Մինչ այս պահը արցունքաբեր գազից եղբայրս չի տեսնում.«Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ պարեկային ծառայության ոստիկանները կանգնեցրել էին ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եղբոր՝ դատախազ Էդգար Պետրոսյանի մեքենան եւ պարզելով, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Պետրոսյանը մեքենան վարել է ոչ սթափ կամ, ինչպես իշխանական կայքերն էին գրել, հարբած վիճակում, արցունքաբեր գազ էին կիրառել ու բերման ենթարկել։ Էդգար Պետրոսյանը, ըստ պարեկների, չէր ենթարկվել նրանց օրինական պահանջներին, դիմադրել էր, ուստի նրան ուժով բերման էին ենթարկել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դատախազը ձերբակալվել էր։ Սակայն որոշ ժամանակ անց նրան ազատ էին արձակել՝ հարուցելով Դանիել Իոաննիսյանի վրդովմունքը։ Դատախազությունը, պարզվեց, համարել է, որ Պետրոսյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ։ Դանիել Իոաննիսյանը, որը, թվում է, ոչ մի կարգավիճակ չունի այս հարցում, շահագրգիռ կողմ չէ, պաշտոնյա չէ, պարեկային ծառայության աշխատող չէ, սակայն պարեկային ծառայության «պապան» է, ծանր է տանում, երբ պարեկների «խաթրին» դիպչում են։

Թե իրականում ինչու է Դանիել Իոաննիսյանն այսքան ներգրավված պարեկների աշխատանքներում, ինչու է իր «քիթն» անվերջ խոթում նրանց աշխատանքի մեջ, պարզ չէ։

Իսկ թե ինչ է տեղի ունեցել իրականում, փորձեցինք պարզել նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից, որի անունն այս միջադեպի առումով շատ շահարկվեց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Պարոն Պետրոսյան, Ձեր եղբոր մասնակցությամբ հայտնի միջադեպից հետո Դանիել Իոաննիսյանը բավականին զայրացել է եւ բարձրագոչ հայտարարություններ է անում՝ հիշատակելով Ձեր անունը: Ինչո՞ւ է նա այսքան ներգրավված պարեկների հետ կապված աշխատանքներին:

– Դե, հավանաբար, պարեկների մեջ սիրեկաններ ունի: Իրականում առանձնապես մեծ դեպք տեղի չի ունեցել: Գործի քննությունն ընթացքի մեջ է, եւ, հավանաբար, պարեկների շրջանում կլինեն որոշ կալանավորումներ, որովհետեւ նրանցից ոմանք իրենց լիազորությունները գերազանցել են: Դանիել Իոաննիսյանն անձնական նկատառումներով անհիմն կերպով խառնվում է այնտեղ, որտեղ ընդհանրապես չպետք է խառնվի: Նա այնքան հեռու է իրավաբանությունից, այնքան անգրագետ է, որ կանգնում ասում է` մոռացել էի դիմակ դնել, առանց դիմակի մեքենա եմ վարել, ապա ոստիկաններին ասել եմ, որ ինձ տուգանեն, էլ ի՞նչ եք սպասում այդ մարդուց: Դա նույնն է, թե մի օր վեր կենաս-գնաս ոստիկանություն ու ասես` հինգ օր առաջ հարբած վիճակում մեքենա եմ վարել, խնդրում եմ ինձ տուգանեք: Սա խոսում է նրա իրավագիտակցության մասին: Հիմա էլ առանց ամաչելու իրեն իրավապաշտպան է հռչակել, նրա պաշտպանած իրավունքն ի՞նչ պետք է լինի: Այդպիսի մարդուց ամեն ինչ սպասելի է:

– Նշում եք, որ պարեկներից ոմանք գերազանցել են իրենց լիազորությունները եւ հնարավոր է ձերբակալվեն: Կոնկրետ ի՞նչ նկատի ունեք:

– Առանց անհրաժեշտության անհամաչափ ուժ են կիրառել: Արցունքաբեր գազ են օգտագործել, եւ մինչ այս պահը եղբայրս չի տեսնում: Ու ինչի՞ համար` հոծ գիծը հատելու: Եղբայրս միջոցառման է եղել, ճանապարհին վատ է զգացել, մտել է դեղատուն եւ «Էսկարդ» հանգստացնող դեղամիջոց գնել, «Էսկարդի» մեջ կա նաեւ ալկոհոլային մաս: Դրա հիման վրա եղբորս հետեւից եկել են, եղբայրս էլ ասել է՝ եկեք իմ հետեւից տուն, ես ինձ վատ եմ զգում: Սրանք էլ իրենց հերթին զանգել ու չորս լրացուցիչ ոստիկան են կանչել, եկել են ու բակում` երեխաների աչքի առաջ, անգամ ձայնագրություններ կան, զոռով տարել են բաժին, ուժ կիրառել եւ այլն: Դանիել Իոաննիսյանը հիմա խրախճանքի մեջ է, որ Գեւորգ Պետրոսյանի եղբորը կարողացել է ցավ պատճառել, այդքան մի բան:

– Իսկ Ձեր հանդեպ այդ անթաքույց ատելությունն ինչո՞վ է պայմանավորված:

– Պայմանավորված է նրանով, որ ես միշտ հանդես եմ եկել իր անգրագիտությունների մասին խոսելով: Անգամ ինձ դատի է տվել, այս պահին գործը վերաքննիչ դատարանում է: Իբր թե ես իր պատիվն ու արժանապատվությունն եմ վիրավորել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով