Փաշինյանի հերթական շանտաժն ու խաբեությունը. Արթուր Խաչատրյան

 

 ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ազգային ժողովում Փաշինյանը երեկ հայտարարեց․ «Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ «խաղաղության օրակարգը» հաջողություն կունենա»։ Նա նաև ընդունեց, որ «սա վտանգներով, կորուստներով ուղեկցվող ճանապարհ է»։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ պետք չէ գնալ մի ճանապարհով, որը վտանգներ ու կորուստներ է ենթադրում, մանավանդ, որ վստահ չես, որ այդ ճանապարհով հնարավոր է հասնել ցանկալի եզրակետին։ Սակայն գերագույն գլխավոր մեղավորն ու պատասխանատուն շարունակում է․ «Հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի կործանման»։

Փորձենք «ընկալելի» լեզվի թարգմանել Փաշինյանի՝ երեկվա խորհրդավոր ելույթը։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան խաղաղություն չբերեց, չբերեց նույնիսկ հրադադար։ Սրա վկան են մեր շարունակվող մարդկային ու տարածքային կորուստները, Ադրբեջանի՝ գնալով ավելի լկտիացող պահվածքն ու առավել ստորացուցիչ պահանջները, ամեն վայրկյան պատերազմ վերսկսվելու վտանգը։ Փաշինյանը փորձում է հասարակությանը համոզել, որ այս ամենը կվերջանա, եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի։ Սակայն նա քաջատեղյակ է, որ «խաղաղության» գինն Արցախն է։ Արցախն է այն կորուստը, որին Փաշինյանը պատրաստում է հայ ազգին Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և Սփյուռքում։ Այս հարցում որևէ նորություն չկա։ Փաշինյանը շարունակում է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու՝ իր քաղաքականությունը։ Դա հիմնավորում է իրականության հետ ոչ մի աղերս չունեցող փաստարկ-պնդումներով, փաստերի յուրօրինակ մեկնաբանություններով և բացահայտ ստերով։ Սակայն Փաշինյանը երեկ խոսեց երաշխիքների մասին։ Նույնիսկ եթե Հայաստանն իջեցնի Արցախի կարգավիճակի նշաձողը, ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի։ Իսկ Ադրբեջանի պահանջները հայտնի են՝ առնվազն «զանգեզուրյան միջանցք» (կամ նույնիսկ միջանցքներ), Ադրբեջանական ՍՍՀ անկլավների վերադարձ։ Այսպիսով, կապիտուլյանտը երեկ բացեիբաց խոսեց ոչ միայն Արցախի կարգավիճակի, այլև նոր տարածքային զիջումների մասին։

Իսկ ինչպե՞ս է նա հիմնավորում այս զիջումների անհրաժեշտությունը․ «Հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի կործանման»։ Այսինքն՝ եթե չհամաձայնենք Ադրբեջանի պահանջներին, կկորցնենք ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Հայաստանը։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պարզ շանտաժ՝ «եթե մի մասը չտանք, կկորցնենք ավելին»։ Այս մոտեցումը Փաշինյանը փորձարկեց դեռևս նոյեմբերի 9-ի լույսի 10-ի ուշ գիշերվա իր ուղերձում։ Հիշո՞ւմ եք՝ «եթե կրակը չդադարեցնեի, շրջապատման մեջ կհայտնվեր 20,000 հոգի»։ Ի դեպ, 20,000-ը վերջում դարձավ 35,000։ Թողնենք այն ողջամիտ կասկածն առ այն, որ պատերազմի թատերաբեմում մենք այդքան զորք ենք ունեցել, բայց փաստենք, որ Փաշինյանի շանտաժն անցավ։ Հետո հիշենք նրա բացատրությունը Շուռնուխը ադրբեջանցիներին հանձնելու վերաբերյալ՝ «եթե զորքերը Շուռնուխից ետ չքաշեինք, Հայաստանը կանգնելու էր ավելի լուրջ անվտանգային խնդրի առջև»։ «Ավելին չկորցնելու համար քիչը զիջենք» արդարացումով մենք մաս-մաս զիջեցինք Արցախի մեծ մասը, Գորիս-Կապան ճանապարհը, Սև լճի մի հատվածը, Շորժայից մի հատվածը, Իշխանասարի մի մասը, Ներքին Հանդի մի մասը, իսկ հիմա էլ կանգնած ենք Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ (Լաչինի միջանցք) ճանապարհը կորցնելու վտանգի առջև։ Իսկ եթե Արցախը հանձնվի Ադրբեջանի ենթակայությանը, կկորցնենք նաև ամբողջ Արցախը։ Կորցնելով Արցախը՝ կփակենք մեր պատմության վերջին էջը։ Այսպիսով՝ Փաշինյանի շանտաժի ու սպառնալիքի քաղաքականության վախճանը հայրենիքի կորուստն է։ Շատ կոսմոպոլիտ ՔՊ-ականների դա գուցե չհուզի էլ։ Նրանց համար հայրենիքը կարևոր չէ, կարևոր է երջանկությունը։ Այնպես որ՝ եթե երջանիկ չլինես Երևանում, կարող ես երջանիկ լինել Փարիզում։ Ուղղակի նրանք մոռանում են, որ հայրենիք ունեցող ֆրանսիացին շատ ավելի երջանիկ է, քան անհայրենիք գնչուն։ Մոռանում են, թե՞ նրանց նպատակը ոչ թե երջանկությունն էր, այլ Հայաստանի կործանումը․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե այս ողբերգական իրականության պատասխանատվությունն ու մեղքն այլոց ուսերին չդներ։ Նա խոսում է տարբեր ժամանակներում քննարկված ինչ-որ սխեմաների ու սկզբունքների մասին՝ միասնական պետություն, Մեղրի-Լաչին փոխանակում, Մադրիդյան սկզբունքներ և այլն, սակայն խորամանկորեն չի անդրադառնում այն տրիվիալ ճշմարտությանը, որ բանակցել ինչ-որ մոտեցման շուրջ և համաձայնել այդ մոտեցմանը՝ լրիվ տարբեր բաներ են։ Բանակցության օրակարգը ձևավորում են բանակցող կողմերն ու միջնորդները։ Այնպես որ՝ եթե հակընդդեմ կողմը կամ միջնորդները որևէ տարբերակ են առաջարկում, դու չես կարող կամակոր երեխայի նման ընկնել և ոտքերով ու բռունցքներով խփել գետնին։ Պետք է բանակցես ու այդ հարցը հանես օրակարգից։ Այլապես դա կնշանակի բանակցային գործընթացի գիտակցված տապալում, որն էլ կնշանակի պատերազմ։ Ի դեպ, դա հենց այն էր, ինչ արեց Փաշինյանը։ Նաև չմոռանանք, որ բանակցությունների սեղանին դրված, նույնիսկ Ադրբեջանի կողմից ներկայացված ոչ մի լուծում այսքան ողբերգական հետևանք չէր ունենա հայության համար ինչ ունեցավ 44-օրյա պատերազմում մեր պարտությունը։ Եթե Փաշինյանը փակ աչքերով ընտրեր 30 տարում բանակցությունների սեղանին եղած տարբերակներից որևէ մեկը, միևնույն է, մեր վիճակը շատ ավելի բարվոք կլիներ, քան հիմա է։

Հնարավոր չէ չանդրադառնալ կարգավիճակի հարցի շուրջ բանակցելու՝ փաշինյանական մեկնաբանությանը։ Համաձայն Փաշինյանի՝ Հայաստանի նախկին իշխանությունները չէին առաջնորդվել «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» սկզբունքով, քանի որ անտեսել էին Արցախում 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեի արդյունքները և պատրաստ էին Արցախում անցկացվելիք նոր հանրաքվեի։ Չգիտես՝ խնդա՞ս, թե՞ լաս։ Արցախում հանրաքվե էր անցկացվել։ Հանրաքվեի արդյունքում Արցախն անկախություն էր հռչակել։ Բայց այդ հանրաքվեի արդյունքները և Արցախի անկախ կարգավիճակը միջազգային հանրությունը չէր ընդունել։ Որպեսզի աշխարհն ընդուներ Արցախի կարգավիճակը, առաջարկվում էր այն հաստատել «պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ»։ Այլ տարբերակ ուղղակի չկար։ Հայաստանը չէր կարող չբանակցել կարգավիճակի շուրջ՝ հղում կատարելով դեկտեմբերի 10-ի հանրաքվեին։ Դա կնշանակեր բանակցությունների վիժեցում և պատերազմ։ Այսինքն՝ այն, ինչ տեղի ունեցավ Փաշինյանի օրոք։

Հ․Գ․ Փաշինյանը ոգևորության պահին Դաշնակցությունը կոչեց Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի «արբանյակ»։ Դաշնակցությունը երբեք որևէ մեկի արբանյակ չի եղել։ Մենք միշտ եղել ենք ինքնուրույն քաղաքական մեր ուրույն մոտեցումներով։ Սա վերաբերվում է նաև այն ժամանակահատվածին, երբ եղել ենք կառավարող կոալիցիայի անդամ (1999 – 2009 և 2016 – 2018 թվականներին): Բավարար է հիշել Դաշնակցության դիրքորոշումը «ֆուտբոլային դիվանագիտության» վերաբերյալ։ Իսկ ո՞ւմ արբանյակն ու հոգեզավակն է եղել Նիկոլ Փաշինյանը, բոլորին է հայտնի։ Ի դեպ, ոմանք zoxovrti varcapetin կասկածում են ոչ միայն «արբանյակ» այլև «պրոյեկտ» լինելու մեջ․․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

fifteen + sixteen =