է: Երկրորդ՝ գինը բարձրացնում ես, գործընկերդ է հրաժարվում գնել, և դու ընդհանրապես չես վաճառում: Կարող են լինել նաև դեպքեր, երբ արտահանողը գինը բարձրացնի, գործընկերը համաձայնի այդ գնով ձեռք բերել, բայց վերջնական սպառողը չգնի ապրանքը: Ընդհանուր առմամբ, ով մի քանի շուկայով՝ ռուբլիով, դոլարով և եվրոյով է արտահանում իրականացնում, հիմա, բնականաբար, գերադասում է ռուբլիով ՌԴ արտահանել»:

Ի թիվս մի շարք ՀԿ-ների, միությունների, «Էքսպորտ Արմենիա» ասոցիացիան ևս շուրջ մեկ ամիս առաջ բաց նամակ էր հղել Կենտրոնական բանկին, էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարություններին։ Նրանք մասնավորապես արտահանողների համար շտապ սուբսիդավորման ծրագրեր ներդնելու, շտապ քայլեր ձեռնարկելու առաջարկ էին արել: Էմիլ Ստեփանյանից հետաքրքրվեցինք՝ արձագանքներ կա՞ն, թե՞ ոչ: «Գործնականում արձագանք չկա: Կան հրավիրելու, զրուցելու արձագանքներ, բայց դա գործողության չի վերածվում: Մենք ուղղակի ուզում ենք, որ ուշադրություն դարձնեն այն հանգամանքի վրա, ըստ որի, այսօր երկրի համար ողնաշար հանդիսացող, արտարժույթ բերող ճյուղերը շատ սարսափելի վիճակում են, և ոչ ոք չգիտի, թե այդ իրավիճակը որքան կշարունակվի: Բոլորս հույս ունենք, որ իրավիճակը դեպի աշուն կուղղվի, քանի որ փոքր շուկաները կախված են մեծ շուկաներից:

Այս դեպքում Հայաստանի տնտեսությունը կախված է Ռուսաստանի տնտեսությունից: Ամեն դեպքում, աշնան հատվածում ռուբլու թուլացում է պլանավորվում: Այնուամենայնիվ, պետությունը պետք է ձեռք մեկնի կարևոր ճյուղերին, և սա շատ լավ առիթ է, որ օժանդակության ծրագրեր մշակվեն և իրականացվեն: Առաջարկում ենք ոչ թե ուղղակի գումար տալ արտահանողներին, այլ հաշվի ենք առնում նաև այն հանգամանքը, որ Հայաստանում թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում արտադրողականության արդյունավետության, աշխատանքի ավտոմատացման, որակի կառավարման համակարգի, սարքավորումներով զինելու, վերազինելու խնդիրներ կան: Բազմաթիվ են խնդիրները, ու հաշվի առնելով, որ այսպիսի վատ վիճակ է՝ առաջարկում ենք պետական միջոցներ տրամադրել, որպեսզի, ի վերջո, արտահանող ընկերություններն ավելի մրցունակ դառնան»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով