33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարցի քննարկումը 1 շաբաթով հետաձգվել է՝ ընդդիմադիր պատգամավորների բացակայության պատճառով

 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հուլիսի 14-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ: Նիստի օրակարգում եղել է «ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» հարցը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում՝ քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում:

«Ազգային ժողովի 8-րդ գումարման 2022 թվականի առաջին օրացուցային կիսամյակի նիստերի քվեարկություններին պատգամավորների մասնակցության վերաբերյալ» տեղեկանքի համաձայն՝ 33 պատգամավոր անհարգելի բացակայել է վերոնշյալ ժամանակահատվածում տեղի ունեցած քվեարկությունների առնվազն կեսից: ԱԺ նախագահը հայտնել է, որ անհարգելի բացակայած պատգամավորները պատշաճ տեղեկացվել են վերոնշյալ հարցով խորհրդի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ: Ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության ղեկավարը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը, խորհրդի անդամներին ուղղված գրությամբ, հայտնել են, որ հրաժարվում են մասնակցել խորհրդի նիստին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով եւ վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով