Հարազատ վայրեր եմ վերադարձել, այստեղ ինձ ամեն ինչ ծանոթ է եւ երբեք չեմ մոռանա Արարատ լեռը. Ղազախստանի Մաժիլիսի նախագահը՝ Ալեն Սիմոնյանի հետ զրույցում

 

Հունիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի գլխավորած պատվիրակությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ողջունելով գործընկերոջը՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նրան՝ Ղազախստանի Հանրապետության համար վճռորոշ օրերին Հայաստանում գտնվելու համար: «Երեկ Ձեր երկրում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրն էր, եւ այդ կարեւոր իրադարձությունից հետո Երեւան մեկնելը գնահատելի է»,-նշել է խորհրդարանի ղեկավարը:

Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության, կայունության օրակարգին: Նա շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը շարունակում է Հայաստանի համար կենսական նշանակություն ունենալ, եւ այն բնավ տարածքային վեճ չէ, ինչպես ներկայացնում է Բաքվի ղեկավարությունը, այլ տեղաբնակ հայ բնակչության իրավունքների հարց է: Ալեն Սիմոնյանը խնդրել է ղազախ գործընկերոջն իր ներդրումն ունենալ ԼՂ-ին վերաբերող մարդասիրական եւ խաղաղարար հարցերի լուծման գործում:

Կողմերը դրական են գնահատել ավանդական բարեկամության եւ փոխըմբռնման վրա հիմնված հայ-ղազախական բազմակողմ հարաբերությունների մակարդակը: Նրանք ընդգծել են Հայաստանի եւ Ղազախստանի օրենսդիր մարմինների առանձնահատուկ դերը՝ հաշվի առնելով, որ հայ-ղազախական քաղաքական հարաբերությունները շարունակում են զարգանալ աճող տեմպերով: Երկուստեք կարեւորվել են միջազգային ասպարեզում փոխգործակցությունը եւ միջազգային կազմակերպություններում ակտիվ մասնակցությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մաժիլիսի նախագահը նշել է, որ Խորհրդային Միության տարիներին Հայաստանում է անցել իր զինվորական ծառայությունը՝ հավելելով, որ հարազատ վայրեր է վերադարձել, այստեղ իրեն ամեն ինչ ծանոթ է եւ երբեք չի մոռանա Արարատ լեռը: Երլան Կոշանովը ներկայացրել է Ղազախստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն՝ նշելով, որ դա մեկ քայլ առաջ էր ժողովրդավարության ճանապարհին: Նա շնորհակալություն է հայտնել սահմանադրական հանրաքվեին Հայաստանի կողմից գործուղված դիտորդական առաքելության համար: Մաժիլիսի նախագահը գոհունակություն է հայտնել, որ ընտրվելուց հետո իր առաջին միջպետական այցը եղել է հենց Հայաստան:

Ղազախ գործընկերն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ղազախստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացին նոր հնարավորություններ է բացում առեւտրատնտեսական համագործակցության համար՝ արձանագրելով, որ այսօրվա ցուցանիշները չեն արտացոլում իրական հնարավորությունները, առավել եւս, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ղազախստանում կան հեռանկարային փոխընդունելի նախագծեր, որոնք կարելի է փոխշահավետ իրականացնել:

Երլան Կոշանովը Ալեն Սիմոնյանին պաշտոնական այցով հրավիրել է Ղազախստան:

Կողմերը խոսել են առարկայական պայմանավորվածություններ ձեռք բերելու անհրաժեշտությունից, ինչին կանդրադառնան այսօրվա ՀԱՊԿ ԽՎ նիստից հետո:

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ղազախ պատվիրակները շրջել են ԱԺ շենքում, եղել նիստերի դահլիճում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով