Կրկին հիշում եմ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանին հանձնվող տարածքներ վերջին օրերին մեկնած ուխտավորների տեսանյութերը.Աշոտյան

Կրկին հիշում եմ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանին հանձնվող տարածքներ վերջին օրերին մեկնած ուխտավորների տեսանյութերը։Այս մասին  գրառում  է արել  ՀՀԿ  ԳՄ  անդամ,փոխնախագահ   Արմեն  Աշոտյանը:
Մարդիկ աչքերով ուտում էին հայրենի սար ու ձորը։
Մարմնի յուրաքանչյուր բջիջում փորձում էին պահեստավորել Հայրենիքի թթվածինը, որ ագահորեն ներս էին քաշում ու չէին կշտանում։
Հայացքներով չէին հագենում երկնագույն երկնքից, ականջներով ներծծում էին գետերի եւ առուների քչքչոցը, ճաքած շրթունքներով համբուրում էին տներն ու սրբավայրերը, ժայռերն ու երեխայի պես խնամված-աճեցրած ծառերը։
Մեկը որպես մասունք հող էր բերում, մյուսը՝ գետերի ջուրը, երրորդը՝ ծառից ճյուղ էր կտրում մի նոր բակում պատրուս անելու հույսով…
Սեր էր ու ցավ։
Հայրենազրկում։
Պատվազրկում։
Որակազրկում։
Հողը կարող է նորից քոնը դառնալ, եթե նրա մասին մտածում ես որպես Հայրենիք, եթե սիրում ես՝ որպես նպատակ, եթե պատրաստ ես՝ որպես առաքելություն։
Բայց ամենից առաջ պիտի ապացուցես ինքդ քեզ եւ աշխարհին, որ ԱԶԳ ես, եւ ոչ՝ պոպուլյացիա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով