Մինչ մարտահրավերները խորանում են, իշխանությունները «թիթեռ են նկարում». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է .«Մեր երկիրը շատ ծանր օրեր է ապրում, Հայաստանի առաջ ծառացած ներքին ու արտաքին խնդիրներն ավելի են խորանում ու բարդանում, սակայն իշխանություններն իրենց այնպես են պահում, որ տպավորություն է ստեղծվում, թե առանձնահատուկ ոչինչ չկա, ամեն ինչ իր հունով գնում է: Օրինակ՝ կառավարության նիստերի ժամանակ Փաշինյանը այնպիսի մանր ու անկարևոր հարցերի վրա է կենտրոնանում, ինչպես, օրինակ՝ թաքնված գովազդներն ու ճանապարհներին խաչեր տեղադրելու հարցերը, որ թվում է, թե մեզ համար անդարդ Լյուքսեմբուրգում ենք ապրում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնինչ, արտաքին և ներքին մարտահրավերների հանգուցալուծումը ահռելի ջանքեր ու գործողություններ են պահանջում։ Օրինակ՝ արտաքին մարտահրավերների շարքում շատ լուրջ նշանակություն ունի սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը։ Ի մասնավորի, այս համատեքստում հետաքրքրական է, որ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հայտարարեց, թե Հայաստանը պահանջել է, որ ադրբեջանական զորքերը դուրս գան սահմանամերձ շրջաններից, բայց իրենք հրաժարվել են։ Իսկ եթե ադրբեջանական զորքերը մնում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, ապա դա ենթադրում է, որ սահմանազատման ժամանակ փորձելու են ճնշում գործադրել, որպեսզի այդ տարածքները մնան իրենց վերահսկողության տակ։ Այսինքն, Հայաստանի տարածքային կորուստները շարունակական են լինելու։

Մյուս կողմից էլ՝ Փաշինյանն արդարացնում է Բերձոր քաղաքի ու շրջակա գյուղերի հանձնումն Ադրբեջանին այն կոնտեքստում, թե Հայաստանն Արցախին կապող միջանցքի համար նոր ուղի է կառուցվելու։ Նախ՝ հստակ ոչինչ հայտնի չէ, թե ինչքանով է անվտանգ լինելու նոր ճանապարհը, և ինչպես է ապահովվելու Արցախի անխափան կապը Հայաստանի հետ։ Եվ հետո՝ եթե նոր ճանապարհի երկայնքով հայկական բնակավայրեր չեն լինելու, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանը կարող է, օրինակ՝ այդ ճանապարհի երկայնքով բնակավայր կառուցել կամ զորամաս բացել, որպեսզի հոգեբանական ճնշում գործադրի, իսկ որոշ ժամանակ անց էլ մաքսակետ տեղադրելու փորձեր կատարի։ Բացի այդ, որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը Հայաստանի վրա նոր հարձակում չի սկսի՝ օգտվելով նրանից, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա։

Անգամ Հայաստանի արտգործնախարարը իր վերջին հարցազրույցում չէր բացառել նման սցենարը։ Հայաստանը հաշվարկե՞լ է արդյոք, թե նոր ներխուժման դեպքում ինչ քայլերի է դիմելու, ի՞նչ միջազգային երաշխիքներ կան։ Օրինակ՝ հույս են դնում նրա վրա, թե Իրանի պաշտոնական շրջանակների կողմից հայտարարություններ են հնչում, որ տարածաշրջանում սահմանների փոփոխությունն իրենց համար անընդունելի է։ Սակայն նման հայտարարությունները երաշխիք չեն, երաշխիքները պետք է պայմանագրային տեսք ստանան։ Անգամ ՀԱՊԿ-ի մասով որևէ երաշխիք չկա, որ կմիջամտի Ադրբեջանի ագրեսիայի դեպքում։ Եվ հարցն այն է, որ մինչև հիմա ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ-ից կոնկրետ հավաստիացումներ չեն կարողացել ստանալ։ Ինչ վերաբերում է ներքին մարտահրավերներին, ապա դրանք հիմնականում կապված են սոցիալական վիճակի բարդացման և ահռելի թանկացումների հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դոլարի փոխարժեքն իջել է, բայց էներգակիրները և այն ապրանքները, որոնք ներկրվում են դոլարով, շարունակում են թանկանալ։ Բացի դրանից, դոլարի արժեզրկման արդյունքում արտահանողները և ՏՏ ոլորտի ներկայացուցիչները լուրջ խնդիրների առաջ են կանգնած։ Նրանց եկամուտները նվազել են։ Եվ այս պայմաններում հայկական բիզնեսն ու ապրանքները կորցնում են իրենց մրցունակությունը։ Եվ եթե իշխանությունները նրանց աջակցելու հատուկ գործիքներ չկիրառեն, ապա արտահանողների և ՏՏ ոլորտի շատ սուբյեկտներ կարող են ուղղակի սնանկանալ։ Ուշագրավ է, որ իշխանություններն իրենց աշխատանքի արդյունքում ստեղծված բարենպաստ պայմաններին են վերագրում այն, որ մեծ թվով ՏՏ ոլորտի ռուս ներկայացուցիչներ ժամանել են Հայաստան ու այստեղից են իրենց աշխատանքները կազմակերպում, սակայն վերջին շրջանում նրանցից շատերը, տեսնելով ՀՀ-ում առկա խնդիրները, սկսել են հեռանալ երրորդ երկրներ կամ վերադառնալ Ռուսաստան։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունքում էլ ռուսական շուկայում վակուում է առաջացել, որը լցնելու հարցում հայկական ապրանքներն ու ծառայությունները կարող են մեծ պահանջարկ ունենալ, բայց պետությունը գրեթե ոչինչ չի ձեռնարկում հայկական արտադրությունը խթանելու և արտահանումը ակտիվացնելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, իշխանությունները չեն ցանկանում հրատապ միջոցներ ձեռնարկել առաջնահերթ պարենային ապրանքների արտադրությունը կազմակերպելու հարցում, որպեսզի Հայաստանը կախված չլինի արտաքին աշխարհում տեղի ունեցող զարգացումներից։ Կարճ ասած՝ ամենակարևոր հարցերը մնացել են առանց լուծման, իսկ իշխանությունները «թիթեռ նկարելով» են զբաղված։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

sixteen − twelve =