Ի՞նչ է կատարվում հայ-թուրքական սարդոստայնում.Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար  Արտակ Զաքարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Վերջին օրերին ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում հայ-թուրքական զարգացումներում: Թուրքիայի նախագահ Էրդողանը, արտգործնախարար Չավուշօղլուն, իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը իրար հաջորդող հայտարարություններով Հայաստանից ակնկալում են կոնկրետ քայլեր, ինչն ըստ իրենց՝ Հայաստանը չի անում: Կոնկրետ քայլերի մասով երեքն էլ չեն թաքցրել իրենց պահանջները, կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ: Նույնիսկ նշել են, որ Ադրբեջանը Թուրքիայի համար “կարմիր գիծ” է, և եթե Հայաստանը չբավարարի Ադրբեջանի պահանջները՝ հայ-թուրքական հարաբերություններն առաջ չեն գնա:
Հայաստանից ակնկալվող ադրբեջանական պահանջները հստակ են. Սյունիքով միջանցք դեպի Նախիջևան, “խաղաղության” համապարփակ համաձայնագրի ստորագրում և վերջնական հրաժարում Արցախից, Բանակ ըստ էության չունենալ, սահմանազատման արագացում և այսպես կոչված անկլավների վերադարձ (այսինքն՝ Հայաստանի մի շարք տարածքներ տալ Ադրբեջանին):
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն, ըստ պաշտոնական հաղորդագրության, գովել է Նիկոլին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված դրական դինամիկայի և կոնկրետ համաձայնությունների համար: Թե ի՞նչ կոնկրետ համաձայնությունների մասին է խոսքը, ոչ մի տեղ հրապարակային չի նշվում: Պետքարտուղար Բլինքենը ողջունել է նաև ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների թբիլիսյան հանդիպումը, որն ըստ Վրաստանի արտգործնախարարի՝ ավարտվել է առանց հստակ արդյունքների:
Ի՞նչ է կատարվում հայ-թուրթական հարաբերություններում, և ինչի՞ հաշվին է Արևմուտքն այսպես հապճեպ ցանկանում առաջ մղել այն, մնում է միայն գլխի ընկնել: Հայաստանի պետական, քաղաքական, քաղաքագիտական միտքն ըստ էության չի անդրադառնում այս հույժ կարևոր խնդիրներին: Չկա բավարար ինֆորմացիա՝ վերլուծությունների համար: Չեն արվում ո՛չ անվտանգային, ո՛չ տնտեսական, ո՛չ դեմոգրաֆիական, ո՛չ էլ ռեգիոնալ նշանակության վերլուծություններ, որոնք վեր կհանեն Հայաստանին ու Արցախին ուղղված սպառնալիքներն ու ենթադրյալ “հնարավորությունները”: Սա ռեգիոնալ նշանակության գլոբալ խաղ է, որն իրականացվելու է բացառությամբ Հայաստանի հաշվին, բայց ի՞նչ է շահելու Հայ Ժողովուրդը, բացի տեսանելի կորուստներից՝ պարզ չէ:
Նիկոլի և իր կապիտուլյացված խունտայի ակնհայտ վախեցած լռությունը, ինչպես նաև աշխարհագրական ծուղակում հայտնված Հայաստանի անկարող բացակայությունն իրեն վերաբերող գործընթացներում՝ խոսում է այն մասին, որ մեզ բոլորիս սպասվում է նոր կապիտուլյացիա: Այն շանթի պես մի օր որոտալու է հայ ժողովրդի գլխին և ստանալու ենք մեր մեջքի հետևում ստորագրված նոր հակահայկական փաստաթուղթ:
Ըստ տարածվող շշուկների, Նիկոլը ստիպված է գնալ այդ քայլին և այլընտրանք չունի: Իսկ հուսահատ հայտարարությունները, որ Հայաստանը չի քննարկելու միջանցքային տրամաբանության հարցեր, դեռևս ոչինչ չեն նշանակում, որովհետև չորս կողմից եկող տեղեկատվական հոսքերը հակառակի մասին են խոսում:
Կապիտուլյանտը կդիմանա՞ արդյոք միջազգային ճնշումներին և կկարողանա՞ դուրս գալ իր խղճուկ իշխանությունը երկարաձգելու հաշվարկով ինքնակամ սկսած բարդ խաղից՝ դժվար է ասել: Հայաստանի հաշվին սկսված խաղն այնքան մեծ խաղադրույքներ ունի, որ ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը և ո՛չ էլ Թուրքիան անհրաժեշտ պահին չեն պահի Նիկոլին և առաջին զոհը հենց Նիկոլի կապիտուլյանտ իշխանությունը կլինի:
Հայաստանի ու Նիկոլի միակ փրկությունը հայկական ընդդիմության միասնականության մեջ է: “Դիմադրություն” շարժումն առաջիկայում մեծ և շատ կարևոր անելիք ունի՝ ի նպաստ Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայ ժողովրդի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

15 + fifteen =