Գեղարքունիքի մարզպետը կարող է զրկվել վարորդական իրավունքից. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը անցած կիրակի՝ Վարդավառի օրը, ոչ սթափ վիճակում երկու անգամ վթարի պատճառ է դարձել, նախ՝ Դիլիջանում, ապա Սեւանի ճանապարհին, սակայն նա մինչեւ այժմ շարունակում է պաշտոնավարել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Ոստիկանության լրատվական ծառայություն՝ հասկանալու համար, թե ոստիկանությունն ինչ իրավախախտում է արձանագրել մարզպետի գործողություններում, եւ ինչ է արվել: Ի պատասխան՝ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ անձի վերաբերյալ տեղեկատվություն չեն տրամադրում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մարզպետի գործողությունների մասով քրեական վարույթ չի նախաձեռնվել, այսինքն՝ մարզպետին քրեական պատասխանատվության չեն ենթարկի, փոխարենը, մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշել են Կարեն Սարգսյանի մասով վարչական իրավախախտման գործընթաց սկսել՝ նրան զրկելով վարորդական իրավունքից:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ մարզպետ Կարեն Սարգսյանից պաշտոնապես պարզել, թե արդյոք նրան զրկում են վարորդական իրավունքից, թե ոչ, սակայն վերջինս համառորեն չպատասխանեց ո՛չ մեր զանգերին, ո՛չ հաղորդագրություններին։ Նկատենք՝ եթե նրան վարորդական իրավունքից զրկելու գործընթաց է սկսվում, նշանակում է՝ հաստատվել է, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել ղեկին, իսկ այս դեպքում նա առնվազն պետք է հրաժարական տա խմած մեքենա վարելու, վթարի պատճառ դառնալու համար։ Սա թերեւս կլիներ նախկինում, երբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կպահանջեր Կարեն Սարգսյանի հրաժարականը:

Հիշեցնենք, որ, հեղափոխությունից շատ չանցած, վարչապետի ընտանիքն ու իշխանությունը դեռ շոու էին անում, թե պահում են օրենքները. 2020 թվականին Աննա Հակոբյանը տուգանվել էր իր անչափահաս դստերը ամառանոցի տարածքում մեքենայի ղեկը վստահելու համար: Երկու տարի անց իրավիճակ է փոխվել, եւ այժմ մարզպետ Կարեն Սարգսյանին կարող են պատժել՝ միայն վարորդական իրավունքից զրկելով, սակայն նա կշարունակի պահել իր պաշտոնը, վարորդականն էլ հետ կտան թերեւս կարճ ժամանակ անց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

two × four =