Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ բարերար և հասարակական գործիչ Ֆլորա Գալուստյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ բարերար և հասարակական գործիչ Ֆլորա Գալուստյանի մահվան կապակցությամբ.
Այս մասին  տեղեկացնում  է  ՀՀ նախագահի աշխատակազմը:
«1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժն ու 1990 թվականին այցելությունը Հայաստան արմատապես փոխեցին Ֆլորա Գալուստյանի կյանքը։
Այդ այցելությունից ի վեր Ֆլորա Գալուստյանի ամբողջ գործունեության առանցքում Հայաստանն էր, իսկ նպատակը՝ անել ամեն հնարավորը ի նպաստ Հայաստանի զարգացման և սփյուռքում հայապահպանության։ Այդ նպատակի իրագործման համար 1995 թվականին մի խումբ աջակիցների հետ նա ստեղծեց Հայոց լեզվի պահպանության ֆոնդը։
Հայ մշակույթի հանրահռչակման և հայապահպանության գործում թերևս չկա մի ոլորտ, որտեղ հնարավոր կլինի գերագնահատել Ֆլորա Գալուստյանի դերը։
Ընդամենը տասն օր առաջ Ֆլորա Գալուստյանը կրկին Հայաստանում էր՝ նոր ծրագրերով ու նախաձեռնություններով։ Ցավոք, այդ այցելությունը վերջինն էր նրա հայրենանվեր կյանքում։ Վստահաբար, նա Հայաստանից մեկնեց՝ իր սրտում տանելով ողջ հայ ժողովրդի սերը։
Իմ և ամբողջ հայ ժողովրդի անունից խորապես ցավակցում եմ Ֆլորա Գալուստյանի ընտանիքին ու հարազատներին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով