Իրավիճակը փակուղային է, բայց կա ելք՝ միակ ելք. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է«Արցախյան հիմնահարցի շուրջ գործընթացները թևակոխել են մի այնպիսի փուլ, որի գոնե երևացող հատվածում շարունակությունը հայկական կողմի համար որևէ դրական ելք չի խոստանում։ Ըստ էության, եթե 2020 թվականի պատերազմից առաջ Ադրբեջանը հրաժարվում էր ընդունել Արցախի՝ որպես անկախ պետության գոյությունը, ապա հիմա հայտարարում է, թե ընդհանրապես «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն գոյություն չունի։ Զուգահեռաբար ՀՀ իշխանություններն էլ անընդհատ զիջումների ճանապարհով են շարժվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե 2021 թվականի հունիսի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում Փաշինյանը խոսում էր Արցախի անկախության և «անջատում հանուն փրկության» սկզբունքի իրականացման անհրաժեշտության մասին, հիմա արդեն այս սկզբունքին փոխարինելու եկավ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման կոնցեպցիան։ Իսկ սա փաստացի նշանակում է, որ ՀՀ իշխանությունները հրաժարվում են Արցախի ինքնորոշման գաղափարից և այդ ամենը քողարկում են այն մոտեցման շրջանակներում, թե Արցախի հարցը տարածքային հարց չէ, այլ իրավունքի։

Սակայն բոլորի համար է պարզ, որ Արցախի հարցը ամենից առաջ տարածքային հարց է, քանի որ այնտեղ ապրող հայության կենսագործունեության համար անհրաժեշտ անվտանգության գոտի է պետք, մյուս կողմից՝ Արցախը պատմականորեն միշտ եղել է հայկական, ինչն անվիճելի է։ Սակայն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Փաշինյանը Ադրբեջանին հանձնեց ոչ միայն անվտանգության գոտի համարվող շրջանները, այլև Շուշին ու Հադրութը։

Այսինքն, Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում Արցախն այսօր զրկված է կենսական տարածքներից և չի հայաթափվում միայն ռուս խաղաղապահների առկայության շնորհիվ, իսկ Հայաստանի հետ կապն ապահովվում է ընդամենը Լաչինի միջանցքով։ Հիմա էլ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, ըստ էության, ենթադրում են, որ կարող են ճանաչել Արցախի գոյությունն Ադրբեջանի կազմում, իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանը դրանից անմիջապես հետո կարող է պահանջել, որ ռուս խաղաղապահները լքեն տարածքը։ Հայաստանի իշխանությունների զիջողականության և անկարողության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ադրբեջանական զինված ուժերը մեկ տարուց ավելի գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ նրանց հետ շպրտելու կապակցությամբ որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Ավելին՝ Փաշինյանը խորհրդարանում խոստովանեց, թե ինքն է զորքերի հետ քաշման հրաման տվել, և առաջ քաշեց հայկական կողմի համար վտանգավոր հայելային հետքաշման գաղափարը։ Եվ այս իրողության պայմաններում Ադրբեջանը անընդհատ առաջ է քաշում հայկական կողմի համար անընդունելի պահանջներ, որոնց շարքում է, օրինակ՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բաքուն իր պահանջներն առաջ մղելու հարցում փորձում է օգտվել նաև իր համար բարենպաստ միջազգային իրադրությունից, մասնավորապես Եվրոպայում առաջացած էներգետիկ ճգնաժամից։ Եվ այս տեսանկյունից ուշագրավ է, որ ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները տեղի են ունենում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ այն պարագայում, երբ որ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների պայմաններում ԵՄ երկրները կարևորում են Ադրբեջանի նշանակությունը էներգառեսուրսների ներկրման գործում։ Այսինքն, ԵՄ-ն, շահագրգռված լինելով, որ Ադրբեջանը ավելացնի էներգակիրների մատակարարումը, կարող է ընդառաջ գնալ Բաքվի պահանջներին։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանին իր լիակատար աջակցությունն է ցույց տալիս Թուրքիան, որը պարբերաբար համատեղ զորավարժություններ է կազմակերպում և մարզում է ադրբեջանական զինծառայողներին։ Մեծ հաշվով, իր պահանջներն առաջ մղելու հարցում Ադրբեջանին որևէ խոչընդոտող հանգամանք չկա։

Պարզ է, որ Բաքվի պահանջների իրականացումը նշանակում է հայկական պետականության քայքայում, սակայն այլ հարց է, որ հայկական կողմն այս պահին ընդունակ չէ համապատասխան քայլեր ձեռնարկել Ադրբեջանի հավակնությունները զսպելու ուղղությամբ, իսկ Փաշինյանը հույսը դրել է միայն ժամանակի վրա։ Ուստի, բացառված չէ, որ Ադրբեջանը շուտով կարող է հրաժարվել Նիկոլ Փաշինյանի հետ որևէ օրակարգի շուրջ բանակցելուց՝ թերևս գիտակցելով, որ Փաշինյանը խաղադրույք է դրել միայն ձգձգելու վրա: Եվ այս պարագայում, եթե անգամ որևէ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվի, ապա միևնույնն է, հանգրվանի չի հասնելու, քանի որ Փաշինյանը երկար իշխանությունը պահել չի կարողանալու։

Եվ հաշվի առնելով այս հանգամանքը՝ առավել հավանական է դառնում նոր պատերազմի վտանգը, որը էլ ավելի ծանր պայմանների առաջ կարող է դնել հայկական կողմին։ Ուստի, պատահական չէ, որ վերլուծաբաններից շատերը այս պահին իրավիճակից դուրս գալու միակ ելքը տեսնում են Փաշինյանին շուտափույթ հեռացնելու մեջ։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

six − 2 =