Լոռու մարզում փորձել են թալանել բանկերից մեկի մասնաճյուղը, երբ փորձել են բացել դրամապահոցը, միացել է ազդանշանը

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լոռու մարզում, այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 02:20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի պահպանության բաժնի ծառայողը ահազանգել է ոստիկանության Թումանյանի բաժին և հայտնել, որ Ալավերդ քաղաքում Հայաստանում գործող բանկերից մեկի՝ «Թումանյան» մասնաճյուղի  անվտանգության ահազանգման համակարգը միացել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ անձը կամ անձինք բանկի մուտքի դուռը բացել են դրսի հատվածից և դրամապահոցի համար նախատեսված սենյակում քանդել են առաստաղը։

Կայքի տեղեկություններով՝ նշված բանկի մասնաճյուղի այդ հատվածը եղել է չբնակեցվող և առանց հսկողության թողնված։ Այն մասնաշենքի 2-րդ հարկն է, որտեղ պանելային հատակը շուրջ 30 սմ տրամագծով տեխնիկական միջոցների գործադրմամբ քանդել են և մուտք գործել դրամապահոցի սենյակ,  փորձել մետաղյա լիգանման առարկայով բացել դրամապահոցի դուռը։ Հավանաբար, երբ զգացել են, որ միացել է ազդանշանը, ոչինչ չգողանալով՝ դիմել են փախուստի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով