ՀՀ կառավարությունը շարունակում է իրավիճակին հետևել դիտորդի կարգավիճակով

 

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, հիմնվելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների վրա, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
  • ՀՀ կառավարությունը շարունակում է իրավիճակին հետևել դիտորդի կարգավիճակով


ՌԴ քաղաքացիների, ինչպես նաև ՌԴ-ից կապիտալի ներհոսքը դեպի Հայաստան էական ազդեցություն է ունենում ՀՀ տնտեսության վրա, սակայն կառավարությունը որևէ գործողություն չի իրականացնում: Այսպիսի շոկի պայմաններում անհրաժեշտ է մի կողմից՝ բարելավել ՀՀ-ում աշխատել ցանկացող ՏՏ ոլորտի մասնագետների համար պայմանները, մյուս կողմից՝ չեզոքացնել տնտեսությունում որոշ ոլորտների (օրինակ՝ վերաարտահանման) գերաճը՝ հարկաբյուջետային գործիքների օգնությամբ: Նման գործողությունները կօգնեն իրավիճակից առավելագույն օգուտ քաղել՝ միաժամանակ պատրաստվելով իրավիճակի փոփոխությանը:

  • Ռուս-ուկրաինական հակամարտության դրական հետևանքները ՀՀ տնտեսության վրա կարող են ժամանակավոր լինել

    Տնտեսական ակտիվության ցուցանիշն էականորեն արագացել է մայիսին՝ դառնալով երկնիշ: Այսպիսի դրական զարգացումների պատճառը հիմնականում առևտրի և ծառայությունների աճն են, որոնք էլ իրենց հերթին պայմանավորված են ՌԴ-ից ՀՀ ժամանող և վճարունակ պահանջարկ ունեցող անձանց թվաքանակի կտրուկ աճով, ինչը, սակայն, կարող է ժամանակավոր գործոն լինել և իրավիճակի փոփոխության հետ արագ փոխվել հակառակ ուղղությամբ:

    Թեև արտահանման աճը զգալիորեն արագացել է՝ կազմելով 27.5%, սակայն այն չի համապատասխանում տնտեսական այլ ցուցանիշների աճերին

Արտահանման աճի տեմպի նմանատիպ արագացումը կարող է պայմանավորված լինել վերաարտահանման երևույթով: Այսինքն՝ որոշ ապրանքներ ներմուծվում են Հայաստան և վերաարտահանվում: Այսպիսի ենթադրության համար հիմք կարող է հանդիսանալ մի կողմից այն, որ արդյունաբերության աճը բավական ցածր է (ընդամենը 2.7%), ինչը ցույց է տալիս, որ ՀՀ-ում այդքան արտադրանք չի արտադրվում, մյուս կողմից այն, որ էապես արագացել է նաև ներմուծման աճը (ավելի քան 42% աճ): Ներմուծման աճի տեմպի էական գերազանցումը արտահանման աճին նշանակում է, որ առևտրային հաշվեկշիռը (արտահանման և ներմուծման տարբերությունը) շարունակում է վատթարանալ:

  Գների աճի արագացումը շարունակում է մնալ սոցիալ-տնտեսական իրավիճակը վատթարացնող և անորոշությունները մեծացնող գործոն

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գների աճի տեմպը մայիսին հասել է 9.0%-ի և կանխատեսվում է, որ հետագա ամիսներին կարող է շարունակել աճել: Բարձր գնաճը հանգեցնում է բնակչության սոցիալական խնդիրների սրմանը՝ իրական եկամուտների կրճատման արդյունքում: Բարձր գնաճի պայմաններում տնտեսավարողները ստիպված են լինում ճշգրտել աշխատավարձերը դեպի վեր, ինչը, սակայն, ՀՀ-ում տեղի է ունենում գնաճից ցածր տեմպերով։

 

  • Վերջին ամիսներին ՀՀ դրամի ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ էական արժևորումը կհանգեցնի ՀՀ ապրանքների գնային մրցունակության նվազմանը արտաքին շուկաներում

 

Տարեսկզբի համեմատ,  ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է շուրջ 15 տոկոսով, ինչն էապես նվազեցնում է արտահանվող ապրանքների մրցունակությունը արտաքին շուկաներում, հետևաբար բացասաբար է ազդում ՀՀ արտահանման վրա: Բացի այդ, արժևորված փոխարժեքի պայմաններում, ՀՀ ներքին արտադրողները չեն կարող մրցակցել նաև ներմուծողների հետ, ինչը կհանգեցնի տեղական արտադրանքի փոխարինմանը ներմուծվողով: Հետևաբար, փոխարժեքի նման մակարդակի պահպանումը միջնաժամկետում էական վնասներ կհասցնի տնտեսությանը:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հիմնադրամի պաշտանական կայքում հետևյալ հղումով՝ https://bit.ly/3QW4kiw ։

Աղբյուրը՝ «ԼՈՒՅՍ» տելեգրամյան ալիք

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

eighteen + eleven =